Հա

Քաղաքական

10/06/2021 - 14:10

Ծանրագոյն խնդիրներից դէպի գազաֆիկացում, նոր ձեռնարկութիւններ ու ճանապարհներ. Արագածոտնի մարզի վերելքը՝ Ռ. Քոչարեանի օրօք

Այսօր՝ յունիսի 10-ին, «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումների շարքը Արագածոտնի մարզում առիթ տւեց վերյիշելու 1998-ից 2003թ․ այդ մարզում իմ՝ մարզպետ աշխատած տարիներին Ռ․ Քոչարեանի ղեկավարութեամբ կատարւած գործերը։ 1998-ի կէսերին ծանր էր իրավիճակը։ 

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ

 

ՄՏՈՐՈԻՄՆԵՐ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԱՅՑԵԼԵԼԻՍ

 

Այսօր՝ յունիսի 10-ին, «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումների շարքը Արագածոտնի մարզում առիթ տւեց վերյիշելու 1998-ից 2003թ․ այդ մարզում իմ՝ մարզպետ աշխատած տարիներին Ռ․ Քոչարեանի ղեկավարութեամբ կատարւած գործերը։ 1998-ի կէսերին ծանր էր իրավիճակը։ Ամիսներով կուտակւած թոշակների, ուսուցիչների չնչին աշխատավարձի պարտքերը ժողովրդի մօտ խորը դժգոհութիւն էին առաջացրել․ մարդիկ իրաւամբ դիմում էին մարզպետարան՝ խմբերով, եւ ընդվզում, խաղողի մթերում գրեթէ չկար, եւ յաճախ խաղողագործները, որպէս բողոքի նշան, բերքը բերում էին մարզպետարանի շէնքի մօտ՝ պահանջելով կազմակերպել մթերում, խմելու, ոռոգման ջրի լուրջ խնդիրներ կային, եւ ժողովուրդն ընդվզում էր՝ յաճախ փակելով փողոցներ ու ճանապարհներ․․․

Ընդամէնը կէս տարի էլ չպահանջւեց ոչ միայն թոշակների եւ աշխատավարձների կուտակւած պարտքերը փակելու համար, այլեւ դրանք անընդհատ բարձրացւեցին, կարճ ժամանակում կարգաւորւեց մթերման հարցը՝ ստեղծւեցին նոր մթերող ձեռնարկութիւններ։ Շուրջ 35-ից աւելի գիւղերում, որտեղ նոյնիսկ կոմունիստների ժամանակ խմելու ջուր չէր եղել, եւ ժողովուրդը դրամով էր գնում ջուրը, կառուցւեցին նոր ջրագծեր, ոռոգման նոր ցանցեր, որոնց շնորհիւ մարզում հսկայական տարածքներ դարձան ոռոգելի․ ընդ որում՝ այս ծրագրերն աւելի յաճախ իրականացւում էին տարբեր միջազգային հիմնադրամների միջոցներով։ Գրեթէ երկու տարւայ ընթացքում գազաֆիկացւեցին Արագածոտնի մարզի բնակավայրերը, ամբողջովին վերականգնւեց մարզի աղէտի գօտու բնակֆոնդը /մարզի 40 տոկոսը աղէտի գօտում էր/, կառուցւեցին բազմաբնակարան շէնքեր նաեւ սոցիալական նպատակներով /Աշտարակ, Ծաղկահովիտ, Թալին/, գիւղերում որտեղ դպրոցներ չկային, զրոյից կառուցւեցին դպրոցներ, 50-ից աւելի մշակոյթի տներ եւ կրթօջախներ կապիտալ վերանորոգւեցին, կառուցւեցին բժշկական բազմաթիւ ամբուլատորիաներ եւ այլն։

Մարզում, աշխատատեղերի ստեղծման առումով, կարեւոր էր Թալինում ադամանդի վերամշակման արտադրամասի /շուրջ 500 աշխատատեղով/, մարզի քաղաքներում գորգագործական արտադրամասերի, մթերող եւ մթերքի վերամշակման ձեռնարկութիւնների ստեղծումը եւ այլն։

Ճանապարհաշինութեան առումով՝ բացառիկ նշանակութիւն ուներ Աշտարակը շրջանցող մեծ կամուրջի շինարարութիւնը, Թալին-Երեւան, Ծաղկահովիտ-Արթիկ եւ այլ՝ նոր որակի ճանապարհների շահագործումը։

Այս եւ նման գործերը հաստատւած էին մարզի զարգացման յստակ ծրագրով եւ գտնւում էին նախագահ Ռ․ Քոչարեանի խիստ հսկողութեան տակ։ Բացի նրանից, որ մարզպետն ամիսը մէկ զեկուցում էր նրան ընթացքի մասին, համարեա ամէնօրեայ ռեժիմով նախագահի օգնական Արմէն Գէորգեանն անընդհատ կապի մէջ էր եւ հետաքրքրւում էր ծրագրի իրականացման ընթացքով, լուծում առաջացած ընթացիկ հարցերն ու խնդիրները։

2000 թ․-ին Արագածոտնի մարզը փոխհամագործակցութեան պայմանագիր կնքեց ՌԴ Լենինգրադի մարզի հետ։ Ռ․ Քոչարեանն ընդունեց մարզի պատւիրակութեանը եւ խրախուսեց այդպիսի հորիզոնական կապերի ստեղծումը յատկապէս առեւտրատնտեսական, մշակութային եւ կրթական բնագաւառներում։ Ցաւօք, տարիներ շարունակ նման կապերը սառեցւեցին 2018 թ․-ից մեզ յայտնի սուբիեկտիւ պատճառներով, ինչպէս ՌԴ Արխանգելսկի եւ Վայոց Ձորի, ՌԴ Վոլոգդայի եւ Արմաւիրի եւ այլ փոխհամագործակցութիւնները ՌԴ-ի եւ ՀՀ մարզերի միջեւ։ Օրինակ՝ Լենինգրադի նահանգապետ Դրոզդենկոն 2019 թ․-ին յայտարարեց, որ քանի դեռ Արագածոտնի մարզպետն է մի մարդ, որն անարգել է ՌԴ դրօշը ՌԴ դեսպանատան մօտ սորոսական բողոքի ցոյցի ժամանակ, ինքը չի շարունակի փոխհամագործակցութիւնն այդ մարդու հետ։ Այս օրինակը եւս մի ապացոյց է ՀՀ եւ ՌԴ «ջերմ» յարաբերութիւնների մասին ՀՀ ներկայ իշխանութիւնների ստայօդ յայտարարութիւնների։ Վստահ եմ, որ ժողովրդի յիշողութիւնը կարճ չէ, եւ նա յունիսի 20-ին ըստ արժանիքների կը գնահատի այն քաղաքական դաշինքին եւ նրա ղեկավարին, որն իր ունեցած վաստակով ու նւիրումով ներշնչում է հաւատ, որ ապագայում աւելի մեծ թափով եւ բազմապատկւած ուժերով կունենանք նորանոր ձեռքբերումներ Արագածոտնի մարզի եւ մեր ժողովրդի համար։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։