«Յենակէտ» կենտրոնի վերլուծաբան, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«alikonline.ir» - «Յենակէտ» կենտրոնի վերլուծաբան, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«Արցախում արտահերթ ընտրութիւնների թեման կարելի է ամենատարբեր դիտանկիւններից քննարկել, սակայն դրա հիմքում կայ մէկ կարեւոր հարցադրում։
Արդեօ՞ք մենք հնարաւորութիւն ունենալու ենք նոր ընտրութիւններ անցկացնելու եւ նոր իշխանութիւն ձեւաւորելու համար։
Ես Հայաստանում եւ Արցախում մեծ թւով գործիչների հետ եմ զրուցել՝ հասկանալու, թէ արդեօ՞ք անհրաժեշտ երաշխիքներ կան, որ գործող նախագահի հեռացումից յետոյ մենք նոր պրոցեսի հնարաւորութիւն կունենանք։
Որեւէ մէկը սրա պատասխանը չունի։
Ես հասկանում եմ Արցախում ապրող մեր հայրենակիցների արդարացի պահանջի ողջ տրամաբանութիւնը, ովքեր մեզ բաժին հասած պարտութեան, անյաջողութեան պատասխանատու համարում են նաեւ Արցախի գործող նախագահին, սակայն առաջադրւող օրակարգում, պահանջներում, լուծումներում պէտք է առաւել զգոյշ լինենք, որպէսզի մի խնդրի լուծումը մէկ այլ՝ առաւել մեծ խնդրի չյանգեցնի։
Արցախի նախագահն էլ իր հերթին պէտք է ողջամիտ լուծումներ փնտրի՝ ներսում ստեղծւած իրավիճակի հանգուցալուցման համար, որովհետեւ եթէ նոյնիսկ ներկայիս ակտիւ գործընթացները մարւեն կամ իրավիճակը հանդարտւի, դա դեռ չի նշանակում, որ մարդկանց մէջ կուտակւած պահանջը, զայրոյթը, էներգիան սպառւել է։
Ես կարծում եմ, որ ստեղծւած պայմաններում, Արցախի քաղաքական դաշտում անհրաժեշտ արմատական վերադասաւորումների, փոփոխութիւնների կարիք կայ, սակայն դրա հիմքում պէտք է դրւի ոչ թէ պաշտօններ նւիրելու, այլ գաղափարական, ծրագրային մօտեցումների հիման վրայ փոփոխութիւնների նոր օրակարգի առաջ քաշումը։
Պատերազմից յետոյ կար մոդելային քննարկում, ինչը որոշակի խնդիրներ լուծելու էր, սակայն դա տեղի չունեցաւ եւ արդիւնքը խորացող նոր ճգնաժամն է, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Արցախի համար։