Իրանագէտ Վարդան Ոսկանեանը իր ֆէյսբուքեան էջում գրում է․
«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը իր ֆէյսբուքեան էջում գրում է․
«Թւում է, թէ Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակէտի վերահսկողութեան անցումը թալիբներին մեզանից շատ հեռու տեղի ունեցող եւ մեզ հետ որեւէ առնչութիւն չունեցող մի իրադարձութիւն է։
Մինչդեռ Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, իսկ թալիբների յայտնւելը Տաջիկստանի հետ սահմանային անցակէտում հէնց այդպիսի գործընթաց է, ուղղակիօրէն միտւած է Ռուսաստանի դէմ, որի ներկայութիւնը Հայաստանում եւ Արցախում այս պահին, ցաւալիօրէն, միակ իրական զսպող գործօնն է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։
Եթէ մի փոքր աւելի ընդլայնենք մեր տեսահորիզոնը, ապա կը ստանանք մի պատկեր, որտեղ թալիբների այժմ անդրկուլիսեան աջակից Պակիստանը, օրըստօրէ սերտացնելով նաեւ ռազմական կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ փաստացիօրէն մասնակցելով 44-օրեայ պատերազմին, արդէն իսկ ներգրաււած է հակառուսական ճակատում, ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաեւ Հարաւային Կովկասում։
Այսինքն, ըստ էութեան, տարբեր բաղադրիչներով գործում է մէկ միասնական ծրագիր, որի նպատակը Ռուսաստանի համար միանգամից մի քանի ճակատներ բացելն է, ինչի հետեւանքով Մոսկւայի համարժէք արձագանքի ռեսուրսները կարող են եւ չհերիքել՝ յանգեցնելով ճեղքման։
Ընդ որում, նման ճեղքման համար խոցելի ուղղութիւններից մէկը հէնց Հայաստանն ու Արցախն են, որտեղ եթէ Ռուսաստանի համար լուծւելու է նահանջի կամ ընդլայնման խնդիր, ապա մեզ համար վճռւելու է մեր պետականութեան լինելիութեան հարցը։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ուղղակի ոչինչ։ Մուրճի թափահարումներ եւ պոպուլիզմի հնարաւոր մեծ չափաբաժին, այն դէպքում, երբ Հայաստանն ու Արցախը խոշոր աշխարհաքաղաքական շահերի մուրճի եւ զնդանի արանքում են»։