Print this page
18/06/2021 - 14:00

«Պէտք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին». Օնիկ Գասպարեան

ՀՀ Զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանը հանդէս է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարեանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանութիւնների դէմ:

«alikonline.ir» - ՀՀ Զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանը հանդէս է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարեանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանութիւնների դէմ:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.

«Յարգելի հայրենակիցներ,

իմ զինակից ընկերներ՝ Իշխանութիւնը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող վարչախմբին դիմել ամենակեղտոտ եւ անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունէեութեանը ընդդիմացող մարդկանց։

Ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է ձեւաւորւում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը եւ իր թիմակիցները ՀՀ կառավարութիւնում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղաւորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։

Անժխտելի փաստ է, որ պատասխանատւութիւնից խուսափող ղեկավարը մեծագոյն սպառնալիք է պետութեան համար։ Ես բազմիցս յայտարարել եմ, որ պատասխանատւութիւնից չեմ խուսափում եւ պատրաստ եմ աջակցել պատերազմի արդիւնքները քննող յանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանութեան ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միաւորներ հաւաքելու համար։

Իհարկէ, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափւել, եւ անհիմն յայտարարութիւններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարութեան վրայ։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրւել՝ նշանակելով մեղաւորներ եւ փակելով պատմութեան այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանութեան բարիքները։

Մեր զոհւած զինակից ընկերների թափւած արիւնը զրկել է մեզ ինքնապաշտպանւելու բարոյական իրաւունքից, բայց չափերը պէտք չէ անցնել։

Օբիեկտիւ քննութիւնը ցոյց կը տայ բոլորիս մեղաւորութեան աստիճանը։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայեացքներին՝ ես 18 տարեկանից իմ կեանքը նւիրել եմ հայրենիքի պաշտպանութեանը եւ ոչինչ չեմ խնայել թշնամու դէմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականութեամբ չեմ զբաղւել եւ, ըստ էութեան, ինձ համար տարբերութիւն չի եղել թէ ով է ներկայացնում իշխանութիւնը:

Սակայն այսօրւայ գործող իշխանութիւնների ապազգային գործունէութիւնը ստիպեց, որ պայքարեմ նրանց դէմ՝ պետութեան կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր յետպատերազմեան ճգնաժամից Հայաստանը եւ Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանւէր պաշտօնեաներով համալրւած կառավարութեան աշխատանքի շնորհիւ, որը պէտք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ:

Համոզւած եմ, որ այս իրավիճակում մենք պէտք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ բոլոր այն առողջ ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանութիւնների դէմ»:

 

Յարակից լուրեր