Հա

Քաղաքական

09/06/2021 - 12:40

«Փաշինեանը հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանութիւնը եւ փորձում է երկիրը տանել ներքին բախումների, նա ուզում է կրկնել «Մարտի 1»-ը»․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբը» յօդւած է հրապարակել, որում անդրադառնում է երկրում ստեղծւած իրավիճակին։ Յօդւածում նշւում է, որ Նիկոլ Փաշինեանը հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանութիւնը եւ փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Յօդւածը կարդացէք ստորեւ։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խումբը» յօդւած է հրապարակել, որում անդրադառնում է երկրում ստեղծւած իրավիճակին։ Յօդւածում նշւում է, որ Նիկոլ Փաշինեանը հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանութիւնը եւ փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Յօդւածը կարդացէք ստորեւ։

Նախընտրական քարոզարշաւի երրորդ օրն է ընդամէնը, բայց այն ընթանում է Նիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանութիւնը եւ փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Կայ տպաւորութիւն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշւի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել «Մարտի 1»-ը։ Նա այսօր ցուցմունք է տալիս, թէ ինչպէս է 2008-ին կազմակերպել «Մարտի 1»-ը։

Այսօր խնդիրը նրա ձեռքը բռնելն է։ Դա պէտք է անենք բոլորովս։ Չի կարելի թողնել այդ գործը ինչ-որ մէկի վրայ։ Կեանքը ցոյց է տալիս, որ նրանք, ովքեր պարտաւոր են դա անել՝ դատախազ, իրաւապահներ, ուժայիններ, ԱԺ, քաղհասարակութիւն եւ այլն, չեն անում։ Առանձին-առանձին չեն անում, բայց միասնականօրէն դա անել հնարաւոր է։ Բռնել դրա ձեռքը, թոյլ չտալ, որ տանի արիւնահեղութեան։

Քարոզարշաւի առաջին երկու օրերի նրա բացայայտ յայտարարութիւնները եւ վարքագիծը դա են վկայում՝ վրէժ, վենդետա, կադրային ջարդ, բոլորին պատժելու ենք եւ նմանատիպ արտայայտութիւնները, որ անում է նա համայնքից համայնք, ելոյթից ելոյթ, վկայում են, որ նրա սիրտը նոր «Մարտի 1» է ուզում, նոր արիւն։ Նրա համար արիւնն իր գործունէութեան կոմֆորտ միջավայրն է։

Փաշինեանը շատ լաւ հասկանում է, որ ՔՊ-ի եւ անձամբ իր ռէյտինգն օրէցօր ընկնում է, եւ իշխանութեան մնալու վերջին յոյսը քաղաքացիական պատերազմն է, եւ նա ամէն կերպ փորձելու է հասնել դրան, ինչպէս ամէն կերպ հասաւ դրան 2008թ. «Մարտի 1»-ին՝ չլսելով անգամ ամենամտերիմների յորդորները։

Մեծ հաշւով, սա նման է մի իրավիճակի, երբ յանցագործը վերարտադրում էր իր յանցանքը։ Եւ եթէ «Մարտի 1»-ին քաղաքական պատասխանատւութիւնն իշխանութեանն էր, որը չարեց առաւելագոյնը՝ դեռեւս յունւար-փետրւարին հետագայ զարգացումները կանխելու ուղղութեամբ, ապա իրաւական մեղաւորութիւնը Փաշինեանինն էր, որի հոգին փառաւորւում էր, երբ իր կողմից ուղղորդւող մարդիկ ոստիկանների ձեռքից վահաններ եւ մահակներ էին վերցնում, եւ կոչ էր անում նրանց՝ զինւել քարերով ու փայտերով։ Հիմա՝ տարիների հեռւից, երբ երկիրն ունի, ցաւօք, «փաշինեանական» մեծ փորձ, այդ զարգացումների ընթացքը շատ աւելի պարզ է հասկացւում։

Յոխորտալով քաղաքացիական վրէժի, քաղաքական վենդետայի եւ կադրային ջարդերի մասին, Փաշինեանը նմանւում է անկիւն քշւած կենդանու, որն անում է իր վերջին ճիգերը, որոնք սակայն կարող են ճակատագրական լինել երկրի, հանրութեան եւ նաեւ իր կողքին կանգնողների համար, քանի որ նա դեռ իր ձեռքերում միանձնեայ կենտրոնացած է պահում որոշակի պետական ռեսուրսներ։ Անգամ ամենաթոյլ իշխանութիւնը, որը տիրապետում է կենտրոնացւած ռեսուրսների, կարող է լուրջ վնասներ հասցնել երկրին եւ ժողովրդին։ Փաշինեանը յամառօրէն շարունակում է ժողովրդին այդ վնասները հասցնել հէնց ժողովրդի անունից՝ նոյնիսկ այս իրավիճակում պատասխանատւութիւնն իր վրայից դնելով իրեն վստահող եւ հաւատացող մարդկանց վրայ։

Նորմալ երկրում, աշխատող իրաւապահ համակարգ ունեցող երկրում նա արդէն վաղուց մեկուսացւած կը լինէր, պետական համակարգի աշխատողները վաղուց արդէն տարանջատւած կը լինէին երկիրը հետեւողականօրէն փլուզողից։ Նորմալ երկրում նրա կողքին կանգնողները, թիմակիցները ծափերի փոխարէն կամ կը բռնէին նրա՝ նոր արիւնահեղութեան տանող խելագար ձեռքը, կամ կը հեռանային նրանից, որպէսզի չկիսեն նոր «Մարտի 1»-ի պատասխանատւութիւնը։ Նորմալ երկրում միջազգային կառոյցները, թէկուզ ձեւականօրէն, բայց արձագանքած կը լինէին Փաշինեանի անհաւասարակշիռ վարքագծին։

Դա՝ նորմալ երկրում, իսկ մեր նման կազմալուծւած երկրում մնում է՝ համախմբւել բոլոր սթափ ուժերով, մի կողմ դնել քաղաքական տարաձայնութիւնները, չտրւել Փաշինեանի սադրանքներին, թոյլ չտալ, որ նա հերթական անգամ ժողովրդին տանի արիւնահեղութեան։

Հիմա ժամանակն է, որ.

Պետական համակարգը տարանջատւի նրա արիւնոտ ծրագրերից։ Ուղղակի ասի՝ ես քեզ հետ չեմ՝ ԱԳՆ օրինակով։

Ուժային կառոյցները, իրաւապահները բռնեն նրա ձեռքը, կատարեն իրենց պարտականութիւնները։ Ուժայինները շատ լաւ հասկանում են, որ Նիկոլը հրահրում է բախումներ, ու դեռեւս ոչինչ չեն ձեռնարկում նրա դէմը առնելու համար։ Վաղը, երբ այդ բախումներն իրականութիւն դառնան, նոյն ուժայիններն են կրելու ամենամեծ հարւածներն իրենց վրայ։

ԳՇ յայտնի յայտարարութեան մէջ կար ձեւակերպում՝ «...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դէմ ուժ կիրառելուց, ում զաւակները զոհւել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպէս ժողովուրդն է բանակի հետ»։ Հիմա ժամանակն է, որ հայկական բանակի հրամկազմը կոշտ յայտարարի, որ թոյլ չի տայ թէ´ ուժի կիրառումը, թէ´օլիգարխիկ բանդաների վայրագութիւնները, թէ´ քաղաքացիական պատերազմի հրահրումը։

Բոլոր պատասխանատու մարդիկ, կազմակերպութիւնները, հեղինակաւոր դէմքերն այսօր պարտաւոր են խօսել։ Եթէ դա չարւեց, ապա իրենց լռութեամբ դառնում են հնարաւոր արիւնահեղութեան յանցակիցը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։