Հա

Քաղաքական

23/06/2021 - 13:00

««Մոլորւածների թիւը մեր հասարակութեան մէջ բաւականին մեծ քանակութիւն է կազմում»․ Սէյրան Օհանեան»․ «Հրապարակ»

Սէյրան Օհանեանին մինչ ընտրութիւնների արդիւնքների մասին կարծիք հարցնելը, նախ հարցրինք՝ Ձեզ շնորհաւորե՞նք ԱԺ անցնելու կապակցութեամբ, թէ՞ ոչ։ 

«alikonline.ir» - «Սէյրան Օհանեանին մինչ ընտրութիւնների արդիւնքների մասին կարծիք հարցնելը, նախ հարցրինք՝ Ձեզ շնորհաւորե՞նք ԱԺ անցնելու կապակցութեամբ, թէ՞ ոչ։ «Եթէ ուզում էք ընդհանուր արդիւնքների գնահատման առումով ասէք, իհարկէ, պէտք է շնորհաւորէք, որովհետեւ մենք մեր մօտակայ խնդիրը, կարելի է ասել, ստեղծւած իրավիճակում կատարել ենք։ Մեր հիմնական խնդիրը, իհարկէ, այս իշխանութիւններին պետական կառավարումից հեռացնելն է, իշխանութիւններ, որոնք երկիրը բերել են այս վիճակի, պարտութեան, եւ այս անյաջողութիւնների շարանը մեր երկրում դեռեւս շարունակւում է։

Մենք երկրորդ ուժը կը լինենք խորհրդարանում եւ նաեւ այս գործունէութեամբ մենք կարող ենք ասել, որ այս իշխանութիւնների դէմ պայքարը փոխել է ընդհանուր առմամբ քաղաքական պատկերը, քաղաքական լանդշաֆտը, եւ իրական ընդդիմութիւն կը լինի այսօր խորհրդարանում»,- ասաց Օհանեանը։

 

- Իսկ ի՞նչ է տալու դա մեզ, պարոն Օհանեան, Դուք գալիս էիք իշխանութեան, բայց դարձաք ընդդիմութիւն խորհրդարանում։ Դա մեզ, երկրին ի՞նչ է տալու։ Դա Հայաստանը զե՞րծ է պահելու պետականութեան կորստից, նոր տարածքների յանձնումից, Սիւնիքում միջանցքի տրամադրումից։

- Տեսէք՝ դա մեր պետութեանն ինչ է տալու։ Նախեւառաջ իրական ընդդիմութիւն է լինելու, որն իր գործունէութեամբ շարունակելու է ազդեցութիւնն այս իշխանութիւնների վրայ, որպէսզի նրանք ճիշտ աշխատեն, փորձեն ուղղութիւն վերցնել։ Ճնշումներն այս իշխանութեան վրայ աւելի ուժգին են լինելու, եւ, ի վերջոյ, գիտէ՞ք, առանց ընդդիմութեան խորհրդարան չի ձեւաւորւի։ Եւ ընդդիմութիւնն է, որ հակակշիռների, սաստման ճանապարհով բերում է նրան, որ իշխանութիւնները ճիշտ գործեն։ Այս վերջին երեք տարիների ընթացքում դուք տեսաք՝ իրական ընդդիմութիւն չկար, ամբողջ իշխանութիւնը ՔՊ-ականների ձեռքն էր, եւ իրենք Ազգային ժողովում ինչ ուզում՝ անում էին։

 

- Հիմա էլ ինչ ուզեն՝ անելու են, որովհետեւ ունենալու են էլի սահմանադրական մեծամասնութիւն՝ 71 մանդատը քիչ չէ։

- Փորձելու են անել, բայց մեր գործունէութեամբ մենք փորձելու ենք սաստել։

 

- Ինչպէ՞ս, պարոն Օհանեան, եթէ դուք այնտեղ ունենալու էք սահմանափակ թւով պատգամաւոր, իրենք էլ 71 հոգով ինչ օրէնք ուզենան՝ ընդունեն, ինչ ուզենան՝ անեն, ինչպէ՞ս էք արգելելու նրանց։

- Վահէ, հիմա քո հարցերի տրամաբանութիւնը մի կողմից ես տեսնում եմ, բայց միւս կողմից չեմ հասկանում տրամաբանութիւնը․ կը գայ ժամանակը, կը տեսնենք։ Մեր անաչառ գործունէութեամբ, մեր անկախ կեցւածքով, մեր թիմի պրոֆեսիոնալիզմի համապատասխան գնահատականներով, փորձագիտական գործունէութեամբ՝ նաեւ։ Ընդդիմութեան խնդիրն ի՞նչն է, ընդդիմութեան խնդիրը հակակշիռ լինելն է, նաեւ փորձելն է սաստել, ազդել, որպէսզի իշխանութիւնները խախտումներ չանեն, ճիշտ ուղու վրայ դնեն իրենց գործունէութիւնը։

 

- Իսկ անձամբ Դուք գնալո՞ւ էք խորհրդարան։

- Մենք դեռեւս չենք որոշել, դաշինքը համապատասխան վերլուծութիւն անելուց յետոյ վերջնական որոշում կընդունի, եւ ես դրանից յետոյ կասեմ։

 

- Փաստօրէն, արձանագրէք, որ Ռոբերտ Քոչարեանը եւ իր թիմն իրենց խոստումը չկատարեցին։ Չէ՞ որ ասել էր՝ գալու է իշխանութեան եւ «կրելու է» Նիկոլ Փաշինեանին, բայց չարեց այն, ինչ խոստացել էր։

- Գիտէք, այս կարճ ժամանակահատւածում շատ դժւար էր հասնել յաջողութիւնների, մանաւանդ որ հասարակութեան մէջ որոշակի տրամադրութիւնների առկայութիւնը, որն էդ պոպուլիստական աշխատանքի շնորհիւ այսօրւայ իշխանութիւններն են սերմանել։ Այսինքն՝ մեր հասարակութեան մէջ ես տեսնում եմ հայրենասիրական դաստիարակութեան որոշակի անկում, ես տեսնում եմ հասարակութեանը սեւի եւ սպիտակի բաժանում։ Այդ ամէնը բերել է նրան, որ, իրականում, մոլորւածների թիւը մեր հասարակութեան մէջ բաէականին մեծ քանակութիւն է կազմում։ Մենք էլ չկարողացանք աշխատել այս 12 օրւայ ընթացքում։ Իհարկէ, շարունակելու ենք, բայց կը փորձենք մեր գործունէութեամբ նորից հին արժէքներն ինչ-որ մի կերպ յետ բերել։ Հակառակ դէպքում դուք ո՞նց էք կարծում, էլի, որ պարտւած իշխանութիւններն այսքան մեծ քանակութեամբ ձայն են ստանում։ Իհարկէ, բաւականին մեծ քանակութեամբ նաեւ խախտումներ են եղել, ե՛ւ վարչական ռեսուրսների, ե՛ւ շրջիկ խմբերի մասով, ե՛ւ բանակի ուղղորդւած քւէարկումներ ու նաեւ մեր թիմի որոշ աշխատակիցների վրայ ճնշումներ, որոնք պետական համակարգում են։ Այդ ամէնը նաեւ բաւականին լուրջ ազդեցութիւն է ունեցել։

 

- Եւ հիմա, ինչպէս Օնիկ Գասպարեանը դիմեց Վարչական դատարան, այնպէս էլ դուք կը դիմէք Սահմանադրական դատարան։

- Սահմանադրական դատարան ես չեմ դիմելու, դիմելու է դաշինքը, եւ դաշինքի իրաւաբանական թիմը լուրջ կաշխատի, եւ որոշում կընդունեն, որոշման մասին իրենք կասեն, ես իրաւասու չեմ իմ կողմից նման պատասխան տալու»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։