Հա

Քաղաքական

23/06/2021 - 11:55

Որքան էլ գործող իշխանութիւնը հնարաւորութիւն ունենայ միանձնեայ կառավարութիւն կազմելու, այնուամենայնիւ իրավիճակ է փոխւել

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների թեմայով «Հրապարակ» թերթը զրուցել է լիբանանեան «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ Շահան Գանտահարեանի հետ։

«alikonline.ir» - Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների թեմայով «Հրապարակ» թերթը զրուցել է լիբանանեան «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ Շահան Գանտահարեանի հետ։

 

- Պարո՛ն Գանտահարեան, 3 ուժից կազմւած խորհրդարան ձեւաւորւեց։ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած ուժը կրկին առաջին տեղով անցաւ։ Հիմա հաշւի առնելով նաեւ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների անցնելը՝ սա ի՞նչ ազդեցութիւն կունենայ Հայաստանի ներքաղաքական վիճակի վրայ։ Եւ նաեւ Արցախի հարցով ի՞նչ է հնարաւոր անել՝ հաշւի առնելով նաեւ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների ռեսուրսները, Ռոբերտ Քոչարեանի գործօնը։

- Որքան էլ գործող իշխանութիւնը հնարաւորութիւն ունենայ միանձնեայ կառավարութիւն կազմելու, այնուամենայնիւ իրավիճակ է փոխւել։ Իրավիճակ է փոխւել այն առումով, որ ի տարբերութիւն նախորդ Ազգային ժողովի՝ այսօր կան աւելի շատ փորձ ունեցող, կայացած ուժեր։ Կարծում եմ՝ նաեւ հակակշիռ, իր գործառոյթները լիարժէք օգտագործող ընդդիմութիւն, ինչը նաեւ գործող Սահմանադրութեան իրաւադրոյթներից է բխում։ Այդ առումով հիմնականում իրավիճակ է փոխւել։ Եւ մենք ականատես կը լինենք խորհրդարանական բովանդակային բանավէճերի եւ կը զգանք ընդդիմութեան առկայութիւնը եւ հակակշիռ դերը։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է նաեւ այն փաստը, որ մեզ առաջիկայում սպասում են ոչ միայն Արցախեան հակամարտութեան առումով, այլ նաեւ տարածաշրջանային առումով տարողունակ օրակարգեր։ Եւ այստեղ հսկայական է միակուսակցական իշխանութեան պատասխանատւութիւնը, որովհետեւ նաեւ մենք գնում ենք Արցախեան հակամարտութեան կարգաւորման ամենակարեւոր փուլերին ընդառաջ։ Որովհետեւ չմոռանանք, որ ներկայումս ոչ թէ կարգաւորման պայմանագիրն է ստորագրւել, ոչ թէ խաղաղութեան համաձայնագիրն է ստորագրւել, այլ ընդամէնը հրադադարի համաձայնութիւն [Նոյեմբերեան եռակողմ յայտարարութիւնը] է։

 

- «Անջատում յանուն փրկութեան» կոնցեպտը որքանո՞վ է կարող ազդել Արցախեան հակամարտութեան հայանպաստ կարգաւորման վրայ, եւ համակամարտութեան հայանպաստ լուծման համար ի՞նչ հնարաւորութիւններ էք տեսնում։

- Նախ, կարծում եմ, որ «Անջատում յանուն փրկութեան» եզրաբանութիւնը, որն օգտագործւում է հայկական կողմից, ճիշտ չէ քաղաքական բովանդակային առումով, եւ չի բխում հայկական կողմի շահերից։ Բացատրեմ միտքս։ Երբ ասում ենք «Անջատում յանուն փրկութեան», բանաձեւի երկրորդ բաղադրիչը՝ «փրկութիւնը», պարզ է, որ իր մէջ հասկանալիօրէն ներառել է էթնիկ զտման չենթարկւելու առաջադրանքը, նոր ցեղասպանութեան չենթարկւելու առաջադրանքը։ Այնտեղ փաստօրէն կայ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պետականօրէն մշակւած ցեղասպանական քաղաքականութիւնն ընդդէմ արցախահայութեան։ Սա հասկանալի է։ Եւ, ի վերջոյ, շատ կարեւոր է, որ մենք փրկութեան գաղափարը միջազգային հանրութեանը փորձենք համոզել։ Որ սա է իրականութիւնը․ պատմական տարբեր հանգրւաններում՝ Սումգայիթի, Բաքւի, Կիրովաբադի ջարդեր եւ այլն, նաեւ Ապրիլեան պատերազմ, Արցախեան առաջին, երկրոդ պատերազմ, ադրբեջանական կողմը միշտ փորձել է ցեղասպանութիւն իրականցնել արցախահայութեան նկատմամբ։ Խնդիրը, կարծում եմ, բանաձեւի առաջին բաժինն է՝ «անջատում»։ Երբ «անջատում» ենք ասում, դա ենթադրում է անջատում Ադրբեջանից, մինչդեռ իրաւական առումով եւ ընդհանրապէս իրաւաքաղաքական առումով հայկական կողմը երբեք չի ընդունել, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս է կազմել։ Արցախը ե՛ւ Մուսաֆաթական Ադրբեջանի օրերին, երբ 1918 թւականին անկախացաւ, Ադրբեջանի մաս չէր կազմել, ե՛ւ նաեւ վերանկախացման օրերին։ 1991-ին Արցախը փաստօրէն անջատւեց Խորհրդային Միութիւնից։

 

- Նկատի՞ ունէք՝ «Անջատում յանուն փրկութեան»-ը կարող է հակասութեան մէջ մտնել ինքնորոշման իրաւունքի հետ։

- Այո, եւ ես դէմ եմ այդ եզրոյթի օգագործմանը։ «Անջատումը» կարող է շատ դիւրին մեկնաբանւել՝ «անջատում Ադրբեջանից», մինչդեռ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել։ Արցախն ինքնորոշւել է, Արցախը Խորհրդային Միութեան փլուզման օրերին այլ հանրապետութիւնների նման Հայաստանի Հանրապետութեանը «Միացում» է պահանջել, յետոյ նաեւ անկախութիւն։ Ո՛չ 1918-ին, ո՛չ էլ 1991-ին Արցախի իրաւակարգը կարգավիճակային առումով երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Դրա համար «Անջատում յանուն փրկութեան» փոխարէն «Ինքնորոշման իրաւունքի իրացում յանուն փրկութեան»․ կարծում եմ սա պէտք է լինի, որովհետեւ ամբողջ բանակցային փիլիսոփայութեան մէջ հայկական կողմերի շահերից բխած առաջնային սկզբունքը [ազգերի ինքնորոշման իրաւունքը] դա է եղել։ Եւ մենք պէտք է չձեւափոխենք մեր սկզբունքը։ Նոյնիսկ, կարծում եմ, «կարգավիճակ» բառեզրը տեղին չէ օգտագործել, որովհետեւ կարգավիճակը կարող է լինել բարձրագոյն ինքնավարութիւնն Ադրբեջանի կազմում, կարող է լինել Ռուսաստանի հոգատարութիւն, պրոտեկտորիատ եւ այլն։ Ուրեմն ամենաճիշտ իրաւակաքաղաքական եզրոյթը, որը բխում է զուտ հայկական շահերից, «Ազգերի ինքնորոշման իրաւունք յանուն փրկութեան»։ Սա է․ մանաւանդ, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը նաեւ ԵԱՀԿ շրջանակներում, Հելսինկեան եզրափակիչ ակտի կարեւորագոյն սկզբունք է։ Առաջինը սա է պէտք անել։ Շատ կարեւոր գերխնդիր է մեր հետագայ բանակցային ռազմավարութիւնը վերամշակելիս։

 

- Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք պատերազմ սկսւեց, Արցախի հակամարտութան շուրջ բանակցութիւնները բաւականին փակուղու մէջ մտան։ Նոյնիսկ սահմանամերձ, վտանգի տակ գտնւող բնակիչները ձայն տւեցին Նիկոլ Փաշինեանին։ Հիմա թէկուզ այս վիճակում ընդդիմութիւնն ի՞նչ է կարող անել, որպէսզի չկրկնւի այն, ինչ եղաւ 2020 թւականին, 2018 թւականից սկսած։

- Կարծում եմ, որ ընդդիմութիւնը նաեւ բանակցային նոր ռազմավարութեան հայեցակարգ պէտք է մշակի եւ պիտի ամէն առիթով դրա մասին բարձրաձայնի։ Ընդդիմութիւնը, որին նաեւ ներառւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, շատ կարեւորագոյն օղակներ ունի նաեւ արտերկրում, յատկապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրներում [Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ], որտեղ ակտիւ գործում են Հայ Դատի յանձնախմբերը։ Եւ այնտեղ բանակցային նոր հայեցակարգի հիմնադրոյթների, սկզբունքների շուրջ պէտք է լոբբիստական աշխատանքեր տարւեն։ Աշխարհաքաղաքական շրջանակներից նկատւում է որոշակի միտում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահական ձեւաչափը վերագործարկելու։ Եւ այդ առումով այդ երեք երկրներում եւ այս դէպքում յատկապէս Ֆրանսիայում, Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում, ընդդիմութեան մշակած բանակցային նոր ռազմավարութիւնը, այդ իրաւադրոյթները, ելնելով ներկայ իրավիճակից, պէտք է անպայման թէ՛ ներսում, թէ՛ դրսում ներկայացւեն, յատկապէս ազդեցիկ գօտիներում, այն երկրներում, որոնք միջազգային լիազօրութիւններով առնչւել են միջնորդական առաքելութիւններ իրականացնելուն։ Կարծում եմ՝ նոր հայեցակարգի հիմանական դրոյթները պէտք է լինեն Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնումը։

 

- Նկատի՞ ունէք՝ տարածքային ամբողջականութիւնը ԼՂԻՄ սահմաններով։

- Այո, ԼՂԻՄ-եան տարածքները։ Երկրորդ՝ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում։ Եւ երրորդը՝ Արցախի արդէն ճանաչւած հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց․ այս դէպքում ես նկատի ունեմ նաեւ վարչական տարածքները՝ Շահումեան, Գետաշէն, Մարտունաշէն։ Արցախի Հանրապետութեան վերագծումը։ Սրանք պէտք է լինեն հիմնական իրաւադրոյթները, որոնք ընդդիմութիւնը պէտք է ներառի իր նոր բանակցային ռազմավարական հայեցակարգում։ Եւ սա նաեւ համակարգի յատկապէս դրսում հայկական լոբբիստական խմբաւորումների, խմբակցութիւնների միջեւ։ Սա շատ կարեւոր է ծանօթ պատճառներով անցած Արցախեան պատերազմից յետոյ․ Հայաստանի չի տիրապետում իր արտաքին քաղաքականութիւն կիրառելու նախկին գերիշխանութեանը։ Եւ այստեղ փաստը ցոյց տւեց, որ բազմաթիւ կարեւորագոյն հանգոյցների, գերխնդիրների բանակցութիւններում մեր [հայկական կողմի] փոխարէն բանակցում էր Ռուսաստանի Դաշնութիւնը՝ սկսած ռազմագերիներից հասնելով մինչեւ սահմանային խնդիրներ եւ այլն։ Նոյն կաշկանդւածութիւնը չունի Հայկական սփիւռքը։ Եւ քիչ առաջ ես նշեցի նաեւ Եւրոպան եւ յատկապէս Միացեալ Նահանգները, որտեղ ակտիւ են հայկական լոբբիստական խմբաւորումները։ Ուրեմն պէտք է հնարաւորութիւններ ստեղծել, որ Հայկական սփիւռքի քաղաքական գործօնի եւ Հայաստանի ընդդիմադիր դաշտի միջեւ այս համակարգումը լինի բանակցային նոր հայեցակարգ մշակելիս։

 

- Նշեցիք, որ ընդունելի չէ Ձեզ համար կարգավիճակի հարցի բարձրացումը։ Բանակցութիւններն ընթացել են հետեւեալ կերպ՝ ԼՂԻՄ-ը շրջապատող մի քանի շրջան յանձնւում է, եւ կարգավիճակի հարցը մնում է հետագայի վրայ։ Ի՞նչ խնդիր էք տեսնում կարգավիճակի հետ կապւած։

- Ես «կարգավիճակ» [նկատի ունի «Անջատում յանուն փրկութեան»-ի համածիրում, ոչ թէ բանակցային սեղանին քննարկւող հիմնական փաստաթղթերում] բառեզրին համաձայն չեմ։ Ես ասում եմ, որ «կարգավիճակ յանուն փրկութեան»-ի փոխարէն ասեն «ազգերի ինքնորոշման իրաւունք յանուն փրկութեան», որովհետեւ կարգավիճակը կարող է նաեւ ոչ անկախ կարգավիճակը լինել։ Դրա համար առաջին կէտը, կարծում եմ, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնումը պէտք է լինի։ Գուցէ փուլային մօտեցում է սա՝ Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնում, Արցախի Հանրապետութեան ճանաչում եւ դրանից յետոյ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ։ Սա իր մէջ տրամաբանութիւն ունի։ Ուրեմն առաջին հերթին ԼՂԻՄ-եան սահմանների վերականգնման մասին է խօսքը, յատկապէս նկատին ունեմ Շուշիի եւ Հադրութի վերադարձը։

 

Սերգէյ Առաքելեան

 

Յարակից լուրեր

  • Վտանգուած անկախութիւնը
    Վտանգուած անկախութիւնը

    30 տարի առաջ, հայոց անկախ պետականութեան վերընձիւղման ու վերականգնման գործընթացը համատեղ զսպանակուեցաւ Լեռնային Ղարաբաղի հայութեան ինքնորոշման հիմնախնդրին հետ։

  • Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

    Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

  • «Դուք խաբւած ու դաւաճանւած ազգի զայրոյթը չէք տեսել, կը տեսնէք». Ն. Յոխիկեանը՝ Նիկոլի իշխանութեանը
    «Դուք խաբւած ու դաւաճանւած ազգի զայրոյթը չէք տեսել, կը տեսնէք». Ն. Յոխիկեանը՝ Նիկոլի իշխանութեանը

    Անհայրենիք տականքներ, ոնց էք խաբել այս ազնիւ ու միամիտ ազգին, ոնց էք կարողացել մարդկանց համոզել, թէ դուք հայ էք, թէ դուք արդարութիւն էք բերում, թէ դուք հասարակ մարդու կողքին էք։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը:

  • Արցախի անկախութեան 30-ամեայ ուղին
    Արցախի անկախութեան 30-ամեայ ուղին

    20-րդ դարավերջին Հայաստանի անկախութեան վերականգնումը եւ հայկական զոյգ հանրապետութիւնների (ՀՀ եւ ԼՂՀ) ստեղծումը շրջադարձային եղան մեր ժողովրդի պատմութեան մէջ։ 1980-ական թթ. երկրորդ կէսին, հաւատալով գորբաչովեան «վերակառուցման» քաղաքականութեանը, հայ ժողովուրդը փորձեց հասնել Արցախի ազատագրութեանը։ 

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Պատմական իրողութիւններ եւ ճակատագրական հետեւանքներ
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Պատմական իրողութիւններ եւ ճակատագրական հետեւանքներ

    Հայութեան՝ ազգային գիտակցութեամբ օժտւած հատւածի համար Արցախի ազատագրումը նորագոյն շրջանի ազգային գլխաւոր ձեռքբերումն էր, որովհետեւ անգամ Հայաստանի անկախութեան տեսլականը շատ աւելի իրականանալի հեռանկար ունէր, քան Լեռնային Արցախի հայկականութեան պահպանումը եւ նրա ազատագրումը ադրբեջանական լծից, իսկ հայկական Արցախի գոյութիւնը լուրջ պատւար էր դառնալու Հայաստանի համար՝ էականօրէն մեծացնելով միասնական հայրենիքի ընդհանուր ներուժը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։