Հա

Քաղաքական

01/07/2021 - 12:15

«Թուրքիան Փաշինեանին է հրամցնելու փաստաթուղթ, որը կարողացել են չէզոքացնել ՀՀ երեք նախկին նախագահները». Ռուբէն Մելքոնեան

«Թուրք-ադրբեջանական խաղաղութեան բանաձեւը տարբեր է խաղաղութիւն ասւածից. դա այլ բան է, քանի որ, երբ նրանք յաղթում են, անընդհատ են շարունակելու յաղթել՝ մինչեւ Հայաստանի քաղաքացու նւաստացում եւ տնտեսական օկուպացիա։ Նրանք սրան են գնալու, եթէ, իհարկէ, դիմացը չլինի արժանապատիւ խաղաղութեան բանաձեւ, ուստի այս զօրավարժութիւններն ուժի ցուցադրութիւն են՝ ուղղւած, սակայն, ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին»,- ասաց թուրքագէտը։

«alikonline.ir» - Յունիսի 28-30-ն Ադրբեջանն ու Բաքուն անցկացնում են համատեղ մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» զօրավարժութիւնները, որոնք հերթականն են 2020 թւականի սեպտեմբերին սկսւած Արցախեան պատերազմի աւարտից յետոյ։

Միեւնոյն ժամանակ Արցախում՝ հայկական Շուշի քաղաքում, յունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւել է ռազմաքաղաքական փոխօգնութեան համաձայնագիր, որով կողմերն ամրագրել են, իրենց ձեւակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի», ինչպէս նաեւ՝ թուրքական նոր ռազմաբազայի տեղակայման հարցը։

168 TV-ի եթերում, խօսելով այս գործընթացների, դրանցից Հայաստանին, Արցախին եւ, առհասարակ, տարածաշրջանին սպառնացող վտանգների մասին, ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբէն Մելքոնեանն առանձնացրեց այս ամենին զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանին խոստացւող խաղաղութեան թեզը։

«Թուրք-ադրբեջանական խաղաղութեան բանաձեւը տարբեր է խաղաղութիւն ասւածից. դա այլ բան է, քանի որ, երբ նրանք յաղթում են, անընդհատ են շարունակելու յաղթել՝ մինչեւ Հայաստանի քաղաքացու նւաստացում եւ տնտեսական օկուպացիա։ Նրանք սրան են գնալու, եթէ, իհարկէ, դիմացը չլինի արժանապատիւ խաղաղութեան բանաձեւ, ուստի այս զօրավարժութիւններն ուժի ցուցադրութիւն են՝ ուղղւած, սակայն, ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին»,- ասաց թուրքագէտը։

Հարցին՝ հնարաւո՞ր է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս զօրավարժութիւններով՝ ռազմական ճանապարհով լուծի, օրինակ, Սիւնիքով միջանցքի հարցը, Ռուբէն Մելքոնեանը պատասխանեց.

«Միանշանակ։ Սա իրենց սպառնալիքների զամբիւղներից մէկում է տեղաւորւում. չէ՞ որ Ալիեւն էլ ասել է, որ եթէ հայերը կամաւոր չտան, իրենք այն ուժով կը վերցնեն։ Բոլոր հիմքերը կան Հայաստանի դէմ իրականացնելու տարբեր ինտենսիւութեան ռազմական գործողութիւններ՝ Սիւնիքի միջանցքի եւ այլ հարցեր լուծելու համար»,- ասաց Մելքոնեանը՝ նշելով, որ այս հանգամանքը Հայաստանի համար ստեղծել է վտանգաւոր իրավիճակ, որը, սակայն, միակը չէ։

Թուրքագէտը Հայաստանի համար խիստ անընդունելի ու վտանգաւոր դիտարկեց նաեւ հայկական Շուշի քաղաքում ստորագրւած թուրք-ադրբեջանական դեկլարացիան, որով Թուրքիան պատրաստւում է ռազմաբազա տեղակայել Հաաւային Կովկասում։

«Սա գերկարեւոր հանգամանք է, սա սարսափելի մեծ վտանգներ է կրում իր մէջ Հայաստանի եւ Արցախի մնացեալ հատւածի ու ամբողջ տարածաշրջանի համար։ Շուշիի հռչակագրով Թուրքիան մտնում է Հարաւային Կովկաս՝ ռազմական ներկայութիւն ունենալու համար։ Այդ բազան սպառնալիք է նաեւ Իրանին եւ Ռուսաստանին։ Այդ ռազմաբազան տեղակայելուց յետոյ տեղի է ունենալու Արցախի օկուպացւած տարածքների գաղափարական օկուպացիա, օրինակ, Շուշիում կը բացւեն դպրոցներ, հիւպատոսութիւն եւ այլն։ Նայէք, թէ Սիրիայում ինչ է կատարւում այն տարածքներում, որոնք զաւթում է թուրքական բանակը։ Շուշիի հռչակագրում յատուկ շեշտւում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը եւ յիշատակւում Կարսի պայմանագիրը, ինչը շատ տարօրինակ է։ Կարսի պայմանագրի յիշատակման պատճառն այն է, որ, ըստ իս, այն փաստաթուղթը, որը Թուրքիան հրամցնելու է Հայաստանին՝ Փաշինեանին, ուղիղ կապ ունի դրա հետ. դրանում լինելու է Կարսի պայմանագրի ճանաչումը, որը Թուրքիայի գերնպատակն է եղել, սակայն Հայաստանի բոլոր 3 նախագահները կարողացել են այդ նպատակը չէզոքացնել»,- ընդգծեց Մելքոնեանը։

Ըստ նրա՝ փաշինեանական իշխանութիւնն այդ նպատակը չէզոքացնելու որեւէ ցանկութիւն չունի, որովհետեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում ֆինանսական շահագրգռւածութիւնն է նրանց համար մեծ դերակատարում ունեցողը։

«Այո՛, գուցէ Թուրքիայից 6 միլիարդ դոլար մտնի Հայաստան, ու լինեն որոշակի շարժեր, բայց դա նման է նրան, որ մենք 100 գրամ բենզինը լցնենք թաց փայտի վրայ ու վառելու փոխարէն՝ ստանանք ընդամէնը 10 վայրկեանանոց բոց, բայց յետոյ բախւենք թաց փայտին։ Թուրքական ֆինանսական ներխուժումը նմանւելու է այդ 10 վայրկեանանոց բոցին, որից յետոյ մենք դառնալու ենք Աջարիա»,- ասաց նա՝ յիշեցնելով, որ այսօր հայաստանեան քաղաքական օրակարգում յայտնւել է երեք հատ միլիարդի թեմա։

«Մէկը՝ Ադրբեջանից 5 միլիարդի փոխանցման հարցն է, միւսը՝ Թուրքիայից 6 միլիարդի ներարկումը ՀՀ տնտեսութեան մէջ, 3-րդը՝ Ռոբերտ Քոչարեանին վերագրւող 4 միլիարդն է, որը չեն կարողանում ապացուցել, որովհետեւ չկայ։ Բայց անգամ Ադրբեջանից Հայաստան փոխանցւած 5 միլիարդի, Թուրքիայից՝ 6 միլիարդի մասին խօսակցութիւններն այնքան վախեցնող չեն, որքան Քոչարեանի ենթադրեալ 4 միլիարդինը, իհարկէ, հասարակութեան որոշակի շերտերի համար, եւ սա է, որ տեղեկատւական ահաբեկչութիւն է կոչւում, որի արդիւնքն է նաեւ այն, որ Սորոսի հերոսը քննադատում է Արցախի հերոսին, եւ հասարակութեան մի մասը դա լաւ է ընդունում»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը։

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։