Հա

Քաղաքական

10/06/2021 - 12:15

«Նիկոլ Փաշինեանը շարունակում է արնարշաւը»․ «168 ժամ»

«Արդէն չորրորդ օրը Հայաստանում շարունակւող միջոցառումը, որին բոլորը տալիս են «նախընտրական քարոզարշաւ» անւանումը, իրականում ոչ թէ քարոզարշաւ է, այլ հոգեւորսութիւն՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։

«alikonline.ir» - «Արդէն չորրորդ օրը Հայաստանում շարունակւող միջոցառումը, որին բոլորը տալիս են «նախընտրական քարոզարշաւ» անւանումը, իրականում ոչ թէ քարոզարշաւ է, այլ հոգեւորսութիւն՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։

Նիկոլ Փաշինեանը՝ կանգ չառնելով ոչնչի առաջ, փորձում է մարդկանց հասցնել հոգեխանգարմունքի՝ նրանց մէջ արթնացնելով բոլոր այն բնազդները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բախումների, արեան հեղման համար։

Նիկոլ Փաշինեանը ամէն օր գեներացնում է այդ արիւնը, որն ամէն պահի նրա դրդրմամբ կարող է թափւել Հայաստանում։ Ընդ որում, Նիկոլ Փաշինեանին պէտք է հէնց քաղաքացիական արիւն, երեւի այն պատճառով, որ նա շատ է սիրում ամէն ինչի յատկապէս քաղաքացիականը։ Նա, ըստ ամենայնի, պլանաւորում է սադրել հէնց քաղաքացիական բախումներ, որոնց երկու կողմում կը լինեն ոչ թէ քաղաքացիներն ու ուժայինները, այլ քաղաքացիներն ու քաղաքացիները։ Եւ բացառւած չէ, որ նա նախատեսում է ոչ թէ յետընտրական, այլ նախընտրական արիւնահեղութիւն, որը կարող է կանխել ընտրութիւններում իր պարտութիւնը։

Այն, ինչով այս օրերին զբաղւած է Նիկոլ Փաշինեանը, իրաւական պետութիւնում կը կանխւէր ժամերի ընթացքում՝ քրէական օրէնսգրքի բազամաթիւ յօդւածների ու նաեւ պաշտօնի հետ առողջական խնդիրների անհամատեղելիութեան կիրառմամբ։ Բայց քանի որ Հայաստանը ոչ միայն իրաւական պետութիւն չէ, այլ լայն իմաստով պետութիւն չէ ընդհանրապէս, Նիկոլ Փաշինեանը շարունակում է իր արնարշաւը՝ հանրապետութեան բոլոր բնակավայրերում պատրաստելով մարդկանց խմբեր, որոնք մատի մի շարժումով կարող են նետւել «գլուխներ կտրելու», ինչպէս Նիկոլ Փաշինեանի ժպտադէմ համաձայնութեամբ կոչ էր անում նրա նւիրեալ քաղաքացիներից մէկը, կամ «շինելու», ինչպէս քաղաքացիների սիրուց արբած խոստանում էր ինքը՝ Նիկոլ Փաշինեանը։

Հայաստանն ապրում է եւ դեռ մէկ շաբաթից աւելի ապրելու է մթնոլորտում, որում քաղաքացիական բախումների համար բաւարար է աննշան մի կայծը, որն իր ամէն հանդիպման ընթացքում բոցավառում է Նիկոլ Փաշինեանը։ Թշնամու հետ պատերազմում պարտւած այս անձը պատերազմ է յայտարարել սեփական քաղաքացիների դէմ, որովհետեւ ինչպէս 44-օրեայ պատերազմում, այնպէս էլ հիմա նրա համար, ամենայնից վեր, կարեւոր է իշխանութիւնը։

Բնութեան մէջ կայ ընդամենը մէկ սուբստանցիա, որը Նիկոլ Փաշինեանը պատրաստ չէ զոհել յանուն իշխանութեան, եւ այդ սուբստանցիայի անունը Նիկոլ Փաշինեան է։ Մնացեալ ամենայնը, այդ թւում՝ սեփական ընտանիքի անդամները, նրա համար ենթակայ են զոհաբերութեան։

Իշխանութիւնը պահպանելու համար նա պատրաստ է զոհասեղանին դնել ամէն ինչ, բացառութեամբ սեփական անձի։ Իսկ պատերազմի զոհերին «պլիւս-մինուսով» հաշւողին քաղաքացիական զոհերը ոչ միայն չեն մտահոգի, այլ նա կարող է առաջնորդւել «որքան շատ՝ այնքան լաւ» սկզբունքով։

Յատկապէս, եթէ զոհաբերւողները լինելու են հպարտ քաղաքացիներ ու, առաւել եւս, եթէ դա հնարաւորութիւն է տալու ապագայում խոնարհւել նրանց շիրիմների առաջ։ Այս ամէնը թւում է հիւանդագին ու սատանայական, բայց Հայաստանն ապրում է հէնց հիւանդագին ու հենց սատանայական իրականութեան մէջ։

Աստւած պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։