Հա

Քաղաքական

24/06/2021 - 12:15

«Յետընտրական զարգացումներ ու վերադասաւորումներ». Նայիրի Յոխիկեան

Արտահերթ ընտրութիւնը աւարտւեց՝ իր հետ բերելով մարդկանց ու քաղաքական ուժերի իրական նպատակների բացայայտում։

Կառավարութեան ձեւաւորումից յետոյ մենք կը տեսնենք, թէ ընտրարշաւին մասնակցած ու 1-2 տոկոս ձայն հաւաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտօններ Նիկոլ Փաշինեանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ, որոնց պաշտօնների համար հիմա արհեստական կերպով քարոզւում է հանրային պահանջ։

«alikonline.ir» - Նայիրի Յոխիկեանն ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Յետընտրական զարգացումներ ու վերադասաւորումներ․

Արտահերթ ընտրութիւնը աւարտւեց՝ իր հետ բերելով մարդկանց ու քաղաքական ուժերի իրական նպատակների բացայայտում։

Կառավարութեան ձեւաւորումից յետոյ մենք կը տեսնենք, թէ ընտրարշաւին մասնակցած ու 1-2 տոկոս ձայն հաւաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտօններ Նիկոլ Փաշինեանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ, որոնց պաշտօնների համար հիմա արհեստական կերպով քարոզւում է հանրային պահանջ։

Խորհրդարանական ընդդիմութիւնն էլ ամռանը մի փոքր կը հանգստանայ, ուժերը կը հաւաքի, որ պատրաստւի «թէժ աշնանը»։

Նախորդ ամիսների ընթացքում ինձ յամառօրէն Ռոբերտ Քոչարեանի հետ կապող բամբասանքները առաջիկայ ամիսներին կը նւազեն, քանի որ առաջ կը գան այլ բամբասանքի օբիեկտներ։

Որպէսզի յստակ լինի, պարզ ասեմ, որ ես յարգում եմ «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկւած շատ մարդկանց, նրանց մէջ կան բազմաթիւ ընկերներ, բայց ես երբեւէ ներառւած չեմ եղել այդ ուժի քարոզչութեան մէջ։ Կարող էի այդ եւ/կամ մի քանի այլ կուսակցութիւնների ցանկում լինել որպէս պատգամաւորութեան թեկնածու, բայց հրաժարւել եմ՝ նախընտրելով առայժմ հեռու մնալ այդ գործընթացից։

Ես ընկերներ եւ մտերիմներ ունեմ նաեւ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած ՔՊ-ում, բայց դա չի խանգարում, որ նրանց առաջ դնեմ բոլոր այն պետականակործան սխալները, որոնք արւում են իշխող ուժի եւ նրա ոչ կոմպետենտ ղեկավարի կողմից։

Տեւական ժամանակ ես փաստերով ներկայացնում եմ Նիկոլ Փաշինեանի եւ նրա սերտ շրջապատի ազգուրաց քաղաքականութիւնը՝ որեւէ կերպ հրապարակային չխօսելով Ռոբերտ Քոչարեանի մասին։ Դա հիմք է տւել շատերին՝ ենթադրելու, որ ես երկրորդ նախագահի օգտին եմ աշխատում։ Նոյնիսկ լեգենդներ են շրջում, թէ ես մեքենաներ ու տներ եմ նւէր ստացել։ Իշխանութեան պատւէրով մի շարք ֆէյք էջեր փողփողում են, թէ քանի որ ես չեմ ժխտում դա, ուրեմն իրենք ճիշտ են։

Իմ կարծիքով, եթէ փորձում ես յիմարութեանը յամառօրէն ընթացք տալ, ապա ինքդ դառնում ես յիմարութեան մասնակից, հետեւաբար անիմաստ է խօսել յիմարների լեզւով։

Նոյն բամբասանքների տրամաբանութեամբ՝ ես որեւէ խօսք չեմ ասել նաեւ Լեւոն Շիրինեանի, Արման Բաբաջանեանի, Նորայր Նորիկեանի, Անդրեաս Ղուկասեանի, ԱԺԲ-ի, Արամ Սարգսեանի եւ ընտրարշաւին մասնակցող միւս ուժերի մասին։ Արդեօ՞ք նրանց օգտին եւս աշխատում եմ։

Յանուն արդարութեան՝ ասեմ, որ իրենց ազգային հռչակած մի քանի ուժերի՝ «5165»-ին, «Զարթօնք»-ին, «Ազգային օրակարգ»-ին, եւս մի քանիսին մայիսին առաջարկում էի միաւորել հնարաւորութիւնները եւ այդկերպ գնալ ընտրութեան։ Գոնէ կը կարողանային մտնել խորհրդարան։ Ափսոսում եմ, որ չմիաւորւեցին։

Նախընտրական ու ընտրական կրքերն, իհարկէ, շուտով կը հանգստանան, շարքային հայաստանցին կը մոռանայ «հպարտ քաղաքացի» լինելու իր կոչման մասին ու կը շարունակի դառը դատել, դատարկ նստել, Նիկոլ Փաշինեանը շուտով կը վերսկսի պարբերաբար շոուներ սարքել՝ մարդկանց զբաղեցնելու համար, ընդդիմութիւնն էլ կանցնի իր գործին։ Բոլորը զբաղւած կը լինեն՝ մոռանալով, որ մենք կորցրել ենք հայրենիքի մի հսկայ հատւած, միւս մասերն էլ վտանգի տակ են, թշնամին էլ պատրաստւում է պատերազմի։ 

Առաջիկայ ամիսներին ինձ աւելի յաճախ կը տեսնէք տարբեր մարզերում եւ Արցախում։ Որպէս լրագրող, կինովաւերագրող՝ ես պարտաւոր եմ սեփական աչքով տեսնել մեր երկրի իրականութիւնը եւ բարձրաձայնել խնդիրների մասին՝ ամէն կերպ հասնելով դրանց լուծման։

Տաւուշի ու Արարատի գիւղերը յանձնելու առումով իշխանութիւնը յոյս չունենայ, թէ կիրագործի իր պայմանաւորւածութիւնը։ Անտեղեակ ընտրողին կարող են խաբել ու մոլորեցնել անուշ լեզւով, բայց ոչ ինձ։ Լրագրող լինելուց առաջ ես ՀԱՅ եմ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։