Հա

Քաղաքական

17/06/2021 - 12:00

«Փաշինեանի բանակցային ստերը, կամ ինչպէ՞ս հասանք պատերազմի»․ «168 ժամ»

«Հայաստանում ընթացող ամենալարւած եւ պետութեան համար ճակատագրական նախընտրական քարոզարշաւի առաջին փուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գաղտնազերծած ձայնագրութիւնը Նիկոլ Փաշինեանին կրկին գցել է իր ստացած բանակցային ժառանգութիւնը քննադատելու եւ իր վարած ղարաբաղեան քաղաքականութիւնը մաքրագրելու արատաւոր շղթայի մէջ:

«alikonline.ir» - «Հայաստանում ընթացող ամենալարւած եւ պետութեան համար ճակատագրական նախընտրական քարոզարշաւի առաջին փուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գաղտնազերծած ձայնագրութիւնը Նիկոլ Փաշինեանին կրկին գցել է իր ստացած բանակցային ժառանգութիւնը քննադատելու եւ իր վարած ղարաբաղեան քաղաքականութիւնը մաքրագրելու արատաւոր շղթայի մէջ:

Նիկոլ Փաշինեանն ըստ էութեան քննադատում է ՀՀ բոլոր նախկին ղեկավարների քաղաքականութիւնը, թերեւս, մի փոքր «խնայելով» միայն առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին, եւ 2020 թւականին տեղի ունեցած ողբերգական պատերազմի ողջ պատասխանատւութիւնը ջանում է գցել նախկին ղեկավարների, նրանց օրօք բանակցւած փաստաթղթերի, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան, մասնաւորապէս՝ համանախագահների վրայ:

 

Ի՞նչ է ասում Փաշինեանը

Գաղտնիք չէ, որ Ղարաբաղեան բանակցութիւնները ՀՀ բոլոր իշխանութիւնների օրօք անցել են ծանր ու խնդրահարոյց մթնոլորտում, միախառնւած աշխարհաքաղաքական կենտրոնների, տարածաշրջանային տէրութիւնների, հակամարտող կողմերի հակասող շահերով ու առճակատումներով, սակայն ՀՀ դիւանագիտութիւնը, ըստ էութեան, կարողացել է զսպել Ադրբեջանի յաւակնութիւնները, կարողացել է Ադրբեջանին պահել բանակցային սեղանի շուրջ՝ ժամանակ առ ժամանակ մեծ դժւարութեամբ, կարողացել է արդիւնաւէտօրէն համագործակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ, նրանց համար ընկալելի եւ ընդունելի դարձնելով իր մօտեցումները:

Օրերս Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը հրապարակեց իր խոստացած ձայնագրութիւնը Նիկոլ Փաշինեանի մասին, որտեղ վերջինս խօսում է ղարաբաղեան բանակցութիւններից, պատմում, որ 2018 թւականի մայիսին Սոչիում իրեն են մօտեցել Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն, ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահութիւն, ու դա պատմական շանս է Ղարաբաղի հարցը լուծելու համար, եւ կրկին առաջարկել են Լաւրովեան պլանը, իսկ Փաշինեանը նշել է, թէ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ դա ընդհանրապէս քննարկելու թեմա չէ։

Ըստ Փաշինեանի՝ Պուտինը, Նազարբաեւն էլ, Լուկաշենկոն էլ, ասել են՝ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ապա Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, ասում է․ «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը յստակ ձեւակերպւեց, որ ինչ ձեւով էլ ուզում է լինի, պէտք է էս կանւէյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ յայտնւել։ Դա կը լինի, կը ներէք արտայայտութեանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կը լինի մի քիչ նեադեկւատ թւալով, բայց դա կը լինի, պէտք է այդ կոնւէյերի վրայից դուրս պրծնել»։

Արձագանքելով ձայնագրութեանը՝ Փաշինեանն ասաց, որ միջնորդները հետագայ զարգացումների եւ կարգաւորման ճանապարհային քարտէզի վերաբերեալ, ըստ էութեան, արտայայտել են այն նոյն դիրքորոշումը, ինչ արտայայտել է Ադրբեջանը: Ըստ նրա, նախկինում գոյութիւն ունէր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւ, յետոյ գոյութիւն ունէր «տարածքներ՝ խաղաղութեան դիմաց» բանաձեւ, 2016-2018 թւականները ձեւակերպւեց եւ 2016-ի Ապրիլեան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացաւ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւը: Եւ իրենք, Փաշինեանի խօսքով, 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել են մի իրավիճակում, երբ որ սեղանի վրայ դրւած է եղել «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւը, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ միջնորդները, միջազգային հանրութիւնը ՀՀ-ի առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց: «Ես ԱԺ ամբիոնից էլ եմ ասել, որ շատ է խօսւում այն մասին, որ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւն ունեցել է «5+2» բանաձեւ:

Իրականում «5+2» բանաձեւ գոյութիւն չի էլ ունեցել, որովհետեւ այդ 2-ը ՀՀ-ի համար պրոցես է ինչ-որ իմաստով՝ հետաքրքիր, գայթակղիչ դարձնելու մէջ էր հարցը: Եւ այդ 2-ը այն պահեստային հատւածն էր, որով այս տարբերակը պէտք է ֆորմալ առումով զիջւէր հետագայում՝ Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու: Հետեւաբար, պէտք է արձանագրենք, թէ իրադրութեան զարգացման ինչ հնարաւորութիւն կար 2018-ի մայիսի դրութեամբ. առաջին՝ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւը, երկրորդ՝ ներքին տեղահանւածների անւան ներքոյ ադրբեջանցիների վերադարձ ԼՂ: Իսկ որտեղ պէտք է վերադառնային, սարերում, անտառներում էին ապրելո՞ւ, ապրելու էին այնտեղ, որտեղեւ ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Եւ յետոյ ի՞նչ, յետոյ ոչ մի բան, կապրենք՝ կը տեսնենք: Իսկ յետոյ մենք ապրում եւ տեսնում ենք Նախիջեւանը: Սա է ամբողջ պատմութիւնը»,- մանրամասնել էր նա՝ շարունակելով, որ միջնորդները, որոնք այս բանակցային գործընթացը պէտք է տանէին կարգաւորման, ըստ էութեան, ձեւակերպել են Ադրբեջանի մօտեցումները եւ վեկտորալ ուղղութիւնը՝ որպէս բանակցային հետագայ գործընթացի զարգացում:

 

Ի՞նչ կար իրականում. տապալւեց Վիեննայի օրակարգը

Փորձենք հակիրճ, բայց դիպուկ յիշեցումներով անդրադառնալ փաշինեանական բանակցային կեղծիքներին:

Ակնյայտ է, որ յետպատերազմեան շրջանում բանակցային գործընթացը դնելով լիովին այլ փաթեթաւորման մէջ, Նիկոլ Փաշինեանը նպատակ ունի ցոյց տալ, որ պատերազմն անխուսափելի էր, չի եղել որեւէ բանակցային բազա, եւ, որ իր իշխանութիւնը մեղաւոր չէ: Սակայն յատկապէս վերջին ամիսներին թէ նախկին ղեկավարները, ԱԳ նախարարները, համանախագահ Պոպովն իրենց հրապարակումներում ապացուցել են, որ եղել է բանակցային այնպիսի ժառանգութիւն, որը նոյնիսկ առանց որեւէ վերապահման ընդունելն այսօր միայն երազանք կը լինէր, քանի որ հայկական կողմը չէր ունենայ մի քանի հազար երիտասարդ զոհ ու յաւելեալ տարածքային կորուստներ՝ Հադրութի, Շուշիի տեսքով, ինչպէս նաեւ ներկայումս հայ-ադրբեջանական սահմանի խախտում:

Ուշագրաւն այն է, որ գաղտնազերծւած ձայնագրութիւնում Փաշինեանը խոստովանում է, որ մտածւած, ներկայանալով անադեկւատ, իրեն գժի տեղ դնելով, տապալել է բանակցային գործընթացը, փորձելով նոր ճանապարհով ընթանալ, որից խօսում էր իր իշխանութիւնը ստանձնելուց որոշ ժամանակ անց, որով էլ ըստ էութեան նախադրեալներ ստեղծեց պատերազմի վերսկսման համար:

Մասնաւորապէս 2019 թ․ ապրիլին նա նշել էր, որ բանակցութիւնները սկսել է ոչ թէ Սերժ Սարգսեանի, այլ սեփական կէտից, այսինքն՝ մերժելով բանակցային նախկին օրակարգը: Մինչ այդ 2018 թ․ սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինեանը Դուշանբէում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ պայմանաւորւածութիւն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նւազեցնելու եւ միջադէպերը կանխելու, օպերատիւ կապի կոմունիկացիա ստեղծելու վերաբերեալ, ինչը ստացել էր վերելակային դիւանագիտութիւն անւանումը, որն ըստ էութեան նշանակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանաւորւածութիւնների տապալում, որոնք 2016 թւականի ապրիլեան պատերազմից յետոյ ՀՀ նախկին իշխանութիւնների ձեռքբերումն էին, քանի որ ենթադրում էին շփման գծի երկայնքով ԵԱՀԿ հետաքննութիւնների մեխանիզմների ներդրում, ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնում: Սա 2016 թ․ կարճատեւ պատերազմին յաջորդած դիւանագիտական գործընթացի ձեռքբերումն էր, որը Փաշինեանը հրապարակային զրոյացրեց, քանի որ նրա իշխանութեան բարդոյթն էր՝ չշարժւել նախկին իշխանութիւնների ձեռքբերումների ճանապարհով:

Եւ արդիւնքում՝ ինչպէ՞ս իրեն դրսեւորեց ուղիղ կապը Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ, Դուշանբէի պայմանաւորւածութիւնների համաձայն, որը չունէր որեւէ միջազգային վերահսկողական բաղադրիչ, եւս տեսանք պատերազմի ընթացքում: Սրան զուգահեռ՝ առարկայական բանակցութիւնների մասով Փաշինեանի իշխանութիւնը պահանջում էր Արցախի վերադարձ բանակցային սեղան եւ ակնկալում էր նոր առաջարկներ համանախագահներից, ըստ էութեան մերժելով սեղանին եղած վերջին փաստաթուղթը, որը յայտնի է «Լաւրովեան պլան» կամ Կազանեան պլանի մոդիֆիկացւած տարբերակ անւանմամբ:

 

Միջազգային հանրութիւնը «մոռացաւ» Արցախի հայանպաստ կարգավիճակի մասին

Առարկայական բանակցութիւնների գլխաւոր խնդիրն Արցախի կարգավիճակի հարցն է, որին որեւէ անդրադարձ չկայ յետպատերազմեան նոյեմբերի 9-ի յայտարարութիւնում: Միանշանակ է, որ մինչ Փաշինեանի իշխանութիւնն

Ադրբեջանը եւ միջազգային հանրութիւնը միակամ է եղել Արցախի կարգավիճակի հարցում, եղել է ընկալում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա եւս կարելի է համարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի թեզը, որը նա բազմիցս բարձրաձայնել է իր հրապարակային ելոյթներում: Նոյնիսկ գաղտնազերծւած ձայնագրութիւնում Փաշինեանը խոստովանում է, որ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն պնդում են, թէ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմում: Աւելին, միջնորդները ոչ թէ պահում էին Ադրբեջանի վեկտորալ ուղղութիւնը, այլ, ինչպէս Իլհամ Ալիեւն էր պնդում 2016 թ․ հոկտեմբերին. «Փակ դռների յետեւում մեզ վրայ ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացայայտում, քանի որ կան դիւանագիտական կանոններ»:

Ի դէպ, երբ Ն․ Փաշինեանը խօսում է «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» սկզբունքից, առաջարկում ենք յիշել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդւարդ Նալբանդեանի յօդւածը 2008-2018 թթ․ Արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի մասին: Նալբանդեանը նշում է, որ համանախագահների առաջարկած եւ կողմերի միջեւ բանակցութիւնների առարկայ դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են լեռնայինղարաբաղեան հակամարտութեան փաթեթային լուծում փուլային իրականացմամբ կարգաւորման բոլոր բաղադրիչների փոխկապակցւածութեամբ, այդ թւում՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի յստակեցումը քւէարկութեան միջոցով՝ ԼՂ ժողովրդի ազատ կամարտայայտումն արտացոլող եւ միջազգային իրաւական պարտադիր բնոյթ ունեցող, եւ ֆիքսւում էր, որ քւէարկութեան դրւող հարցի կամ հարցերի ձեւակերպումը չի սահմանափակւելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարաւորութիւն։

Ըստ Նալբանդեանի՝ հայկական կողմն այս ողջ ընթացքում չի քննարկել հակամարտութեան կարգաւորման որեւէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացում։ «Եւ պատահական չէ, որ ՀՀ ղեկավարութիւնը մէկ անգամ չէ, որ յայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշում է նա:

Աւելին, չափազանց կարեւոր հանգամանք, որից եւս խօսւում է յօդւածում: ՀՀ նախկին արտգործնախարարը նշում է, որ համանախագահ երկրները հետագայ բոլոր տարիների ընթացքում իրենց յայտարարութիւններում բազմիցս ընդգծել են հէնց այդ 3 սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառութեան բացառում, տարածքային ամբողջականութիւն եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունք, հիման վրայ հակամարտութեան կարգաւորման կարեւորութիւնը: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի հիշատակման մասին համանախագահները «մոռացել են» միայն Փաշինեանի իշխանութեան օրօք:

Ի դէպ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականեանը Ն․ Փաշինեանի բարդոյթներից ելնելով՝ չէր օգտագործում նախկին իշխանութիւնների օրօք հաստատւած դիւանագիտական ձեւակերպումներն ու ձեռքբերումները, ամէն կերպ խուսափում էր յղում կատարել Վիեննայի օրակարգին, դրան որոշակի փուլում նոյնիսկ «Դուշանբէ +» անւանումը տալով:

 

Մերժւեց «Լաւրովի պլանը»

Հետաքրքրական բացայայտում արեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը յունիսի 10-ին հրաւիրւած իր ասուլիսում՝ ներկայացնելով իր եւ Նիկոլ Փաշինեանի 2018 թ․ ամռան հանդիպման մանրամասները, հերքելով Փաշինեանի պնդումը, թէ այդ հանդիպման ժամանակ ինքն ասել է. «հողերը պէտք է տաս»: «Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է նա, թող ցոյց տայ։ Ինձ միշտ մտահոգել է ԼՂ հարցը, եւ իրականում գնացել էի մէկ բան ասելու. Փաշինեանին ասել եմ՝ քո առաջին գործը պէտք է լինի՝ ֆիքսել այն ժառանգութիւնը, որ ստացել ես Սերժ Սարգսեանից»,- պատմեց Տէր-Պետրոսեանը։ Առաջին նախագահը նաեւ ասաց, որ Լաւրովեան պլանը 2018 թ․ կար, Սերժը պէտք է ստորագրէր եւ մի կողմ քաշւէր: «Ասեց, ստորագրում եմ, համաձայն եմ»,- նշեց Տէր-Պետրոսեանը՝ յաւելելով, որ կար նաեւ կոնսենսուս համանախագահ երկրների միջեւ ու ճնշում Ալիեւի նկատմամբ, եւ Ալիեւը պատրաստ էր ստորագրել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանն իր փետրւարեան հարցազրոյցում, ներկայացնելով Լաւրովեան պլանը՝ ասել էր, որ Կազանեան փաստաթղթի Մադրիդեան սկզբունքների մոդիֆիկացւած տարբերակը Լաւրովն առաջարկել էր համանախագահների անունով: Ըստ նրա, դա ենթադրում էր, որ Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պէտք է որոշի ԼՂ բնակչութիւնը՝ առանց որեւէ ժամկէտային սահմանափակումների։

«Բայց այդպէս պէտք է լինի՝ Ադրբեջանը դա պէտք է ընդունի, միջազգային հանրութիւնը դա պէտք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտաւոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկեալ կարգավիճակ, իսկ այդ միջանկեալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետեւ նոյն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանութիւններ»,- ասել էր Սարգսեանը, բացառելով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Նրա խօսքով, այդ տարբերակը բացառւում էր, որովհետեւ այդ դէպքում ադրբեջանցիները երբեք յետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։

«Այսինքն՝ այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի եւ Քարվաճառի՝ Ադրբեջանին վերադարձնելու ժամկէտը շատ սերտորեն կապակցւած էր ԼՂ անկախութեան մասին հանրաքւէ անցկացնելու հետ»,- պարզաբանել էր Սարգսեանը, շարունակելով, որ ոչ միայն պատրաստ էր ստորագրել, այլ բացառապէս համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնի այդ տարբերակը։ Ի դէպ, այս մասին որոշակի մանրամասներ է յայտնել նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդւարդ Նալբանդեանն իր վերոնշեալ յօդւածում:

«Պրեսսինգ» հաղորդաշարին տւած հարցազրոյցում սահմանադրագէտ Վարդան Պօղոսեանը, ով լաւատեղեակ է բանակցային բովանդակութեանը, նշել է, որ 2016թ. յունւարեան փաստաթուղթը որոշակի դետալներով էր միայն տարբերւում 2011թ․ Կազանեան փաստաթղթից, եւ նորից իրականութեան հետ որեւէ առնչութիւն չունի Փաշինեանի այն պնդումը, թէ 2011թ․ յետոյ այլեւս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյութիւն չունէր, երբ Ալիեւը հրաժարւեց Կազանում այդ փաստաթուղթը ստորագրելուց, եւ խօսքն ընդամէնը գնում էր տարածքների վերադարձի մասին:

«Ընդ որում, Փաշինեանն իր յօդւածում մի քանի անգամ խօսելով 5+2 բանաձեւի մասին, որեւէ կերպ չի բացատրում՝ ինչ էր նշանակում այն»,- ասաց Վարդան Պօղոսեանը՝ յաւելելով, որ Փաշինեանը փորձում է տպաւորութիւն ստեղծել, որ Հայաստանը պատրաստ էր յանձնել 7 տարածքները՝ ոչնչի դիմաց: Ըստ նրա, եթէ Կազանում խօսքը գնում էր այն մասին, որ 5 տարւայ ժամանակահատւածի ընթացքում պէտք է բանակցւէին նաեւ ԼՂ կարգավիճակի, Լաչինի միջանցքի հետ կապւած խնդիրները, Քելբաջարի վերադարձի պայմանները, մնացած խնդիրները, ապա 2016 թ. յունւարեան փաստաթղթում նման դետալացում չկար, եւ դա բացատրելի էր, որովհետեւ համանախագահ երկրները եւ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, իսկապէս ցանկանում էին խնդրի կարգաւորմանը հասնել:

«Եւ եթէ 2011թ․ Ալիեւը բազմաթիւ վերապահումներ ներկայացրեց այդ փաստաթղթի վերաբերեալ, բնականաբար, ՌԴ-ն եւ միւս համանախագահող երկրները պէտք է փորձէին աւելի լայն ըմբռնման եզրեր փնտրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բայց 2016թ. յունւարեան փաստաթուղթն ուղղակիօրէն ենթադրում էր, որ տարածքների վերադարձը պէտք է շաղկապւած լինի ԼՂ վերջնական կարգավիճակի հետ, եւ նաեւ այդ խնդիրների լուծումից յետոյ պէտք է ամբողջութեամբ վերականգնւէին տնտեսական, քաղաքական յարաբերութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել էր Վարդան Պօղոսեանը:

Ամփոփելով՝ յիշեցնենք նաեւ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի յունւարեան մեկնաբանութիւնը:

Նա նշել էր, որ ռուսական առաջարկների ներքոյ, հաւանաբար, ենթադրւում է կարգաւորման փուլային ծրագիրը, որի վերջին խմբագրւած տարբերակը փոխանցւել է կողմերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թ․ յունիսին:

«Այդ պլանի հիմքում, որը մեծապէս համընկնում է Կազանի փաստաթղթին, ԼՂ կարգաւորման բազային սկզբունքներն են, որոնց շարքում՝ 5 շրջանների վերադարձն Ադրբեջանին առաջին փուլում, իսկ երկրորդում՝ երկու, ի դէպ, շեշտեմ դա յատկապէս, ԼՂ կարգավիճակի յստակեցման շղթայի մէջ: Առաջին փուլում Երեւանի շահերն արտացոլող այլ բաղադրիչների շարքում՝ ԼՂ-ի՝ ազգաբնակչութեան կենսագործունէութեան լիակատար կազմակերպումն ապահովող իրաւունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցութիւնը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի չկիրառման եւ այլ պարտաւորութիւնների ընդունումը: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել եօթ շրջանները հէնց այնպէս, մոռանալ կարգավիճակը եւ հանգստանալ՝ չի համապատասխանում իրականութեանը»,- նշել էր Պոպովը:

Վերջինիս խօսքով, ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրւած առաջարկները նախատեսել են, որպէս վերջնանպատակ, մէջբերում է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշում` կողմերի համաձայնեցրած ժամկէտում` ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքոյ, Լեռնային Ղարաբաղի բնակչութեան կամքի ազատ արտայայտում արտացոլող եւ իրաւաբանօրէն պարտաւորեցնող բնոյթ ունեցող` միջազգային իրաւունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխանող համապետական քւէարկութեամբ: Ի դէպ, քւէարկութեան դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները որեւէ բանով չեն սահմանափակւելու, իսկ ցանկացած արդիւնք կողմերը յարգելու են»:

«Իմիջիայլոց, առաջարկւում էր նաեւ դիտարկել Լաչինի միջանցքի լայնութիւնը եւ կարգավիճակը միայն երկրորդ փուլում` հաշւի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջան»,- պարզաբանել էր Պոպովը:

Ի վերջոյ, ռուսական առաջարկները մանրամասնել էր ՌԴ ԱԳ նախարար Սէրգեյ Լաւրովը պատերազմի ընթացքում տւած իր հարցազրոյցում: Նա նշել էր «ԵԱՀԿ ՄԽ առաջարկութիւնների բովանդակութիւնն արդէն յայտնի է. դա փուլային, աստիճանաբար Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Լեռնային Ղարաբաղին անվտանգութեան երաշխիքների տրամադրմամբ, եւ մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով յուսալի կապ Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ։ Այս սխեման քաջ յայտնի է»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ այս տխուր իրադարձութիւնները պէտք է օգնեն ակտիւացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրայ անվտանգութեան հարցերը լուծելով։ Ըստ նրա, բոլոր պայմանաւորւածութիւնները, որոնք վերջին շրջանում են քննարկւել եւ որոնք լրջօրէն են ընկալւել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում՝ 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպէս նաեւ երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի յստակեցման հարցը։

«Իսկ առաջին փուլում, բացի 5 շրջանների վերադարձից, կը բացւեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, եւ կը տեղակայւեն խաղաղապահներ, որոնք կերաշխաւորեն, որ ռազմական գործողութիւններ չեն վերսկսւի»,- նշել էր Լաւրովը:

Այս հրապարակմամբ աւելորդ ենք համարում նոյնիսկ յիշատակել Փաշինեանի այն պնդումները, թէ Շուշիի յանձնումն Ադրբեջանին մշտապէս եղել է բանակցային սեղանին, ինչը հերքւեց հենց ՀՀ ԱԳՆ-ի կողմից: «Խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարւելու հարց»,- ասել էր ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ էութեան, «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւից խօսում է միայն Նիկոլ Փաշինեանը: Այս պահի դրութեամբ նոյնիսկ նրա հետ աշխատած ԱԳ նախարարները որեւէ կերպ չեն հաստատում նրա պնդումները, եւ նախկին ղեկավարների, ԱԳ նախկին նախարար Նալբանդեանի, ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Պոպովի, ՌԴ ԱԳ նախարար Լաւրովի եւ մի շարք այլ մասնագէտների պնդումները թոյլ են տալիս ենթադրել, որ Փաշինեանին նախորդող իշխանութեան թողած բանակցային ժառանգութիւնը պարզապէս մսխւել է՝ հայ ժողովրդին կանգնեցնելով ողբերգական պատերազմի առջեւ»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։