Հա

Քաղաքական

18/06/2021 - 16:00

«Յունիսի 20-ը ճակատագրական օր է. եկէք բուժենք վէրքերը. վստահ եղէք՝ ամէն ինչ լաւ է լինելու». Ռոբերտ Քոչարեան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանն ուղերձով է հանդէս եկել։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանն ուղերձով է հանդէս եկել։

«Սիրելի ժողովուրդ, աւարտին մօտեցաւ արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւը։ Անցած մէկ ամսւայ ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք Հայաստանով մէկ։

Վաղուց` 13 տարի ձեզ հիւր չէի եղել, շնորհակալ եմ հիւրըկալութեան ու ջերմ ընդունելութեան համար։

Այս օրերին հազարաւոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ փորձում էի հասկանալ` արդեօ՞ք փոխւել էք այս տարիների ընթացքում։

Ու մեծ ուրախութեամբ պէտք է ասեմ՝ չէք փոխւել, մնացել էք աշխատասէր, տաղանդաւոր, պարզ խօսող, վատն ու լաւը տարբերող։

Կարճ ասած` շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք։

Հիմա ընտրութիւնների մասին` երկու բառով։

Յունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիւ խաղաղութեան ու նւաստացած խայտառակութեան միջեւ։ Ընտրում ենք բարեկեցիկ կեանքի եւ անյոյս աղքատութեան միջեւ։

Վստահ եմ, որ այլեւս չէք խաբւելու։ Սուտը, տգիտութիւնն ու պիղծը մերժելու էք։

Կոչ եմ անում Ձեզ` եկէք նորից միասին շէնացնենք մեր տունը, մեր Հայաստանը։

Յարատեւ խաղաղութիւն հաստատենք։

Վերականգնենք մեր արժանապատւութիւնը։

Բուժենք վէրքերը։

Յաւերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։

Մեր ամենօրեայ տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կեանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։

Դա պէտք է լինի մեր կատարելիք ընտրութեան իմաստը։

Եւ ընդհանրապէս` մեր ապրած կեանքի իմաստը։

Վստահ եմ, որ չէք սխալւի։

Իսկ Դուք վստահ եղէք, որ ամէն ինչ լաւ է լինելու։

Դէպի ուժեղ Հայաստան»,- ասւում է ուղերձում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։