Հա

Քաղաքական

23/06/2021 - 10:25

Բանակը կողմ արտայայտւեց բանակի քանդմանը

Փետրւարի 25-ին ՀՀ զինւած ուժերը պահանջեցին վարչապետի եւ նրա կառավարութեան հրաժարականը՝ գտնելով, որ նրանք այլեւս ի վիճակի չեն ընդունելու համաչափ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Փետրւարի 25-ին ՀՀ զինւած ուժերը պահանջեցին վարչապետի եւ նրա կառավարութեան հրաժարականը՝ գտնելով, որ նրանք այլեւս ի վիճակի չեն ընդունելու համաչափ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:

«ՀՀ զինւած ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանութեան կողմից զինւած ուժերը վարկաբեկելուն ուղղւած «գրոհները», սակայն ամէն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինւած ուժերը պատւով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դէմ: Գործող իշխանութիւնների անարդիւնաւէտ կառավարումը եւ արտաքին քաղաքականութիւնում ցուցաբերած լրջագոյն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- մասնաւորապէս նշւած էր Զինւած ուժերի յայտարարութեան մէջ, որի տակ մօտ 4 տասնեակ գեներալ եւ բարձրաստիճան զինւորական էր ստորագրել, այդ թւում՝ բանակային հինգ կորպուսների հրամանատարները:

Այն գործողութիւնները, որոնք պէտք է յաջորդէին այս յայտարարութեանը՝ չեղան, չնայած որ իշխանութիւնները շարունակում էին սահմաններ հատել, իսկ թուրքը՝ մօտենալ ՀՀ դարպասներին, որը յունւարի 28-ին խոստանում էին թոյլ չտալ:

Օնիկ Գասպարեանը, պարզւեց, որ այս յայտարարութիւնից բացի, այլ բան չէր էլ նախատեսել ի սկզբանէ, իսկ Փաշինեանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած գեներալներն ու բարձրաստիճան զինւորականներից շատերը նրա կողքին կանգնել էին զուտ սեփական կարիերան փրկելու համար, որովհետեւ սկզբնական շրջանում իրենց թւացել էր, որ գեներալ-գնդապետն է այս իրավիճակում յաղթողը լինելու, բայց երբ աւելի ուշ ազդակներ ստացան եւ համոզւեցին, որ իրավիճակն այդ ուղղութեամբ չի զարգանալու, սկսեցին համակերպւել Նիկոլ Փաշինեան գերագոյնին ծառայելուն:

Այս դէպքում, թերեւս, աւելի ազնիւ էին յայտարարութիւն-պահանջը չստորագրածները, քան ստորագրած տակտիկական նահանջողները: Մի քիչ ժամանակ, եւ բանակին մի տեսակ «ներւեց» նոյնիսկ սա. առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն էին, եւ բանակը կարող էր աւարտին հասցնել չաւարտածը եւ իր վերաբերմունքն արտայայտել, յատկապէս, երբ նախընտրական շրջանում ամէն օր նւաստացւեց բանակը, զինւորը, սպան: Այդ օրերին, ի դէպ, ԳՇ-ից եւ բանակային կորպուսների ղեկավարութիւնից յորդորում էին բանակը չդարձնել նախընտրական քաղաքական օրակարգի մաս, զինւորներին էլ՝ «վայրի ցեղերին»:

Յունիսի 20, արտահերթ ընտրութիւններ. առաւօտից տարբեր տեղեկութիւններ եւ տեսանիւթեր էին շրջանառվում՝ տարբեր մարզերում, տարբեր բանակային կորպուսների ենթակայութեան տակ գտնւող զինւորները ուղղորդւած ընտրութիւն էին կատարում՝ յօգուտ իշխանութեան, առաջին պլան բերելով թիւ 3-ը: Պաշտպանութեան նախարարութիւնը, իհարկէ, շտապեց հերքել, թէ ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանիւթերի հեղինակների ենթադրութիւններն են, որոնք զուրկ են որեւէ հիմնաւոր փաստարկից։

Ի դէպ, ընտրութիւնների նախօրէին ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի վարչակազմակերպչական վարչութեան տեղեկատւութեան բաժնի պետ, գնդապետ Սամուէլ Ասատրեանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածւող այն տեսանիւթին, որում N զօրամասի զինծառայողները յայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին, նշել էր, որ մեղաւորները կը պատժւեն օրէնքով սահմանւած կարգով․ մանրամասները կը պարզւեն ծառայողական քննութեան արդիւնքում»:

Ի դէպ, այստեղ բանալի բառ կայ՝ «զինւորը ցանկացած պարագայում պարտաւոր է կատարել վերադասի հրամանը, եւ այս պարագայում, մեր կարծիքով, պարզապէս կատարւել է հրաման՝ անկախ այն հանգամանքից, թէ արդեօք տեսանիւթում հնչած միտքը արտացոլո՞ւմ է նրանց ցանկութիւնը, թէ՞ ոչ»:

Երեկւայ ընտրութիւններում, ըստ 168.am-ին հասած տեղեկութիւնների, գրեթէ բոլոր բանակային կորպուսները մօտ 80 տոկոսով ձայն են տւել Նիկոլ Փաշինեանին: Օրինակ, Քանաքեռի զօրամասն ամբողջութեամբ է Փաշինեան ընտրել. ըստ մեր ունեցած տեղեկութիւնների, ՀՀ ինքնիշխան տարածքում գերեվարւած 6 զինծառայողները, որոնցից 5-ը վերջերս վերադարձւեցին՝ Ակնայի ականապատ դաշտերի քարտէզների դիմաց, այս զօրամասից էին:

Հիմա հարց՝ զինւորներն այս դէպքում ենթարկւել են Փաշինեանին ընտրելու հրահանգի՞ն, թէ՞ որոշ դէպքերում զինւորներն իրենք են այդպէս որոշել:

Երկու դէպքում էլ երեւոյթը սարսափելի է եւ բանական մարդու ուղեղում չտեղաւորւող, որովհետեւ երկու դէպքում էլ բանակի եւ զինւորի հասցէին արւած վիրաւորանքները եւ պատերազմում զոհւած զինւորների եւ լաւագոյն սպաների արիւնը «կուլ տալու» փաստի հետ գործ ունենք:

Իհարկէ, դեռ որոշ նւիրեալներ կը շարունակեն սահման պահել եւ հրաման տալ՝ թուրքի առաջխաղացումը կասեցնելու, այդ թւում՝ նրանց իսկ տարածքում, բայց, մեծ հաշւով, բանակը կողմ արտայայտւեց բանակի քանդմանը, իր չլինելիութեանը, թուրքին չկրակելուն, սեփական տարածքում գերի ընկնելուն, ռուսական զրահաբաճկոններ հագնելուն՝ հայկական կամուֆլեաժի վրայից:

Բայց, եթէ ոմանց թւում է, թէ ամէն ինչ սրանով աւարտւելու է, ապա՝ ոչ: Նիկոլ Փաշինեանը կառավարութիւն ձեւաւորելուց յետոյ սկսելու է քրէական գործերով կամ ճնշման այլ մեթոդներով վախեցնել իրեն ձայն բերած գեներալներին, որ իրար դէմ, կամ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարեանի դէմ ցուցմունք տան, որպէսզի պատերազմում բանակի «միանձնեայ» մեղքը լեգիտիմացնի, իր՝ գերագոյն հրամանատարի գործած, բայց գեներալների լռութեան շնորհիւ չապացուցած մեղքն էլ օրէնքով սրբագրի:

Հաւատացէք, զինւորականների դէմ ցուցմունքներ տւող զինւորականներ կը գտնւեն, այնպէս, ինչպէս գտնւեցին Օնիկ Գասպարեանի հայրենի գիւղում՝ Աչաջուրում, Նիկոլ Փաշինեանին յաղթական ձայներ բերածներ, եւ ոչինչ, որ իրենց համագիւղացուն Փաշինեանը թշնամի է յայտարարել, կարեւորը, որ Փաշինեանը չի պատժել Իջեւանում այն պայմանագրայիններին, որոնց «նաւոդկով» իրենց իսկ հարազատները փակել էին աւտոբուսի դիմացը, որ նրանք պատերազմի օրերին Արցախ չմեկնեն: Եւ ոչինչ, որ Փաշինեանի որդու փրկութեան օպերացիային Իշխանաձորի հատւածում զոհ գնացին Իջեւանի գնդի սպաներն ու ժամկէտայինները, իսկ դասալիք պայմանագրայինները կը շարունակեն ապագայ ունենալ…

 

«168 ժամ»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։