Հա

Քաղաքական

17/06/2021 - 10:25

«Շուշիի հռչակագիրը պարփակում է Անկարայի նախապայմանային քաղաքականութեան հիմնադրոյթները». Շահան Գանտահարեան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հռչակագրին:

«alikonline.ir» - Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հռչակագրին:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում Շահան Գանտահարեանը կարծիք յայտնեց, որ Շուշիում յայտարարւած Անկարա-Բաքու միացեալ հռչակագրի 6 կէտերը ուղղակիօրէն վերաբերում են հայկական կողմին. երկու երկրների տարածքային ամբողջականութեան պահպանում, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգութեան խնդիրներ, թուրք-ռուսական համատեղ կենտրոնի հետ կապւած հարցեր, Թուրքիայի ուղղութեամբ Հայաստանի պահանջներ, միացեալ ռազմաքաղաքական գործողութիւններ եւ երրորդ պետութիւններ։

«Բոլոր դէպքերում երրորդ պետութիւնը Հայաստանի Հանրապետութիւնն է առաջին հերթին։ Առաջին կէտը՝ «Բաքուն եւ Անկարան միմեանց կօգնեն անկախութեան կամ տարածքային ամբողջականութեան վրայ երրորդ պետութեան կողմից սպառնալիքի կամ յարձակման դէպքում»։ Այստեղ նշւած սպառնալիքը զուտ զինւորական բնոյթ չունի։ Երկու երկրների տարածքային ամբողջականութեան պահպանումը կամ սահմանների անփոփոխելիութեան սկզբունքը կապւած է ոչ միայն արցախեան հակամարտութեան, այլ նաեւ Թուրքայի հետ։ Ըստ էութեան, թուրքական նախապայմանին։ Իսկ 5-րդ կէտը՝ «Թուրքիայի դէմ Հայաստանի անհիմն պահանջները եւ պատմութիւնը խեղաթիւրելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղութեանը եւ կայունութեանը», պարզապէս Ցեղասպանութեան ճանաչման պահանջի եւ դրա հետ կապւած որեւե հատուցում բացառելու պայմանն է»,- ասաց նա։

Նրա խօսքով՝ հռչակագիրն ամփոփել է Անկարայի նախապայմանային քաղաքականութեան հիմնադրոյթները։ «Հռչակագրում բանաձեււած 7-րդ կէտը՝ «Կողմերը կընդլայնեն համատեղ ջանքերն ու համագործակցութիւնը ահաբեկչութեան, կազմակերպւած յանցաւորութեան, թմրանիւթերի մաքսանենգութեան, անօրինական միգրացիայի դէմ պայքարում», թուրքական հայեցակէտով հայկական կողմին հետ որոշակի առնչւածութիւնից բացի գլոբալ տարածաշրջանային խնդիրներ է արծարծում եւ թողնում է այն տպաւորութիւնը, որ Բաքուն եւ Անկարան, որոնք երկուսն էլ նշւած մեղադրանքներն են կրում միջազգային տարբեր կառոյցներից, հանդէս են գալիս իբրեւ առաջատար պետութիւններ այդ յանցագործութեան դէմ համակարգւած պայքարում։ Թեմաներն ու հռչակագրային կէտերը, սակայն, շահարկւում են Անկարայի հարաւային Կոկվկաս տեղաւորման եւ աւելի մնայուն հաստատման գործընթացին։ Այստեղ Բաքուն պարզապէս միջոց է Անկարայի համար, իսկ հռչակագիրը այդ միջոցի օգտագործման եւ օրինականացման առիթ։ Իհարկէ, վայրի ընտրութիւնը պատահական չէ. դա եւս նպաստում է Անկարայի տարածաշրջան տեղակայմանը»,- եզրափակեց նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։