Հա

Քաղաքական

28/06/2021 - 15:00

Ի՞նչ կապ ունի Հորադիզ-Միջնաւան ճանապարհի կառուցումը Հայաստանի ու Իրանի անվտանգութեան հետ

Ինչո՞ւ է Ադրբեջանը դանդաղեցնում Արցախի հարաւում ենթակառուցւածքների վրայ ներդրումները։ Փորձագէտները դա կապում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հաշւարկների հետ՝ չբացառելով, որ շուտով ականատես կը լինենք տարածաշրջանային նոր դիմակայութեան։

«alikonline.ir» - Ինչո՞ւ է Ադրբեջանը դանդաղեցնում Արցախի հարաւում ենթակառուցւածքների վրայ ներդրումները։ Փորձագէտները դա կապում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հաշւարկների հետ՝ չբացառելով, որ շուտով ականատես կը լինենք տարածաշրջանային նոր դիմակայութեան։ Գրում է Sputnik Արմենիան:

2020-ի պատերազմից յետոյ Արցախի հարաւային շրջաններում՝ Արաքս գետի հովտում մեծ թափով կառուցւող Հորադիզ-Միջնավան աւտոճանապարհը շահագործման կը յանձնւի լաւագոյն դէպքում 2023-ի աշնանը։ Թուրքական ճանապարհաշինական Kalyon Holding ընկերութեան ղեկավար Նիհաթ Եըլդըրըմն այս յայտարարութիւնը արել է յունիսի սկզբին, ինչը անակնկալ էր ադրբեջանցի վերլուծաբանների համար, բացասական իմաստով։ Մօտ 124 կմ ձգւող ճանապարհի վրայ հողային աշխատանքներ կատարելու քիչ կարիք կայ։ Ճանապարհը գործել է նաեւ նախկինում, եւ այնտեղ աւելի շուտ նորոգման, քան նոր ճանապարհ կառուցելու մասին է խօսքը։

Հորադիզից Միջնավան ձգւող ճանապարհը հիմնականում հարթ տարածքում է՝ Արաքսի հովտում, որտեղ եթէ կան էլ գոգաւորութիւններ, ապա քիչ են եւ հեշտ յաղթահարելի։ Այդպիսի տարածքում ճանապարհ կառուցելու համար ոչ թէ 2 տարի, այլ առաւելագոյնը 5-6 ամիս է հարկաւոր։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը դանդաղեցնում Արցախի հարաւում ենթակառուցւածքների վրայ ներդրումները։ Փորձագէտները դա կապում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հաշւարկների հետ՝ չբացառելով, որ շուտով ականատես կը լինենք տարածաշրջանային նոր դիմակայութեան։

Վերլուծաբան Թեւան Պօղոսեանը կարծում է, որ Բաքուն ու Անկարան փորձում են համաձայնութեան գալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ կապւած Սիւնիքով ճանապարհ ստանալու հնարաւորութեան հետ։

«Վերջին օրերին Էրդողանն ու Ալիեւը շեշտում են, որ յոյս ունեն՝ Հայաստանը կը գիտակցի եւ ապաշրջափակման ուղղութեամբ քայլեր կանի՝ ակնարկելով, այսպէս կոչւած, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Էրդողանն անգամ ասում է, որ ՌԴ նախագահ Պուտինը եւս դէմ չէ այդ միջանցքին»,- ասում է Թեւան Պօղոսեանը։

«Զանգեզուրի միջանցք» հասկացութիւնը շրջանառութեան մէջ է դրել ադրբեջանական կողմը, մինչդեռ Ռուսաստանը խօսում է ոչ թէ միջանցք տալու, այլ տրանսպորտային ենթակառուցւածքները վերաբացելու մասին։ Միջանցքի դէպքում ճանապարհի հսկողութիւնը իրականացւում է այլ երկրների, այդ թւում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, մինչդեռ ճանապարհի դէպքում խօսքն ընդամէնը երթեւեկելու մասին է, ընդ որում՝ դրա համար վճարելու պայմանով։ Թեւան Պօղոսեանը վստահ է, որ մենք գործ ունենք քաղաքական խնդրի հետ, իսկ տնտեսական երկրորդական է, մանաւանդ որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապւելու խնդիր չի ունեցել։

Իրանը մտահոգւած է ադրբեջանաթուրքական տանդեմի գործողութիւններից եւ համարժէք միջոցներ է գործադրում՝ իր նկատմամբ եւս հնարաւոր ագրեսիային դիմակայելու համար։ Սա իրանցի վերլուծաբան Փուեա Հոսէյնիի կարծիքն է․

«2020-ի պատերազմից յետոյ Ադրբեջանը շատ ակտիւ քաղաքականութիւն է վարում՝ յատկապէս ձգտելով Հայաստանի տարածքով կապւել Նախիջեւանի հետ։ Դա այլընտրանք է նաեւ Իրանով անցնող ճանապարհին, ինչը իր հետ կը բերի նաեւ Իրանից կախւածութեան թուլացման»։

Իրանում լաւ գիտեն, որ Արցախի հարաւի գրաւեալ տարածքներում Ադրբեջանն ու Թուրքիան տեղակայել են ահաբեկչական խմբաւորումներ, ինչն իրական սպառնալիք է նաեւ իրենց համար։ Փուեա Հոսէյնին այդ առումով վստահեցնում է, որ Թեհրանը ռազմական ու քաղաքական առումով պատրաստւում է մեծ բախման։

«Իրանի համար ընդունելի չէ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ահաբեկիչների են տեղափոխում իր հիւսիսային սահմանների մօտ, բացի դա, կայ թուրքական ու իսրայէլական վտանգ։ Դրանք Իրանի համար մեծ սպառնալիք են, եւ մենք պատրաստւում ենք դիմակայել դրանց, հակահարւած տալ, նոյնիսկ անհրաժեշտութեան դէպքում ուղիղ հակահարւած տալ Թուրքիային կամ Իսրայէլին»,- նշում է իրանցի վերլուծաբանը։

Փուեա Հոսէյնին յիշեցնում է, որ Իրանը նաեւ անընդունելի է համարում Արցախի հարաւի նկատմամբ այն գործողութիւնները, որոնք հիմա իրականացւում են ճանապարհներ կառուցելու տեսքով, սակայն, ինչպէս իրենք են պնդում, խորքում Իրանի դէմ ագրեսիայի նպատակ ունի։

Պաշտօնական Թեհրանը ԱԳՆ-ի խողովակներով ու հրապարակային մակարդակում մի քանի անգամ յայտարարել է, որ իր համար կան կարմիր գծեր, որոնք հատելը անկարելի է։ Ակնարկը, վերլուծաբանների խօսքով, ուղղւած է Սիւնիքի մարզի նկատմամբ ադրբեջանաթուրքական նկրտումներին։

Նոյնպիսի ուղերձ Իրանը յղեց Ադրբեջանին մայիսի 12-ին Սիւնիքի ուղղութեամբ Ադրբեջանի զօրքի առաջխաղացման ժամանակ, երբ Իրանի սահմանին սպանւեցին երկու ադրբեջանցի զինծառայողներ։ Իրանական կողմը յայտարարեց, թէ ադրբեջանցի զինւորականները խախտել են իր սահմանը։ Իրանցի եւ հայ վերլուծաբանները վստահ են մէկ հարցում՝ այն ճանապարհը, որը թուրքական ընկերութիւնները փորձում են կառուցել Արցախի հարաւում՝ կապելով Ադրբեջանը Նախիջեւանի եւ բնականաբար՝ Թուրքիայի հետ, անթաքոյց սպառնալիք են Իրանի ու Հայաստանի կենսական շահերին, հետեւաբար դրանց դէմ պայքարը եւս պէտք է միասնական լինի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։