Հա

Քաղաքական

13/06/2021 - 11:35

«Արտգործնախարարութիւնը՝ Հայաստանի անկախութիւնից ի վեր առաջին անգամ գլխատւած է». Վարդան Ոսկանեան

«Ըստ էութեան, Ադրբեջանում շատ խնդիրներ լուծւում են ոչ միայն, կամ ոչ թէ Ալիեւի կամքի համաձայն, այլեւ՝ էրդողական միջամտութեան արդիւնքում»,- ասուլիսում ասաց «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ 

«alikonline.ir» - «Ըստ էութեան, Ադրբեջանում շատ խնդիրներ լուծւում են ոչ միայն, կամ ոչ թէ Ալիեւի կամքի համաձայն, այլեւ՝ էրդողական միջամտութեան արդիւնքում»,- ասուլիսում ասաց «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

Նրա խօսքով, այս համատեքստում յունիսի 15-ին Էրդողանի նախատեսւող այցը Բաքու, այնուհետեւ սադրիչ բնոյթ կրող այցելութիւն Շուշի, որոշակիօրէն ազդում են նաեւ մեր տարածաշրջանում այլ խաղացողների շահերի վրայ։

«Ակնյայտ է, որ Շուշի այցելութիւնն ունի բացառապէս սադրանքի բնոյթ՝ ուղղւած Հայաստանին, Արցախին, Իրանին եւ Ռուսաստանին, որովհետեւ Արցախից բռնազաւթւած Շուշի քաղաքում Էրդողանի ու Բաքւի բռնապետի հանդիպումը թիրախաւորում է ոչ միայն հայկական կողմերին, այլեւ այլ խաղացողների»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

Նա յայտնեց նաեւ, որ այս պահին խօսք է գնում ինչ-որ պայմանագրի կնքման մասին, որի բովանդակութիւնն առայժմ յստակ չէ. «Ադրբեջանական սոցցանցային տիրոյթում քննարկում են, որ այդ պայմանագրում կարող է լինել նաեւ ռազմական բաղադրիչի մասին հատւած, ինչը, բնական է, չի կարող չանհանգստացել Հայաստանին, նաեւ՝ դաշնակից Ռուսաստանին եւ բարեկամ Իրանին։ Ուստի այստեղ պէտք է սպասել՝ հասկանալու, թէ ինչ գործընթացի հետ մենք գործ ունենք»։

Իրանագէտը կարեւոր մի հանգամանք նշեց. «Այս ամբողջ զարգացումների համատեքստում Հայաստանը ցաւալիօրէն փաստացի իրավիճակում չունի արտգործնախարարութիւն։ Հրաժարական է տւել ոչ միայն արտգործնախարարը նաեւ փոխարտգործնախարարները, եւ ՀՀ արտգործնախարարութիւնը՝ Հայաստանի անկախութիւնից ի վեր առաջին անգամ, գլխատւած է, եւ այդ գլխատումը տեղի է ունեցել Հայաստանում դեռեւս իրեն իշխանութիւն համարւող վարչախմբի «ջանքերի» հետեւանքով»։

Վարդան Ոսկանեանն ընդգծեց՝ այս յանցաւոր վարչախմբի գործողութեան հետեւանքով Հայաստանում անխտիր խարխլւել են պետական բոլոր ինստիտուտները, այն ինստիտուտները, կառուցակարգերը, որոնք ապահովում են նաեւ Հայաստանի անվտանգութեան տարբեր բաղադրիչներ։

«Այժմ ստեղծւել է պարադոքսալ իրավիճակ, երբ Հայաստանում դեռեւս իրեն իշխանութեան համարող վարչախումբը զբաղւած է տարատեսակ ամբոխահաճոյ պոպուլիստական գործունէութիւն ծաւալելով, իսկ Հայաստանի ազգային առողջ ընդդիիմութիւնը, այդ թւում եւ յատկապէս «Պատիւ ունեմ» դաշինքը, ստանձնել է Հայաստանի անվտանգութեան խնդիրները մեր բնակչութեանը հասանելի կերպով ներկայացնելու ու դրանից բխող քայլերը մշակելու գործընթացի պատասխանատւութիւնը։

Ըստ էութեան, Հայաստանում իմ նշած տիրոյթում այժմ իշխանութիւն է ազգային ընդդիմութիւնը»,- ասաց իրանագէտ, «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։