Հա

Քաղաքական

17/06/2021 - 10:20

«Իւրաքանչիւրը, մտնելով ընտրատեղամաս, պարտաւոր է յիշել մեր բազմապատկւած Եռաբլուրը, հազարաւոր որդեկորոյս մայրերին, ոտքի վրայ չորացած հայրերին, իրենց զաւակներից լուր չունեցողներին»․ «Փաստ»

«Նախընտրական քարոզարշաւի աւարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերը ներդրում են ամէն կերպ քաղաքացիների վստահութեան քւէն ստանալու եւ հանրութեան աջակցութեանն արժանանալու նպատակով։ Սակայն շատ յաճախ անտեսւում է այն հանգամանքը, որ, ի վերջոյ, խորհրդարանական այս արտահերթ ընտրութիւնը առանձնանում է նորանկախ Հայաստանի պատմութեան ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրութիւններից, քանի որ այն աղէտալի իրողութիւնների հետեւանք է։

«alikonline.ir» - «Նախընտրական քարոզարշաւի աւարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերը ներդրում են ամէն կերպ քաղաքացիների վստահութեան քւէն ստանալու եւ հանրութեան աջակցութեանն արժանանալու նպատակով։ Սակայն շատ յաճախ անտեսւում է այն հանգամանքը, որ, ի վերջոյ, խորհրդարանական այս արտահերթ ընտրութիւնը առանձնանում է նորանկախ Հայաստանի պատմութեան ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրութիւններից, քանի որ այն աղէտալի իրողութիւնների հետեւանք է։ Առաջին հայեացքից կարող է տրամաբանական թւալ, որ այս իրադարձութիւններից յետոյ պարտութեան եւ կապիտուլեացիայի սիմւոլ դարձած իշխանութիւնները պէտք է հրաժարական տային եւ մի կողմ քաշւէին՝ նոյնիսկ համարձակութիւն չունենալով մասնակցել արտահերթ ընտրութիւններին։

Սա կը լինէր ինչ-որ առումով արժանապատիւ հեռացում, բայց Փաշինեանի դէպքում արժանապատւութեան մասին խօսակցութիւններն ուղղակի ո՛չ արժէք ունեն, ո՛չ իմաստ։ Հնարաւոր է՝ թոյլատրելի ու անթոյլատրելի միջոցներով աթոռից կառչելը ինչ-որ առումով պայմանաւորւած է նրանով, որ վերջինս պատկերացնում է, թէ ինչպիսի քաղաքական ապագայ է սպասւում իրեն ու իր թիմին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինեանը փորձում է որքան հնարաւոր է երկարացնել իր պաշտօնավարումը եւ անբովանդակ աղմուկ-աղաղակ բարձրացնելու միջոցով հանրութեան ուշադրութիւնը շեղել օրախնդիր հարցերից։ Ընդ որում, Փաշինեանն ամէն ինչ անում է, որ հասարակութիւնը մոռանայ «Նիկոլի անւան կապիտուլեացիան», մեր հայրենիքի տարածքների կորուստը, ադրբեջանական զօրքերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, հազարաւոր զոհերին ու վիրաւորներին եւ մեր այն տղաներին, ովքեր իշխանութիւնների ապաշնորհութեան պատճառով մինչեւ հիմա տանջւում են Բաքւի բանտերում։

Ուստի պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը հանդէս է գալիս «մուրճ-մանգաղով», «շինելով», ճչալով-գոռալով, հիստերիաներով, «ձեռքեր կտրելով», ընդդիմադիրների հասցէին բազմապիսի յոխորտանքներով, ընդ որում՝ այդ ճանապարհին նաեւ իր թիմակիցներին «փուռը տալով», որ անհեթեթութիւններ դուրս տան եւ ուշադրութիւնը գրաւեն իրենց վրայ։ Այդպիսով, Փաշինեանը ոչ միայն ստանձնել է ատելութեան քարոզիչի գլխաւոր առաքելութիւնը, այլեւ փորձում է մինչեւ վերջ օգտւել իր կարգավիճակի ու պաշտօնի ընձեռած հնարաւորութիւններից, միայն թէ հերթական անգամ խաբի հանրութեան մի հատւածին։

Դրա համար նա պատրաստ է ամէն ինչի, նա տրամադրւած է պետական լծակները մինչեւ վերջ ծառայեցնել իր անձնական շահերին։ Ոչ թիմի, այլ միայն իր անձնական, որովհետեւ նա թքած ունի նաեւ թիմի վրայ, այդ թիմն այսօր իրեն պէտք է, կօգտագործի, վաղը պէտք չի լինի, կը թողնի: Հիմա նա զբաղւած է Հայաստանի մարզերը «գրաւելով»: Փաշինեանը, որ 2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ իբր թէ հեծանիւով էր աշխատանքի գնում եւ շոուներ կազմակերպում, թէ ինքը չի տարբերւում միւս քաղաքացիներից եւ հանգիստ կարող է քայլել փողոցով, արդէն տեւական ժամանակ խուսափում է քաղաքացիների հետ ինքնաբուխ հանդիպումներից։ Նա մարզեր է այցելում թիկնապահներով ու հազարաւոր ոստիկաններով շրջապատւած։

Միեւնոյն ժամանակ, իր հետ շարասիւնով շրջիկ խմբեր է տանում այս կամ այն մարզ, որպէսզի տպաւորութիւն ստեղծի, թէ ինքը շարունակում է վայելել ժողովրդի աջակցութիւնը։ Իրականում բոլոր բնակավայրերում էլ ակնյայտ է դարձել, որ մասնակիցները միշտ նոյնն են եւ նոյնիսկ ամենախոշոր քաղաքներում տեղացի հազիւ 50-100 մարդ է լինում: Այսպիսի հնարքներով Փաշինեանն ընդամէնն ինքնախաբէութեամբ է զբաղւած, իսկ աւելի կոնկրետ՝ քաղաքական երազախաբութեամբ է տառապում, որովհետեւ ինչքան էլ յատուկ կադրեր որսան, որպէսզի երեւայ, թէ իբր հաւաքն անցնում է լեփ-լեցուն դահլիճում կամ հրապարակում, թէ իբր շատ մարդ է եկել Փաշինեանի հետ հանդիպման, միեւնոյնն է՝ երկիրը փոքր է, մարզային բնակավայրերն առաւել եւս, եւ բոլորն էլ տեսնում են, որ շրջիկ խմբերին ու քաղաքացիական հագուստով ոստիկաններին հանում ես, տակը մարդ չի մնում։

Սա եւս վկայում է այն մասին, որ Փաշինեանը վաղուց չունի բաւարար հանրային վստահութիւն: Մենք, իհարկէ, այնքան միամիտ չենք, որ մտածենք, թէ ընդհանրապէս զրոյական վարկանիշ ունի, թէ իր ստերին հաւատացողներ այլեւս չկան, թէ հազիւ է յաղթահարելու անցողիկ շեմը: Սակայն, միեւնոյն ժամանակ ակնյայտ է, որ նման մարդկանց քանակը հազիւ 17-18 տոկոսի սահմաններում է, վարչական ռեսուրսն էլ հաշւենք՝ մաքսիմում 25 տոկոս:

Սակայն այստեղ ամենաէականն այն է, որ իւրաքանչիւր ոք, անկախ իր քաղաքական հայեացքներից, իրեն Հայաստանի ոչ միայն տէր զգայ, այլեւ ծառայ, որ իւրաքանչիւր ոք, մուտք գործելով ընտրատեղամաս, պարտաւոր է յիշել մեր բազմապատկւած Եռաբլուրը եւ Եռաբլուրում ծփացող եռագոյն դրօշները, հազարաւոր սեւազգեստ որդեկորոյս մայրերին, ոտքի վրայ չորացած հայրերին, իրենց զաւակների մասին տեղեկութիւն չունեցող ընտանիքներին։ Պարզապէս յիշենք, թոյլ չտանք ինքներս մեզ գեթէ մէկ վայրկեան մոռանալ: Նաեւ յիշենք, թէ ինչ նոր ողբերգութիւններ է պատրաստւում հայ ժողովրդին բերել Նիկոլ Փաշինեանը:

Յ.Գ.- Ի դէպ, հետաքրքիր չէ՞, թէ ինչու է Նիկոլն այսքան ծանր տանում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն Թուրքիայի դրօշներն է այրում, եւ ինչո՞ւ է ցանկանում, որ ՀՅԴ-ի դրօշներն այրւած տեսնի։ Գուցէ հէնց դրա՞ համար...»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։