Հա

Քաղաքական

15/06/2021 - 08:50

«Սկսւում է հայկական տարածքների գաղափարախօսական օկուպացիան». թուրքագէտը՝ Շուշի Էրդողանի կատարելիք այցի մասին

Թուրքագէտ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Շուշի մի քանի ենթատեքստ ունի։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց՝ դրանք առաջին հերթին խորհրդանշական են, բայց դրանց տակ էլ կան նաեւ քաղաքական եւ տնտեսական բացայայտ ենթատեքստեր։

«alikonline.ir» - Թուրքագէտ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Շուշի մի քանի ենթատեքստ ունի։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց՝ դրանք առաջին հերթին խորհրդանշական են, բայց դրանց տակ էլ կան նաեւ քաղաքական եւ տնտեսական բացայայտ ենթատեքստեր։

«Էրդողանի այցը Շուշի նախեւառաջ խորհրդանշում է թուրք-ադրբեջանական միասնականութեան, նրանց ագրեսիայի յաղթանակի արդիւնքը, որովհետեւ Ադրբեջանը Թուրքիայի օգնութեամբ կարողացել է հասնել այս արդիւնքին, կարողացել է օկուպացնել Արցախի մի հատւածը։ Սա նշանակում է Թուրքիայի գերակայութեամբ թուրք-ադրբեջանական տանդեմի յաղթանակը»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յունիսի 14-16-ը կայցելի Ադրբեջան: Նշենք նաեւ, որ Բաքւում ընդունելով Թուրքիայի կրթութեան նախարար Զիա Սելջուքին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտնել էր, որ Շուշիում նոր դպրոցի հիմնարկեքը, որի շինարարութիւնը ֆինանսաւորելու է Թուրքիան, կը կայանայ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում:

Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ պատահական չէ, որ Էրդողանի այցը Շուշի քաղաքն է այն առումով, որ այն հռչակւել է թուրքական աշխարհի մայրաքաղաք, եւ Էրդողանը, որը հաւակնութիւն ունի դառնալու թուրքական աշխարհի առաջնորդը, այս այցով եւս մէկ խորհրդանշական քայլ է անում. յաղթող երկրի առաջնորդը իր այցն է կատարում հայոց քաղաք Շուշի։

«Բացի այս սիմւոլիկ դրոյթներից՝ Էրդողանի այցը ենթադրում է այլ քաղաքական, տնտեսական բաղադրիչեր։ Թուրքիան բնականաբար չի սահմանափակւի խորհրդանշական յաջողութիւններով, այն ունի ակնկալիքներ Ադրբեջանում տնտեսական, քաղաքական եւ ռազմական աւելի լուրջ ներկայութեան ապահովման եւ խորացման։ Կարծում եմ՝ Էրդողանի այցը որոշակի ստիմուլ է հաղորդելու նաեւ դրանց,- ասաց նա՝ յաւելելով, որ Թուրքիան Ադրբեջանից ակնկալում է տնտեսական հարցերում զիջումներ, մենաշնորհային դիրքի շնորհում,- կարծում եմ՝ հանդիպումը կենտրոնանալու է նման հարցերի վրայ»։

Անդրադառնալով Շուշիում Թուրքիայի կողմից ֆինանսաւորւող դպրոցի բացմանը՝ Ռուբէն Մելքոնեանը նշեց՝ դա էլ գաղափարական նշանակութիւն ունի։ «Հայկական տարածքների օկուպացիան նաեւ ենթադրում է այդ տարածքների թուրքականացում։ Այցի ընթացքում դպրոցի հիմնարկեքի կայանալը նշանակում է, որ հայկական օկուպացւած տարածքները դառնալու են թուրքական ազգայնականութեան կենտրոններ եւ օջախներ, որոնք սպառնալիք կը լինեն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ՝ տարածաշրջանի համար։ Էրդողանի Շուշի այցով սկսւում է այդ տարածքների գաղափարախօսական օկուպացիան, եւ դա ունենալու է շարունակական բնոյթ»,- ասաց նա։

Թուրքագէտի խօսքով՝ այն իրավիճակը, որին յանգեցրեց այս ապաշնորհ, հայրենադաւ ՀՀ իշխանութեան գործունեութիւնը, չի սահմանափակւում միայն նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ։ «Սկսւում է սպառնալիքների մի ողջ շղթայ, որոնք դրսեւորւում են տնտեսական, քաղաքական, գաղափարաբանական եւ այլ ոլորտներով»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թէ արդեօք ՀՀ ներկայիս իշխանութիւններն ադեկւատ արձագանգում են իրողութիւններին, արդեօք նկատելի է մտահոգութիւն, անհանգստութիւն դրանց պատճառով, Ռուբէն Մելքոնեանը նշեց․

«Ադեկւատ արձագանգ ոչ անադեկւատ իշխանութիւններից սպասելը շնորհակալ գործ չէ։ Այս իշխանութիւնների աշխատաոճը որեւէ տեղ չի թողնում ենթադրելու, որ նրանք գործում են հայաստանանպաստ շարժառիթներից ելնելով։ Ընդհակառակը, այս իշխանութիւնների գործելաոճը համահունչ է թուրք-ադրբեջանական տեսութիւններին, եւ Հայաստանը գտնւում է արտաքին եւ ներքին շրջափակման մէջ։ Այն բոլոր քայլերը, որ կատարւում են մեր թշնամիների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, լրացւում են մեր իշխանութիւնների կողմից։ Թուրք-ադրբեջանական տանդեմը եւ այսօրւայ իշխանութիւնները գործում են Հայաստան պետութեան եւ պետականութեան դէմ։ Ընդ որում, գործում են հետեւողականօրէն՝ երբեմն իրենց «գժի տեղ դնելով», երբեմն բացայայտ, երբեմն «մուրճով», երբեմն այլ յայտարարութիւններով»,- ասաց նա՝ միամտութիւն համարելով այն, որ պէտք է այս իշխանութիւններից որեւէ դրական քայլ ակնկալել։

Նրա խօսքով՝ այս իշխանութիւնները թշնամական են տրամադրւած այս պետութեան դէմ, եւ հասարակութիւնն արդէն վաղուց պէտք է հաշտւած լինի դրան։ Ըստ Ռուբէն Մելքոնեանի՝ այս իշխանութիւններից կարելի է արձագանգ ակնկալել նախկին նախագահների, գեներալների դէմ։

«Իսկ տեսե՞լ էք Ալիեւի նկատմամբ որեւէ բացասական յայտարարութիւն,- ասաց նա, ապա յաւելեց,- ինչպիսի ողբերգութիւն, որ «չագուչով միմոսը» երէկ Ալիեւի մասին խօսելիս նրան համարում է կառուցողական, կոչ է անում գնահատել նրա կառուցողականութիւնը եւ այդ նոյն պահին վիրաւորում է հայ հոգեւորականերին, գիտնականներին եւ այլն։ Հայ գիտնականին՝ կրթութեան եւ գիտութեան մշակին եւ հոգեւորականին միշտ թիրախաւորել են թշնամիները՝ թուրքերը, թաթար-մոնղոլները եւ այլն, հիմա նրանց թիրախաւորում է ճակատագրի հեգնանքով իշխանութեան հասած մէկը եւ նրա ոհմակը։ Կարծում եմ՝ խորը քաղաքագիտական վերլուծութեան կարիք չկայ՝ ցոյց տալու համար, որ այս իշխանութիւնը դէմ է Հայաստանին, հայկականութեանը, դէմ է հայոց գիտութեանը, մշակոյթին եւ այլն»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։