Հա

Քաղաքական

24/06/2021 - 11:10

«Դատապարտելի է մարդկանց գրագէտների ու անգրագէտների արհեստական բաժանելով վիրաւորելն ու դա քւէարկութեան արդիւնքների հետ կապելը». Արման Թաթոյեան

Դատապարտելի է մարդկանց գրագէտների ու անգրագէտների արհեստական բաժանելով վիրաւորելն ու դա քւէարկութեան արդիւնքների հետ կապելը, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«alikonline.ir» - Դատապարտելի է մարդկանց գրագէտների ու անգրագէտների արհեստական բաժանելով վիրաւորելն ու դա քւէարկութեան արդիւնքների հետ կապելը, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Խորհրդարանական ընտրութիւնների 2021թ. յունիսի 21-ի քւէարկութեան օրւանից անմիջապէս յետոյ հանրային տիրոյթ են բերւել մարդկանց խմբերի բաժանող, վիրաւորանքն ու ատելութիւնը, անհանդուրժողականութիւնը զարգացնող նոր վտանգաւոր դրսեւորումներ:

Խօսքը հասարակութեան բեւեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գիւղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագէտներ եւ անգրագէտներ», «յետամնացներ եւ զարգացածներ», որը կապւում է քւէարկութեան արդիւնքների հետ: Այս արատաւոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սեւ ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախւած», «դաւաճան» եւ այլ արտայայտութիւններով մարդկանց վիրաւորելու դատապարտելի թեզերը:

Առաւել կոնկրետ՝ ընդդիմութեան առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թէ իրենց օգտին քւէարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթւածները:

Իշխանութեան առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմութեանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրաւորական արտայայտութիւններով ու յետոյ տեղի է ունենում հակառակը:

Արդիւնքում՝ ողջ հասարակութիւնն է յայտնւում վիրաւորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարւածութեան փակ շղթայի մէջ:

Վիճակն աւելին են բորբոքում իշխանութեան ու ընդդիմութեան շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի ֆէյքային յարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով աւելին են ագրեսիւացել:

Ողջունելի եւ կարեւոր էր հայհոյախօսութեանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը յունիսի 21-ի հաւաքի ժամանակ ու յատկապէս այն, որ այդ կոչն ուղղւած էր նաեւ սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին:

Ակնկալւում է, որ այս կոչին պէտք է առաջին հերթին հետեւէին հէնց իշխանութեան ներկայացուցիչներն ու յատկապէս այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտօններ, առաւել եւս ունեն հանրային ճանաչում ու հասարակութիւնում ընկալւում են իշխանութեան բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցաւօք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահւածքով հակառակն են ցոյց տալիս:

Այդպիսի պահւածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանեանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների արդիւնքներով պաշտօնապէս ներկայացւած է՝ որպէս ձեւաւորւելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցութեան անդամ: Այդ պահւածքն օրինակ է, թէ ինչպէս չպէտք է իրեն դրսեւորի իշխանութեան, առաւել եւս բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա, մասնաւորապէս, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակութեանը կամ առնւազն նրա մի մասին ուղղւած բացայայտ վիրաւորական ձեւակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտայայտութիւններով դատապարտելի բառապաշար:

Այս ակնյայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրաւորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ» ինչպէս իր, այնպէս էլ այլ հրապարակումների ներքոյ: Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաեւ դարձել լրատւամիջոցների վերլուծութեան առարկայ ու դրանով աւելի նպաստել անհանդուրժողականութեան աճին:

Ընդ որում, նշւած անձի գրառումն ու մեկնաբանութիւնները վկայում են հասարակութեան կամ առնւազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մօտեցման, սեփական թւացեալ առաւելութիւնները հասարակութեանը հակադրելու եւ պառակտումը խորացնելու անպատասխանատու թողտւութեան մասին:

Մարդու իրաւունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգեւորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակութիւնը բեւեռացնող ու լարւածութիւնն աւելացնող արարքներից, վիրաւորանք կամ ատելութիւն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պէտք է հաշւի առնել անգամ բառերի կամ արտայայտութիւնների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարաւորութիւնները հասարակութիւնում: Պէտք է բացառւեն բոլոր տեսակի ֆէյքային բանակների յարձակումները:

Կարեւոր է լրագրողների ու լրատւամիջոցների դերը, որոնք պէտք է առաւել ուշադիր լինեն իրենց կողմից տարածւող տեղեկութիւնների բնոյթի եւ նիւթերի վերնագրերի նկատմամբ:

Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտօն զբաղեցնող անձինք պարտաւոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտօնեայ լինելուց եւ սահմանափակւած են իրենց իրաւական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրէնքի խախտումներ են:

Մարդուն չի կարելի ենթարկել խտրականութեան քաղաքական հայեացքների համար:

Ցանկացած գործընթաց պէտք է հիմնւած լինի իրաւունքի գերակայութեան վրայ, իսկ ցանկացած նախաձեռնութեան հիմքում պէտք է լինի մարդու իրաւունքը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։