Ես իմ ընտրութիւնը կատարել եմ դեռեւս 33 տարի առաջ եւ այսօր էլ իմ վերաբերմունքը չիփոխւել։ Այս մասին քւէարկութեանը մասնակցելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ երրորդնախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը։
«alikonline.ir» - Ես իմ ընտրութիւնը կատարել եմ դեռեւս 33 տարի առաջ եւ այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխւել։ Այս մասին քւէարկութեանը մասնակցելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը։ Գրում է Tert.am-ը:
«Ես քւէարկել եմ յանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապէս զարգացած Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, յանուն հզօր հայկական բանակի, յանուն մեր սահմանների անձեռնմխելիութեան եւ յանուն մեր հասարակութեան հաշտեցման»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թէ «Պատիւ ունեմ»-ի թիմի վրայ ճնշումներ են գործադրւում` Սարգսեանն արձագանքեց․
«Ողջ իրաւապահ համակարգը, յատկապէս քարոզարշաւի օրերին, ակնյայտ հրահանգաւորումով լծւած է մեր դէմ բիրտ ուժ կիրառելուն, անգամ անհասկանալի հրաւէրներ իրաւապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկութիւններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալութիւններ, որոնք դատական ակտերով հաստատւել են եւ այսպէս շարունակ»,- ասաց նա՝ նշելով, թէ առաւօտից ուշադիր հետեւում են իրադարձութիւններին։
«Կարծում եմ՝ օրւայ երկրորդ կէսին միջանկեալ յայտարարութիւն կանենք, իսկ հիմնական յայտարարութիւնը կանենք քւէարկութեան աւարտից անմիջապէս յետոյ»,- ասաց նա։
Հարցին՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցութեան հնարաւորութիւն տեսնո՞ւմ է, Սարգսեանն արձագանքեց․ «Ընտրութիւններն անցնելուց յետոյ դրա մասին կը խօսենք»։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարեանն իրեն ներե՞լ է իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանին յանձնելու եւ 2013-ին նախագահի պաշտօնին երկրորդ անգամ առաջադրւելու համար, Սարգսեանն արձագանքեց․ «Ինձ միայն Աստւած կարող է ներել, ուրիշ ոչ մէկը»։
Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարէն Կարապետեանն ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարեանին սատարում, եւ ոչ իրեն, Սարգսեանն արձագանքեց՝ այդ հարցը Կարապետեանին պէտք է տալ, ապա յաւելեց․ «Այդտեղ ի՞նչ ողբերգութիւն էք տեսնում կամ անտրամաբանական բան»։
Այն հարցին էլ, թէ ինչպէս է տեսնում Հայաստանի ապագան, եթէ վերընտրւի Նիկոլ Փաշինեանը, Սարգսեանն արձագանքեց․ «Ապագայ չկայ»։