Հա

Քաղաքական

24/06/2021 - 09:45

«Պուտինի որոշումը Փաշինեանի հարցում». «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհաւորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանն ու նրա ղեկավարին յաղթանակի կապակցութեամբ:

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհաւորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանն ու նրա ղեկավարին յաղթանակի կապակցութեամբ:

Չեն շտապում Փաշինեանին շնորհաւորել նաեւ իր ԵԱՏՄ գործընկերները, բացառութեամբ Լուկաշենկոյի, թէեւ յունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խօսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրութիւններում ականատես են դարձել Փաշինեանի կուսակցութեան համոզիչ յաղթանակին, ու շնորհաւորել էր հայ ժողովրդին՝ ընտրութեան առիթով։

«Համոզիչ» յաղթանակի ֆոնին պաշտօնական շնորհաւորական հեռագրի բացակայութիւնը ՌԴ նախագահի կողմից առնւազն անհասկանալի է, յատկապէս, երբ Փաշինեանին իրար հերթ չտալով շնորհաւորում են արեւմտեան կառոյցներն ու երկրները՝ ԱՄՆ Պետդեպը, Լիտւայի նախագահը, Վրաստանի վարչապետն ու Եւրոպական խորհրդի նախագահը: Այսօր Փաշինեանին ԵԱՏՄ գործընկերներից պաշտօնապէս շնորհաւորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտահերթ ընտրութիւններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան յաղթանակի առթիւ:

Փաստօրէն, ինչպէս հայաստանեան նախորդ ընտրութիւններից յետոյ, այս անգամ եւս ՌԴ նախագահի աշխատակազմը Փաշինեանի հարցում ընտրել է ԿԸՅ պաշտօնական տւեալների հրապարակումից յետոյ շնորհաւորելու մարտավարութիւնը, եւ միգուցէ դրանում կայ տրամաբանութիւն, քանի որ նախօրէից որոշ տեղամասերում սկսւած վերահաշւարկի հետեւանքով «Հայաստան» դաշինքի ստացած քւէներն էապէս աւելանում են, իսկ մէկ օրւայ ընթացքում ՔՊ-ի ստացած ձայները պակասել են շուրջ 80 հազարով, եւ պատկերն անընդհատ փոխւում է:

Վերադառնալով Պուտինի շնորհաւորանքին՝ նշենք, որ ՌԴ նախագահը, ինչպէս իր ներկայիս ԵԱՏՄ գործընկերներին, արտասահմանեան այլ գործընկերներին, այնպէս էլ ՀՀ նախկին նախագահներին ընտրութիւններում յաղթանակի կապակցութեամբ շնորհաւորել է ընտրութիւնների անմիջապէս յաջորդ օրը:

Պարզապէս յիշեցնենք Նիկոլ Փաշինեանի իշխանութեանը նախորդող շրջանի վերջին երկու ընտրութիւնները․ ՌԴ նախագահն ինչպէս 2013 թւականի փետրւարի 18-ի նախագահական ընտրութիւններից յետոյ է անմիջապէս շնորհաւորել Սերժ Սարգսեանին, այնպէս էլ 2017 թւականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, երբ կրկին Սերժ Սարգսեանը յաղթեց ու ապրիլի 3-ին ստացաւ շնորհաւորական հեռագիր:

Այս շրջանին նախորդող ընտրութիւններին եւս այսպէս է եղել:

Շատ չհեռանանք՝ Իրանում յունիսի 18-ին անցկացւած նախագահական ընտրութիւններից յետոյ՝ յաջորդ օրը, Վլադիմիր Պուտինը շնորհաւորեց Էբրահիմ Ռէյիսիին՝ շնորհաւորական հեռագիր յղելով:

2020 թւականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրութիւններին յաջորդող օրը ՌԴ նախագահը շնորհաւորեց նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Մայիսի 26-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրութիւններից յետոյ ՌԴ նախագահն անմիջապէս շնորհաւորել էր նաեւ Բաշշար Ասադին: Այսինքն՝ որեւէ ղեկավարի դէպքում Պուտինի աշխատակազմը չի սպասում ընտրութիւնների պաշտօնական արդիւնքների հրապարակմանը, իսկ Նիկոլ Փաշինեանի դէպքում Պուտինի աշխատակազմը նոր արարողակարգ է կիրառում:

Փաշինեան-Պուտին յարաբերութիւններում նման դրսեւորումների պակաս չկայ՝ բացի պատերազմական շրջանից ՀՀ եւ ՌԴ ղեկավարների միջեւ Փաշինեանի օրօք հեռախօսազրոյցների, հեռագրերով փոխանակւելու յաճախականութիւնն իջած է զրոյի, բարձրաստիճան շփումները դաշնակից համարւող երկրների ղեկավարների միջեւ չափազանց քիչ են:

Ամփոփելով՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական պաշտօնական շնորհաւորանքը ՀՀ-ում կայացած ընտրութիւններից յետոյ կը լինի ԿԸՅ պաշտօնական տւեալների հրապարակումից յետոյ:

Դժւար չէ եթադրել նաեւ, որ սրանով ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինեանի հետ անձնական յարաբերութիւններ չկան, սիրալիրութեան որեւէ դրսեւորում չկայ, յարաբերութիւնները կրում են ստիպւած, պարտադիր, պաշտօնական բնոյթ:

Ի տարբերութիւն ռուսական կողմի, չնայած կիրառւած ահռելի վարչական ռեսուրսին, լծակներին, ընտրախախտումներին, արեւմտեան լիդերներն անմիջապէս շնորհաւորելով՝ փորձում են լեգիտիմութիւն հաղորդել Նիկոլ Փաշինեանին՝ նրան դիրքաւորելով՝ որպէս ժողովրդավարական ղեկավար, աչք փակելով «մուրճի տիրակալի» սպառնալիքների, ապօրինութիւնների եւ բազմաթիւ այլ հակաժողովրդավարական դրսեւորումների վրայ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։