Հա

Քաղաքական

04/07/2021 - 15:40

Գերիների յաւերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտւող նոր Ադրբեջանը

Յուլիսի 3-ին ՀՀ վերադարձաւ գերիների՝ 15 հոգուց բաղկացած հերթական խումբը։ Փաշինեանի հայրենավաճառ իշխանութիւնը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրի՝ գերիների վերադարձի մասին կէտի չկատարման պայմաններում, ժամային ճշգրտութեամբ յանձնեց հայոց միջնաբերդ Քարվաճառը, կեանքի ճանապարհ հանդիսացող Քաշաթաղի շրջանը, Մարտակերտի շրջանը կենսունակ պահող Ակնայի (Աղդամի) շրջանը, յայտարարութեամբ չնախատեսւած Սիւնիքի դիրքերը եւ այլ բնակավայրեր, բնական հարստութիւններ ու ռազմավարական կարեւորութեան բարձունքներ։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Յուլիսի 3-ին ՀՀ վերադարձաւ գերիների՝ 15 հոգուց բաղկացած հերթական խումբը։ Փաշինեանի հայրենավաճառ իշխանութիւնը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրի՝ գերիների վերադարձի մասին կէտի չկատարման պայմաններում, ժամային ճշգրտութեամբ յանձնեց հայոց միջնաբերդ Քարվաճառը, կեանքի ճանապարհ հանդիսացող Քաշաթաղի շրջանը, Մարտակերտի շրջանը կենսունակ պահող Ակնայի (Աղդամի) շրջանը, յայտարարութեամբ չնախատեսւած Սիւնիքի դիրքերը եւ այլ բնակավայրեր, բնական հարստութիւններ ու ռազմավարական կարեւորութեան բարձունքներ։

Ամէն ինչ ստանալու եւ ոչ մի պարտաւորութիւն չկատարելու արդիւնքում՝ գերիների ամէն փոքր խմբաքանակի դիմաց այժմ Ադրբեջանը պահանջում է յանձնւած հայրենիքը բնակեցնելու գործը հազարաւոր անգամներ հեշտացնող ականապատման քարտէզներ, սպառնալիքներով ներխուժում է արդէն ՀՀ սուվերեն տարածք, ուժի իրաւունքով զօրքեր պահում այնտեղ եւ այլն։

ՀՀ կառավարութեան վերջին հաղորդագրութեան ուշագրաւ դրւագները, ի դէպ քիչ չեն։ Փաշինեանի հայրենադաւ իշխանութիւնը ականապատման քարտէզների տրամադրումը որակել է որպէս «բարի կամքի» դրսեւորում՝ հասկացնելով, որ իրենք եւս պատրաստ են օժանդակել Ադրբեջանին՝ յանձնւած տարածքներն արագօրէն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացում։ Աւելին՝ Փաշինեանի իշխանութիւնը անուղղակիօրէն հաստատում է, որ այդ տարածքներն ազատագրւած եւ ականապատւած են եղել «նախկինների» կողմից, եւ իրենք այժմ  «սրբագրում են պատմութեան այդ կնճռոտ էջերը»։

Սոյն պնդումն առաւել ակնառու կը դառնայ, եթէ ցոյց տանք ՀՀ կառավարութեան պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշւած տերմինները, այն է՝ «Ֆիզուլու եւ Զանգելանի շրջանների ականապատման քարտէզներ...»։ Փաստենք, որ Արցախի պաշտօնական վարչական բաժանմամբ գոյութիւն չունեն նախկին Սովետական Ադրբեջանի Ֆիզուլու եւ Զանգելանի շրջանները. դրանցից առաջինը Հադրութի շրջանի Վարանդա, երկրորդը՝ Քաշաթաղի շրջանի Կովսական բնակավայրերն են՝ պատմական Հայաստանի Արցախի եւ Սիւնիքի գաւառները։

Պաշտօնական հաղորդագրութեան մէջ գործածելով ադրբեջանական աշխարհագրական տերմինները՝ Փաշինեանի հայրենադաւ իշխանութիւնը յաւելեալ անգամ փաստում է, որ Արցախի Հանրապետութեան տարածքները յանձնւել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանաւորւածութիւնների արդիւնքում, եւ ՀՀ ներկայիս կառավարութիւնն արդէն չի էլ ընդունում Արցախի Սահմանադրութեամբ ամրագրւած, հայ ժողովրդի արեամբ ներկւած տարածքների գոյութիւնն ու ապագայում դրանց ազատագրման անհրաժեշտութիւնը։

Իսկ հայ ռազմագերիները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Նիկոլ Փաշինեանի ռազմագերիներն են։ Մեր ռազմագերիները հարկաւոր են Նիկոլին, որպէսզի հիմնաւորի իր դաւաճանութիւնը եւ արդարացնի պետական ու ռազմական գաղտնիքների փոխանցումը թշնամի պետութեանը։ Հէնց դրանով է բացատրւում այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ ռազմագերիների վերադարձի ժամկէտ սահմանւած չէ։ Սա թոյլ է տալիս Փաշինեանին եւ Ալիեւին` խաղալով հայ ժողովրդի նուրբ զգացմունքների վրայ, մաս-մաս կտրել Հայաստանի տարածքները եւ փոխանցել Ադրբեջանի յանցագործ բռնապետին։

Ի դէպ, գերիների հարցը կարելի է դարձնել «յաւերժական» հարցերից մէկը. Փաշինեանի խունտայի կողմից բանակի շուտափոյթ կազմալուծման եւ ՀՀ պաշտպանական համակարգի քայքայման պայմաններում Ադրբեջանը կարող է ցանկացած պահի մտնել ՀՀ ուզածդ դիրք կամ բնակավայր, յայտարարել այն որպէս ադրբեջանապատկան եւ վերցնել հայ գերիների նոր խմբաքանակ։

Յիշեցնենք՝ վերադարձւած նախորդ խմբաքանակից 5-ը բոլորովին վերջերս Գեղարքունիքից տարւած 6 գերիներից էին (դրա դիմաց տրւեցին Ակնայի (Աղդամի) ականապատման քարտէզները)։

Ահա այս «նոր գերիներ-նոր պահանջներ-նոր զիջումներ» փակ շղթայի կամ ցիկլի մշտական կիրառմամբ՝ Ալիեւ-Փաշինեան «համագործակցութիւնը», որը նաեւ լաւագոյնս «աշխատում է» ՀՀ-ի ներսում՝ չէզոքացնելով հնարաւոր յուզումներն ու ընդվզումները, լաւագոյն տարբերակն է հրէշաւոր դաւաճանութիւնը լիարժէք աւարտին հասցնելու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքակրթական ներկայութիւնն Այսրկովկասում վերացնելու համար։

Պետական գաղտնիք պարունակող կարեւորագոյն քարտէզները թշնամուն յանձնելը, բնականաբար, պետական դաւաճանութիւն է, որի համար դատւելու են թէ' Նիկոլը, թէ' այն զինւորականներն ու ԱԱԾ ներկայացուցիչները, ովքեր մասնակից են դրան։

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։