Հա

Քաղաքական

18/06/2021 - 12:10

«Ռոբերտ Քոչարեանի ջղուտ, տղամարդկային բնոյթը եւ Սերժ Սարգսեանի շախմատային տաղանդը պէտք է միաւորւեն՝ կազմելով ապագայ իշխանութիւնը». Ալվարդ Պետրոսեան

Հայրենասիրութիւնը կեղծ բաժակաճառ են դարձրել, գուցէ խորհրդային տարիներն էլ իրենց դերն ունեցան, եւ երբ մտաւորականները մի քիչ լաւ են ապրում, յարմարւողական են դառնում՝ ստի ու երկակի ստանդարտների գերի, դառնում են «խոհանոցային մտաւորական». ես իմ ձայնը տալու եմ «Պատիւ ունեմ» դաշինքին, իմ ընկերներն այնտեղ են, թէեւ «Հայաստան» դաշինքում էլ շատ ընկերներ ունեմ, երկու անգամ Ռոբերտ Քոչարեանի վստահւած անձն եմ եղել: 

«alikonline.ir» - Հայրենասիրութիւնը կեղծ բաժակաճառ են դարձրել, գուցէ խորհրդային տարիներն էլ իրենց դերն ունեցան, եւ երբ մտաւորականները մի քիչ լաւ են ապրում, յարմարւողական են դառնում՝ ստի ու երկակի ստանդարտների գերի, դառնում են «խոհանոցային մտաւորական». ես իմ ձայնը տալու եմ «Պատիւ ունեմ» դաշինքին, իմ ընկերներն այնտեղ են, թէեւ «Հայաստան» դաշինքում էլ շատ ընկերներ ունեմ, երկու անգամ Ռոբերտ Քոչարեանի վստահւած անձն եմ եղել: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել գրող Ալվարդ Պետրոսեանը:

«Վստահում եմ Քոչարեանի ջղուտ, տղամարդկային, վճռական բնաւորութեանը եւ Սերժ Սարգսեանի շախմատային տաղանդին, դիրքային պայքարում նա, ինչպէս Տիգրան Պետրոսեանը, անգերազանցելի է։ Սերժ Սարգսեանը տասը տարի եղել է չինական պարիսպ, երբ Քոչարեանը նախագահն էր։ Նա կայուն, խոհեմ, վերլուծական մտքի տէր մարդ է։ Հայաստանը պատիւ ունի, ես երազում եմ, որ այս երկու դաշինքները կոալիցիա կազմեն, ինչպէս արցախեան շարժման ժամանակ։ «Հայաստան» դաշինքն առանց «Պատիւ ունեմ» դաշինքի ճիշտ չէ»,- ասել է մտաւորականը:

Ըստ Պետրոսեանի՝ արցախցիների ազգային զարթօնքի եւ պահանջատիրութեան յիշողութիւնը յուշում է, որ այս երկու դաշինքների դէմ ոչ մի Ալիեւ եւ Էրդողան չի դիմանայ. «Երբ տեսայ Շուշիի պայմանագրի կնքումը, յիշեցի Կարսի, Ալեքսանդրապոլի, Մոսկւայի դաշնագրերը, մնացել էր Շուշիինը։ Շատ է մի կեանքի համար այս ամէնը, իմ յաղթանակած սերնդի տեսածը։ Արիւնռուշտ Նիկոլին կարելի է շնորհաւորել, նա ջարդեց մեր սերնդի ողնաշարը, բայց ոչ ուղեղները։ Երբ Ալիեւն ու Էրդողանը դէպի Ստեփանակերտ էին նայում, յիշեցի առաջին անգամ Շուշիից փախնող վերջին հայերին, երբ Ղազանչեցոցի վերականգնումը չհասցրին աւարտել։ Գուցէ ես չտեսնեմ, բայց այն երրորդ անգամ է վերականգնւելու»:

Արձակագրի կարծիքով՝ այսօր Արցախի անունն այլեւս չեն տալիս, յանցագործի պէս լռում են, բայց ժողովրդի յիշողութեան հետ չի կարելի խաղալ. «Մի ոտքը գերեզմանում զառամեալ մարդիկ պաշտպանում են Նիկոլին։ Եթէ անգամ դա ժողովրդի մի հատւածն է, ինձ չի մխիթարում, որ նրանց թիւը սակաւ է, մենք փոքր ածու ենք։ Երեք տարի է՝ ես անեծքով եմ արթնանում, քանի որ երբեք չեմ խաբւել, նայել եմ այս ոչնչութեանը։ Համաշխարհային պատմութեան մէջ նման բան չկայ, նոյնիսկ սեւ Աֆրիկայից մի մարդակեր նախագահի բռնեցին, որը Սորբոնն էր աւարտել, բայց սառնարանում մարդու միս էր պահում, նոյնիսկ նա մուրճով չէր շրջում։ Եւ յանկարծ՝ մեր դասական ժողովրդին ղեկավարում է մի մարդ, որը նախամարդու պէս մուրճով է շրջում»:

Գրողի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինեանը ոչ թէ հոգեկան հիւանդ է, այլ սադիստ, աւելին՝ նա պարզապէս հայ չէ, եւ նրա վրայ չի կարելի զայրանալ, քանի որ նա մեր ազգային խնդիրները չի լուծում: «Նիկոլին ձայն տւողները կարծես «Գուլիւէրի ճանապարհորդութիւններից» էհուները լինեն։ Նրա՞նք պէտք է որոշեն, թէ մենք ինչպէս ենք ապրելու։ Սարսափելի ցաւալի է։ Կայացած ժողովուրդներն ունեն խելօք փոքրամասնութիւն, ընտրանի, որը պաշտօնով չէ, միտքը բիւրեղացնում է եւ վերագրում մեծամասնութեանը։ Մեզ մօտ բեւեռները խախտւել են, միւս բեւեռն իր ամենաընտիր տականքին՝ Նիկոլին է ընտրել»,- ամփոփել է Ալվարդ Պետրոսեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։