Քաղաքագէտ Վիգէն Յակոբեանի խօսքով՝ թէ՛ սոցիոլոգները, թէ՛ ընդդիմութիւնը հարցականի տակ են դնում ընտրական գործընթացները, մասնաւորապէս՝ իշխանութեան արդիւնքների լեգիտիմութիւնը, եւ հարցն այդպիսով տեղափոխւում է՝ ինչպէս իրաւական, այնպէս էլ՝ քաղաքական գնահատականների դաշտ:
«alikonline.ir» - ԱԺ-ում կը լինի 107 պատգամաւոր. Մանդատները բաշխւել են հետեւեալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն՝ 71, որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ, «Հայաստան» դաշինք՝ 29, որոնցից 1-ը՝ ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչ, «Պատիւ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ։ Նկատենք, որ մինչ ընտրութիւնները եղած սոցիոլոգիական եւ քաղաքագիտական կանխատեսումները յատկապէս իշխող ուժի քւէների վերաբերեալ խիստ տարբեր էին. Յիշեցնենք՝ «GALLUP International Association» հայաստանեան ներկայացուցչութիւնը ընտրութիւններից առաջ ներկայացրել էր հետեւեալ պատկերը. «Հայաստան» դաշինք՝ 24,1 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն՝ 23,8 տոկոս, «Պատիւ ունեմ» դաշինք՝ 7,4 տոկոս, ԲՀԿ՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս:
Աւելի ուշ GALLUP International Association-ի տնօրէն Արամ Նաւասարդեանը նկատել էր, որ հիմնական տարբերութիւնը եղել է միայն իշխող ուժի ցուցանիշի հետ կապւած, ու հէնց իշխող ուժը պէտք է բացատրի, թէ ինչպէս են կարողացել «առգրաւել այդպիսի բարձր ցուցանիշ»։
Նշենք, որ ընտրութիւններում առկայ բազմաթիւ խախտումների վերաբերեալ բարձրաձայնել են խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքները: «Հայաստան» դաշինքը նաեւ յայտարարել է, որ բողոքարկելու է ընտրական գործընթացը:
Քաղաքագէտ Վիգէն Յակոբեանի խօսքով՝ թէ՛ սոցիոլոգները, թէ՛ ընդդիմութիւնը հարցականի տակ են դնում ընտրական գործընթացները, մասնաւորապէս՝ իշխանութեան արդիւնքների լեգիտիմութիւնը, եւ հարցն այդպիսով տեղափոխւում է՝ ինչպէս իրաւական, այնպէս էլ՝ քաղաքական գնահատականների դաշտ: Անդրադառնալով նոր խորհրդարանին՝ քաղաքագէտը 168.am-ի հետ զրոյցում մանրամասնեց. «Մենք այժմ ունենք խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած իշխանութիւնը շատ աւելի լուրջ խնդիրներ ունի, քան մինչ այդ, որովհետեւ չունի 2/3, ունի ուղղակի մեծամասնութիւն եւ բաւականին հզօր ընդդիմութիւն, որի հետ ամէն օր աշխատելը գլխացաւանք է լինելու:
Ընդդիմութեան համար, կարծում եմ, ամենակարեւոր գործօնը լինելու է այն, որ իրենք նոր պետական լծակները եւ պաշտպանւածութիւնը, որն իրենց կարգավիճակից բխելով է գալու, համադրեն փողոցի հետ»:
Հարցադրումներին՝ արդեօք այս ընտրութիւնները կը կարողանա՞ն լուծել քաղաքական ճգնաժամը, եւ ճգնաժամը շարունակւելու դէպքում՝ արդեօ՞ք կանխատեսում է նոր արտահերթ ընտրութիւններ, քաղաքագէտը պատասխանեց. «Այս ընտրութիւններով Հայաստանի եւ յատկապէս իշխանութիւնների առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ պրոբլեմները, որոնք հէնց ստիպեցին իշխանութեանը գնալ արտահերթ ընտրութիւնների անցկացմանը, չեն լուծւել, հակառակը՝ աւելի են խորացել, որովհետեւ ֆորմալ առումով նոր վստահութեան քւէ ստանալուց յետոյ արդէն, արտաքին խաղացողները, որոնք «զարմանալիօրէն» կարծես արտաքին քաղաքական կոնսենսուս էին ձեւաւորել Նիկոլ Փաշինեանի ընտրութեան շուրջ, հիմա, ըստ էութեան, այլեւս ժամանակ չեն տալու իշխանութեանը տատանւելու համար. միանգամից պահանջելու են, որպէսզի այն, ինչ կայ՝ թէ՛ նոյեմբերի 9-ի եռակողմ, թէ՛ յունւարի 11-ի Մոսկւայի համաձայնագրերով, եւ թէ՛ բազմաթիւ բանաւոր պայմանաւորւածութիւնների շրջանակներում, ի կատար ածւեն: Ընդ որում, դրանք բոլորը շատ ծանր պարտաւորութիւններ են»:
Վիգէն Յակոբեանը վստահեցրեց՝ հաշւի առնելով նոր ընդդիմութեան առկայութիւնն օրէնսդիր մարմնում, առկայ խնդիրները բաւականին սուր քաղաքական օրակարգեր են ձեւաւորելու եւ յանգեցնելու են ճգնաժամերի, որոնց հանգուցալուծումը գուցէ տրւեն նոր արտահերթ ընտրութիւններով. «Այն պատճառները, որոնք բերեցին 2021 թւականի արտահերթ ընտրութիւններին, դրանք ոչ միայն չեն վերացել եւ չեն վերանում, այլ նաեւ նոր պրոբլեմներ են առաջանում՝ ոչ պակաս սուր, որոնք նոյնպէս կարող են այնպիսի ճգնաժամ ձեւաւորել, ինչը կարող է բերել նոր արտահերթ ընտրութիւնների, որի մասին ընդդիմութիւնը եւս ասել է. յամենայն դէպս, Քոչարեանն իր յետընտրական ասուլիսում նշել է»:
Դիտարկմանը, թէ ընդդիմութիւնն այդուհանդերձ խորհրդարանական փոքրամասնութիւն է՝ օրէնսդրօրէն ի՞նչ է կարող անել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ընդդիմութիւնն իր համար այս ամբիոնը փորձելու է օգտագործել՝ որպէս քարոզչութեան, ժողովրդի հետ աշխատելու բաւականին հզօր ատեան նախեւառաջ. այս ընդդիմութիւնը վերջնականապէս հասկացաւ, որ եթէ ուզում ես մարզերի հետ էլ աշխատել, ապա այդ մարզերը քեզ պէտք է հեռուստատեսութեամբ տեսնեն: Դա փաստ է. մարզերում, մանաւանդ գիւղերում, քաղաքացիները վարւում են այն տրամաբանութեամբ, ինչ տեսնում են իրենց հասանելի հեռուստատեսութեամբ, եւ հաշւի առնելով, որ այդ հեռուստատեսութիւնը հիմնականում Հանրայինն է, իսկ այն աւանդաբար բոլոր ռեժիմների օրօք իշխանութեան խոսափողն է, առաւելեւս՝ հիմա, ապա տեսնել այս ընդդիմութեանը Հանրայինով, քարոզչական լուրջ լծակ է:
Երկրորդը՝ մի բան է, եթէ խորհրդարանական մեծամասնութիւնն անցկացնում է օրէնք, որը կարող են 50+1-ով անցկացնել, եւ մէկ այլ բան՝ եթէ երկու երրորդ չունեն՝ օրինակ, սահմանադրական փոփոխութիւն անելու համար (անցեալ գումարման խորհրդարանում իրենք սահմանադրական մի քանի օրէնքներ փոխեցին):
Բացի դրանից՝ ուժեղ եւ հեղինակութիւն ունեցող ընդդիմութիւնը խորհրդարանում նաեւ շատերին զգաստացնում է. կարծում եմ՝ այն վարքագիծը, որ կար նախորդ գումարման խորհրդարանում իշխանութեան որոշ ներկայացուցիչների կողմից ընդդիմութեան որոշ ներկայացուցիչների նկատմամբ, այս խորհդարանում դժւար նման բաների ականատես լինենք»:
Քաղաքագէտն այս համատեքստում նկատեց, որ խորհրդարանական երկրում խորհրդարանը զուտ օրէնսդրական մարմին չէ, այլ նախեւառաջ՝ քաղաքական թիւ մէկ ամբիոն, որովհետեւ այնտեղ ներկայացւած են քաղաքական կուսակցութիւնները:
«Իսկ, ընդհանրապէս, եթէ քո ռեսուրսը չի հերիքում խորհրդարանի ներսում, այսինքն՝ եթէ այդքան մարդ չունես, քաղաքական պայքարի պրակտիկան ցոյց է տալիս (ե՛ւ աշխարհի բոլոր երկրներում, ե՛ւ Հայաստանում էլ նման փորձ ունէինք), սովորաբար այդ բացը, այդ պակասութիւնը լրացնում են փողոցի ճնշմամբ: Ի դէպ, ընդդիմութիւնն արդէն ասել է, որ չի հրաժարւում փողոցից, բայց նաեւ պառլամենտական լծակներն է սկսում օգտագործել:
Յետոյ՝ ո՞վ է իմանում՝ ժամանակի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան 71 ներկայացուցիչներն այնքան ամո՞ւր են լինելու. գուցէ այն քանակը, որն անհրաժեշտ է 36 ընդդիմադիրներին միանալու համար, կարողանան այնտեղի՞ց պոկել»,- եզրափակեց Վիգէն Յակոբեանը:
Զարուհի Դիլանեան