Հա

Քաղաքական

19/06/2021 - 11:25

Ընտրութիւններին մասնակցող 17 քաղաքական ուժ բացառում է Նիկոլ Փաշինտանի հետ կոալիցիա կազմելու հնարաւորութիւնը

Ընտրութիւններին մասնակցող ուժերից 17-ը բացառել է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հետ, եթէ այդպիսի հարց առաջանայ։ Tert.am-ը ներկայացնում է ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների եւ դաշինքների դիրքորոշումները այդ հարցի վերաբերեալ։

«alikonline.ir» - Ընտրութիւններին մասնակցող ուժերից 17-ը բացառել է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հետ, եթէ այդպիսի հարց առաջանայ։ Tert.am-ը ներկայացնում է ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների եւ դաշինքների դիրքորոշումները այդ հարցի վերաբերեալ։

1. «Պատիւ ունեմ» դաշինքը բացառում է Նիկոլ Փաշինեանի հետ կոալիցիան:

2. «Հայաստան» դաշինքը եւս բացառում է Նիկոլ Փաշինեանի հետ կոալիցիան:

3. «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանը յայտարարել էր, որ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեամբ, Ռոբերտ Քոչարեանի վարչապետութեամբ բացառում են որեւէ կոալիցիա։

4. «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանը վստահեցրել է, որ իր խօսքի տէրն է, եւ ընտրութիւններից յետոյ կոալիցիա չի կազմելու Նիկոլ Փաշինեանի հետ։

5. Հայ Ազգային կոնգրեսը եւս բացառել է նման հնարաւորութիւնը. Լեւոն Զուրաբեանը նշել է, որ մերժելի է կոալիցիան Նիկոլ Փաշինեանի եւ Ռոբերտ Քոչարեանի հետ։

6. «Շիրինեան-Բաբաջանեան ժողովրդավարների» դաշինքից Արման Բաբաջանեանը յայտարարել է՝ եթէ ընտրւեն եւ եթէ կոալիցիա կազմելու անհրաժեշտութիւն առաջանայ, կը միաւորւեն Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը։

7. «Հանրապետութիւն» կուսակցութեան ղեկավար Արամ Սարգսեանը բացառում է ընտրութիւններից յետոյ ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ համագործակցութիւնը, իսկ մնացածի վերաբերեալ կանխատեսումներ չի արել։

8. «Արդար Հայաստան» կուսակցութիւնը բացառում է կոալիցիան ցանկացած քաղաքական ուժի հետ, յատկապէս՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած ուժի հետ։

9. «Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութիւնը եւս որեւէ դէպքում կոալիցիա չի կազմի Նիկոլ Փաշինեանի հետ։

10. «Ազատութիւն» կուսակցութիւնը պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, բացառութեամբ՝ Նիկոլ Փաշինեանի:

11. «Միասնական Հայրենիք» կուսակցութիւնը ոչինչ չի բացառում, նշել են, որ ընտրութիւններից յետոյ պարզ կը լինի:

12. Համահայկական Ազգային Պետականութիւն (ՀԱՊ) կուսակցութիւնից աւելի վաղ նշել են, որ կը համագործակցեն այն անձանց հետ, որոնք ունեն «գիտելիք, մասնագիտութիւն, փորձ, մաքուր ձեռքերով են, կարող են երկիրն այս վիճակից հանել»:

13. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցութիւնը բացառել է Նիկոլ Փաշինեանի հետ կոալիցիա կազմելը։

14. «Հայոց Հայրենիք» կուսակցութիւնից նշեցին, որ բացառում են ՔՊ-ի հետ կոալիցիան, իսկ մնացածը քննարկման փուլում է:

15. «Ազատ Հայրենիք» դաշինքից Պահպանողական կուսակցութեան նախագահ Միքայէլ Հայրապետեանը նշել է՝ ինքն անձամբ չի բացառում Նիկոլ Փաշինեանի հետ կոալիցիայի կազմումը, սակայն դաշինքը դեռ յստակ դիրքորոշում չունի։

16. Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւնը եւս բացառում է Նիկոլ Փաշինեանի հետ համագործակցութիւնը:

17. «5165» ազգային պահպանողական շարժում-կուսակցութիւնը եւս բացառել է Նիկոլ Փաշինեանի հետ կոալիցիայի կազմումը:

18. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը եւս չի կազմի կոալիցիա Նիկոլ Փաշինեանի հետ:

19. «Ազգային օրակարգ» կուսակցութիւնից ասացին՝ Նիկոլ Փաշինեանի եւ նրա արբանեակ ուժերի հետ բացառում են կոալիցիա կազմելը։

20. «Վերելք» կուսակցութիւնը «յանուն պետական շահի» կը համագործակցեն բոլոր ուժերի հետ։

21. Ազատական կուսակցութիւնից նշեցին, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կընդունեն իրենց ծրագրային դրոյթները, ունեն բոլոր հնարաւորութիւնները համագործակցելու իրենց հետ, Հայաստանի ներսում թշնամիներ չեն փնտրում։

22. Հայաստանի եւրոպական կուսակցութիւնը ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայ իշխանութիւնների հետ բացառում են կոալիցիան։

23. «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ը բացառում է ոչ միայն Նիկոլ Փաշինեանի, այլեւ՝ մնացած բոլոր ուժերի հետ համագործակցութիւնը:

24. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութիւնը բացառում է կոալիցիայի կազմումը բոլոր քաղաքական ուժերի հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։