Հա

Քաղաքական

19/06/2021 - 09:50

«Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ առեւանգւած քաղաքացիական անձանց հանդէպ կեղծ մեղադրանքների հիման վրայ քրէական հետապնդման իրականացումը». ՀՀ ԱԳՆ

Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ առեւանգւած քաղաքացիական անձանց հանդէպ կեղծ մեղադրանքների հիման վրայ քրէական հետապնդման իրականացումը: 

«alikonline.ir» - Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ առեւանգւած քաղաքացիական անձանց հանդէպ կեղծ մեղադրանքների հիման վրայ քրէական հետապնդման իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Միջազգային իրաւունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատւութեան ենթարկւել պատերազմական գործողութիւններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդէպ Ադրբեջանում տարածւած ծայրայեղ ատելութեան եւ պետական մակարդակով հովանաւորւող ռասիստական քաղաքականութիւնից՝ ակնյայտ է, որ իրականացւող դատավարութիւնները չեն կարող լինել արդար եւ թափանցիկ:

Վերը նշւածը, ինչպէս նաեւ քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առեւանգելը հանդիսանում են միջազգային իրաւունքի բազմաթիւ նորմերի կոպտագոյն խախտումներ:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառւած քաղաքացիների իրական թւերի եւ պահման վայրերի թաքցնելը նոյնպէս պատերազմական եւ մարդկութեան հանդէպ յանցագործութիւնների կատարման լուրջ վկայութիւն են:

Ադրբեջանը շարունակում է կոպտօրէն խախտել իր կողմից վաւերացւած մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թւում՝ Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիան, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նւաստացնող վերաբերմունքի եւ պատժի դէմ ՄԱԿ-ի կոնւենցիան եւ, մասնաւորապէս՝ Ժնեւի երրորդ կոնւենցիան:

Ելնելով վերոյիշեալից՝ խստօրէն դատապարտում ենք Բաքւի դատարանի՝ յունիսի 14-ին հրապարակւած ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացի Վիգէն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերեալ: Վերջինս առեւանգւել է ադրբեջանական զինւած ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրման յաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացւել է ճնշման եւ խոշտանգումների արդիւնքում կորզւած իբր «խոստովանական ցուցմունքների վրայ»:

Դատապարտելի է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան առաջին կէտի խախտման արդիւնքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողութեան տակ գտնւող Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերում Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական գործողութեան հետեւանքով գերեվարւած զինւորականների հանդէպ կեղծ քէրական գործերի յարուցումը եւ քէրական հետապնդման իրականացումը:

Յունիսի 15-ին Արցախի Հանրապետութեան` Ադրբեջանի կողմից օկուպացւած Շուշի քաղաք այցելութեան շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած երկխօսութեան տեսագրութիւնը փաստում է, որ յետպատերազմեան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործւում է քաղաքական նպատակներով՝ որպէս Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան բացահայտ խախտում Է։ Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու Ադրբեջանի հետեւողական քաղաքականութեան մասին:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպէս նաեւ իրաւապաշտպան կառոյցներին խստօրէն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումները եւ պահանջել շինծու քէրական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափոյթ հայրենադարձումը»,- ասւած է ԱԳՆ յայտարարութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։