Հա

Քաղաքական

23/06/2021 - 12:55

«Ինչ չի յաջողւել սուլթաններին՝ մտնել Հարաւային Կովկաս, Էրդողանին, փաստօրէն, յաջողւում է»․ Ռուբէն Մելքոնեան

Գործող եւ ոլորտում ակտիվութիւն ունեցող արեւելագէտը կրիտիկական իրավիճակներում չի կարող պասիւութիւն պահել. մեր մասնագիտութիւնը յատուկ է թեքւել դէպի քաղաքականութիւն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը, որը «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով մասնակցեց ընտրութիւններին։

«alikonline.ir» - Գործող եւ ոլորտում ակտիվութիւն ունեցող արեւելագէտը կրիտիկական իրավիճակներում չի կարող պասիւութիւն պահել. մեր մասնագիտութիւնը յատուկ է թեքւել դէպի քաղաքականութիւն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը, որը «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով մասնակցեց ընտրութիւններին։

Բայց արեւելագիտութիւնը, յատկապէս Հայատսանում, քաղաքականութեան մաս է կազմում, ասաց նա, որովհետեւ արեւելագէտը, ապրելով այս բարդ տարածաշրջանում, չի կարող իշխանութեան մօտեցումներին իր անհամաձայնութիւնը չյայտնել։

«Իմ մօտեցումներն արտայայտւեցին նաեւ ընտրութիւններին մասնակցելով «Հայաստան» դաշինքի կազմում, որովհետեւ կար գաղափարական ընդհանրութիւն, այդ թիմում ընդգրկւած անձանց պրոֆեսիոնալիզմի հանդէպ յարգանք, եւ իհարկէ, փորձ եւ նպատակներ»,- ասաց նա։

Ընտրութիւնների արդիւնքները նրա համար եւս որոշակիօրէն անակնկալ են եղել, եթէ հիմք ընդունենք սոցհարցումները եւ հասարակութեան հետ շփումները, որովհետեւ հասարակութեան տրամադրւածութիւնը այլ բանի մասին էր վկայում։ Բայց հակաթեզերը՝ «նախկինների վերադարձ» եւ այլն, ասաց, իրենց թիմի կողմից հնարաւորութիւն եւ ժամանակ չեղաւ լիովին հերքելու, որովհետեւ, նրա խօսքով, բաժանումը ոչ թէ նախկինների ու ներկաների, այլ արատաւոր բարքերի եւ դրանց մերժման միջեւ է․ այս ուղերձը հասարակութեանը չհասաւ, եւ տեղեկատւական ահաբեկչութեան հետեւանքով կուտակւած այս պատկեացումը դեր խաղաց ընտրութիւնների արդիւնքների վրայ։

«Անձամբ ես փորձելու եմ ամէն ինչ անել իմ պետականութեան եւ հայրենիքի համար. թուրքագէտի մասնագիտութիւնը որեւէ ընտրութեան հետ կապ չունի, այս ասպարէզում հասել եմ ամենաբարձր հորիզոնականներին եւ կը շարունակեմ ծառայել երկրիս։ Պայքարը շարունակւում է, նպատակը մէկն է, եւ դրանից նահանջ չի լինելու»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը։

Նա համաձայն է, որ խորհրդարանական երկրում խորհրդարանում ներկայացւած լինելը ինքնին քաղաքական յաջողութիւն է, բայց քանի որ մեր երկրում ստեղծւած իրավիճակն է այլ՝ այս իշխանութիւնների գոյութիւնը իրական վտանգներ է պարունակում պետութեան համար, ուստի ընտրութիւններին մասնակցելու իրական նպատակը այս իշխանութեան հեռացումն էր։ Հիասթափութիւնն այդտեղից է գալիս, որ ամբողջ իշխանութիւնը չեն կարողացել վերցնել։ Բայց այլ տեսանկիւնից՝ եթէ սա տեւական պայքար է, խորհրդարանական ամբիոնը նոր հանարաւորութիւն է։

«Սա այն պարագայում, որ երկիրն այսպիսի օրհասական վիճակում չլինէր։ Բայց քանի որ երկիրն այսպիսի օրհասական վիճակում է, այդ գործիքակազմի ձեռքբերումն էլ չի համարւում բաւարար, որովհետեւ, միեւնոյն է, իշխանութիւնը ունի բաւարար լծակներ իր քայլերը շարունակելու, իսկ այդ քայլերի տրամաբանութիւնը չի բխում մեր պետութեան ու հասարակութեան շահերից»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը։

Մեր իշխանութիւնների քաղաքականութիւնը համընկնում է թուրքական շահերին, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ կնքեց Շուշիի համաձայնագիրը, որում մի քանի շերտեր կան։

«Այնտեղ նոյնիսկ յղում կայ Կարսի պայմանագրին. պէտք է հասկանալ՝ Կարսի պայմանագրի ո՞ր կէտն է, որ այդքան գրաւել է թուրքերին ու ադրբեջանցիներին, որ 100 տարի յետոյ դա ֆիքսում են։ Կարծիք ունեմ, որ ինչ-որ մի պահի Կարսի պայմանագրի վերաճանաչման հարցը թուրքական կողմը դնելու է Հայաստանի առջեւ. դա կարող լինել դեմարկացիայի անւան տակ. դիցուք, եթէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լինի դեմարկացիա կամ փոխադարձ սահմանների ճանաչում, շատ մեծ է հաւանականութիւնը, որ թուրքական կողմը հէնց Կարսի պայմանագրի կէտն է առաջ տանելու, որ՝ ճանաչէք դա։ Դա այդպէս է եղել է նաեւ Խորհրդային շրջանում. եթէ ԽՄ-ին են կարողացել ստիպել վերահաստատել Կարսի պայմանագիրը, այս կառավարութեանը հաստատ կը կարողանան»,- ասաց թուրքագէտը։

Ռուբէն Մելքոնեանը յիշատակեց համաձայնագրի յաջորդ կէտը, որտեղ նշւում է ռազմական համագործակցութեան բարձրագոյն աստիճան Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որ նաեւ ենթադրում է սպառնալիք Հայաստանի դէմ, կամ Իրանի, Ռուսաստանի դէմ, որովհետեւ յայտարարում է համատեղ զինւած պայքար կողմերից մէկի վրայ յարձակման դէպքում։

Շուշիի համաձայանգրում թուրքագէտը վտանգ է տեսնում նաեւ հայկական տարածքների եւ օկուպացւած Արցախի գաղափարախօսական օկուպացիայի առումով եւ այդ գրաււած տարածքների ամրապնդում։

«Եթէ Շուշիում հիմնադրւում է Թուրքիայի հիւպատոսութիւն, որը ՆԱՏՕ-ի առաջատար բանակներից մէկն ունի, հասկանում էք, որ Շուշիի վերադարձի կամ հայկական ակնկալիքների հնարաւորութիւնը էապէս նւազում է»,- ասաց նա։

Ռուբէն Մելքոնեանի համոզմամբ, սա նաեւ քայլ է Թուրքիայի ռազմաբազաների տեղակայման, որի վտանգի մասին ինքը երկար տարիներ զգուշացրել է մեր իշխանութիւններին, բայց իշխանութիւնները չեն արձագանքել։

«Ինչո՞ւ է արեւելագէտը մտնում քաղաքականութիւն. որովհետեւ նրա խօսքին անհաղորդ են լինում իշխանութիւնները, որովհետեւ այս մտահոգութիւնները երբ ասում էինք իշխանութիւններին, նրանք կա՛մ գոռոզամիտ մեծամտութեամբ ասում էին՝ ամէն ինչ գիտենք, կա՛մ չէին էլ լսում»,- ասաց նա։

Շուշիի համաձայանգիրը լուրջ քայլ է Արցախում թուրքական ռազմաբազա հիմնելու՝ վստահեցրեց թուրքագէտը. մեր հայրենիքում տեղակայւում է ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմաբազա։

«Թուրքիան, որը երբեք Հարաւային Կովկասում քաղաքական կամ ռազմական ներկայութիւն չի ունեցել, հիմա պատմական շանս է ստացել անելու դա, եւ Էրդողանը սա իր քաղաքական յաջողութիւններից է համարում. այն, ինչ չի յաջողւել սուլթաններին՝ մտնել Հարաւային Կովկաս, այն, ինչ չի յաջողւել երիտթուրքերին, Էրդողանին, փաստօրէն, յաջողւում է։ Օսմանեան բանակը 100 տարի առաջ չկարողացաւ մնալ Շուշիում, հիմա թուրքական բանակը շատ մեծ շանսեր ունի Շուշիում ամրակայւել եւ ունենալ բազա»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը։

Ահա այս մեսիջներն էին, որ նա փորձել է հասցնել հասարակութեանը, բայց հասարակութեան մի մասի համար կարեւոր են եղել լիովին այլ մօտեցումներ։ Փաստօրէն, այս ընտրութիւնները ցոյց են տւել, որ այս գիտակցմանը կարեւորութիւն չտւող մօտ 600 հազար համաքաղաքացիներ ունենք, որոնք իրենց ձայնով որոշել են ոչ միայն իրենց եւ իրենց երեխաների, այլեւ մեր ու մեր երեխաների ապագան։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։