Հա

Քաղաքական

01/07/2021 - 11:10

«Սահմանային վէճի հիմքում պէտք է լինի այն, թէ ինչ աստիճան է ապահովւում սահմանային բնակչութեան բնականոն կեանքը»․ Արման Թաթոյեան

Արման Թաթոյեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է․ «Սահմանային վէճերում նաեւ գիւղերի բնակիչների իրաւունքները, բնականոն կեանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մէկ օրինակ է կապւած Շինիխ-Այրումի շրջանի եւ Դիլիջանի գաւառի հետ:

«alikonline.ir» - Արման Թաթոյեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է․ «Սահմանային վէճերում նաեւ գիւղերի բնակիչների իրաւունքները, բնականոն կեանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մէկ օրինակ է կապւած Շինիխ-Այրումի շրջանի եւ Դիլիջանի գաւառի հետ:

Մասնաւորապէս, Խորհրդային Հայաստանի ոչ հետեւողականութեան արդիւնքում Շինիխ-Այրումի շրջանի վիճելի համարւող ամբողջ տարածքը (11.659 դեսեատին) 1927թ. յունւարի 11-ին ճանաչւեց ադրբեջանական Ղազախի գաւառի մաս, իսկ անտառի վիճելի տարածքը (4.000 դեսեատին)` ՀԽՍՀ Դիլիջանի մաս: Ընդ որում, Անդրկենտգործկոմի կազմում գտնւող գաւառների հողային վէճերը որոշող յանձնաժողովի 1923 թ. ապրիլի 28-ին որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանում գտնւող 5.000 դեսեատին հողատարածքը Դիլիջանի գաւառից յանձնւեց Ղազախի գաւառին: Բայց հետագայում ադրբեջանական ներկայացուցիչները, ահաբեկելով անտառապետին, խախտել էին 1923 թ. որոշումը եւ գրաւել շուրջ 7.000 դեսիատին տարածք՝ ամբողջը հասցնելով 11.800 դեսիատինի:

Հայաստանի ու յատկապէս գիւղերի բնակչութեան համար այս անյաջող լուծման արդիւնքում ՀԽՍՀ մաս կազմող Բաշքենդ (հետագայում հայկական անւանումը՝ Արծւաշէն) գիւղը յայտնւում էր Ղազախի գաւառում. որոշւեց առանձնացնել մի հողաշերտ` ամառային արօտավայր, որը տարածքային առումով գիւղը կը կապեր Դիլիջանի հետ: Սա ամէն դէպքում կարեւոր էր հէնց Բաշքէնդի հայկական բնակչութեան իրաւունքների տեսանկիւնից:

Վերջնական արդիւնքում ՝ Անդրկովկասեան կենտրոնական գործկոմի նախագահութեան 1929 թ. փետրւարի 18-ի նիստում որոշւեց հաստատել 1927 թ. յունւարի 11-ի համաձայնութիւնը եւ Բաշքէնդը կապել ՀԽՍՀ-ի հետ նեղ հողաշերտով:

Ի կատարումն այդ որոշման՝ 1929 թ. ընթացքում Շինիխ-Այրումի անտառային շրջաններում տեղադրւեց սահմանային 45 տեղանշան 40 կմ երկարութեան վրայ:

Պատրաստւել էր նախագիծ` Բաշքէնդ գիւղը յարակից տարածքներով ՀԽՍՀ-ին միացնելու համար: Հետազօտւել էր գիւղի եւ Շինիխ-Այրումի հողօգտագործման դրութիւնը, տեղում ոումնասիրւել եւ պլանի մէջ էր ներառւել վիճելի 4.844 հեկտար տարածք:

Կենտգործկոմի որոշմամբ նախատեսւում էր նաեւ Շինիխ-Այրումի շրջանի հողերից օգտագործման համար մի մաս յատկացնել Բաշքէնդ գիւղի բնակիչներին: Սակայն Անդրկենտգործկոմի նախագահութեան 1929 թ. յուլիսի 20-ի նիստի որոշմամբ, պատճառաբանելով հողերի սակաւութիւնը, մերժւեց իւրաքանչիւր շնչին գոնէ 0.75 հեկտար տարածք տրամադրելու առաջարկը: Այդ տարածքները մնացին հետագայում Ադրբեջանի կազմում (առանձին է Արծւաշէնի ու գիւղի բնակչութեան իրաւունքների ոտնահարումների պատմութիւնը):

Ընդ որում, ադրբեջանական իշխանութիւնները բնակչութեան իրենց հատւածին հրահրում էին մտացածին բողոքներ գրել ՀԽՍՀ դէմ ու դրանով աւելի էին հրահրում խնդիրներ: Սովորաբար սեպաձեւ խրւելով Հայաստանի տարածքում, ադրբեջանաբնակ գիւղերը, սովորութեան համաձայն, հետագայում հայկական գիւղերի հաշւին ընդլայնւելու փորձեր էին սկսում:

1920-ական թւականներին Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ ու պատճառներից է եղել այն, որ մարդու իրաւունքները, գիւղացիների իրաւունքները չեն դրւել որոշումների հիմքում, այդ առումով չի ցուցաբերւել հետեւողականութիւն:

Հաշւի չի առնւել, որ ցանկացած սահմանային վէճի հիմքում պէտք է լինի այն, թէ ինչ աստիճան է ապահովւում սահմանային բնակչութեան բնականոն կեանքը: Իհարկէ, դա հաշւի չի առել նաեւ խորհրդային ղեկավարութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։