Հա

Քաղաքական

12/06/2021 - 12:45

«Յուսահատեցնող է, որ այսքանից յետոյ մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պէտք, որը կազդի ընտրութեան արդիւնքների վրայ, կը կանխորոշի դրանք». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը հերթական յօդւածում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի դէմ «կոմպրոմատի» հրապարակման ակնկալիքների մասին։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը հերթական յօդւածում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի դէմ «կոմպրոմատի» հրապարակման ակնկալիքների մասին։

Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ.

«Ողջ հասարակութեամբ սպասում ենք Նիկոլի դէմ կոմպրոմատին։  Մեծից փոքր, խելօքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պէս մի բան, որն իրականում շատ յուսահատեցնող է։

Յուսահատեցնող է՝ մտածել, որ այսքանից յետոյ մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պէտք, որը կազդի ընտրութեան արդիւնքների վրայ, կը կանխորոշի դրանք։

- Արցախի 75 տոկոսը կորցնելու յետոյ

- Շուշին կորցնելու յետոյ

- Դադիվանքը, Ղազանչեցոցը կորցնելու յետոյ

էլ ի՞նչ կոմպրոմատ ենք ուզում։ Ով ում որտեղ ի՞նչ արեց, ում հետ քնեց կամ արթնացա՞ւ։

Ուրեմն դա աւելի՞ ազդեցիկ է, քան այն, որ ադրբեջանցիք մտել են Սիւնիք ու Սեւանայ լճի վերեւում՝ ՀՀ պետական սահմանից ներս, հէնց այս պահին նստած են։

Շուրջ 5000 զոհ ու 12000 վիրաւոր տալուց աւելի ազդեցիկ կոմպրոմա՞տ կայ։

Իսկ Բաքւում այս պահին դատւող մեր տղերքի կադրերից աւելի սարսռեցնող կոմպրոմատ կա՞յ։

Հոկտեմբերի 19-ից պատերազմը չդադարեցնելու եւ դրանից յետոյ ամէն օր 100 նոր զոհ տալու փաստը կոմպրոմատ չէ՞։

Հինգ օր է՝ քննարկում ենք, թէ ինչ կը տարածւի՝ սրա կամ նրա քնե՞լը, թէ՞ մի այլ «ցնցող» բան։ Ու չենք հասկանում, որ արդէն 8 ամիս է՝ Ալիեւն է «քնում» բոլորիս հետ՝ «երբ ուզի, որքան ուզի» խաղի կանոնով։

Եթէ այսքանից յետոյ Նիկոլին մերժելը պէտք է լինի ինչ-որ մասնաւոր կոմպրոմատի հաշւին, ապա դա հետագայ վերելքի քիչ յոյս է տալիս։

Մեր աչքի առաջ Նիկոլը հէնց այս պահին պլանաւորում է ներքին բախումներ, անթաքոյց իրականացնում է դրանց քարոզն ու նախապատրաստական աշխատանքները, սա պարզ տեսնում են իրաւապահները, ուժայինները, նրա թիմակիցները, Անվտանգութեան խորհրդի անդամները, միջազգային հանրութիւնը, ու այսքանով հանդերձ՝ չենք կարողանում նրա ձեռքը բռնել։ Էլի սպասում ենք դրա իրականացմանը, որ փաստը տեսնենք ու նոր ասենք՝ բայց ո՞նց այսպիսի բան եղաւ։ Սա ուրեմն կոմպրոմատ չէ՞, սա ընդվզման պատճառ չէ՞, սա ուրեմն ուղղակի նրան չընտրելու փաստարկ չէ՞։

Մի ողջ ազգի ու պետութեան ջարդուփշուր եղած երազանքները, անվտանգութիւնն ու արժանապատւութիւնը փոխանակում ենք ինչ-որ անճաշակ սերիալային «կոմպրոմատի» հե՞տ։ Պիտի դադարենք թոյլ տալ, որ Նիկոլը մեզ ազգովի վերածի մի մեծ, էժան կոմպրոմատի։ Քաղաքացին, ընտրողը պիտի վերջապէս սկսի տեսնել մեր կեանքում տիրող այն հսկայ, իրական ու դաժան կոմպրոմատը, որի պարագայում որեւէ իշխանութիւն ոչ թէ չէր վերընտրւի, այլեւ մտքով անգամ չէր անցկացնի կրկին առաջադրւել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։