Հա

Քաղաքական

04/07/2021 - 14:30

«Գերիների վերադարձը պարտաւորութիւն էր, իսկ յոյժ գաղտնի տեղեկութիւնները թշնամուն յանձնելը՝ պետական դաւաճանութիւն»․ Էդգար Ղազարեան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարէանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«alikonline.ir» - Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարէանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Գերիների վերադարձը պարտաւորութիւն էր, իսկ յոյժ գաղտնի տեղեկութիւնները թշնամուն յանձնելը՝ պետական դաւաճանութիւն

2021 թւականի յուլիսի 3-ի երեկոյեան Արցախում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսական զօրախմբի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով եւ նրա ուղեկցութեամբ Բաքւից Երեւան են վերադարձել 15 հայ ռազմագերիներ։

Խնդրի մարդկայնօրէն արդարացւած յուզական բաղադրիչը յաղթահարելուց յետոյ, կարծում ենք, կարելի է կատարել փաստերի համադրութիւն՝ իրատեսական գնահատականների եւ եղելութիւնը ճիշտ հասկանալու համար։

Նախ՝ Արցախում 44-օրեայ պատերազմի սանձահարման եւ դրա բոլոր հետեւանքների (մարդկային հազարաւոր զոհեր, գերիներ, վիրաւորներ, աւերածութիւններ, տարածքների կորուստներ, միլիարդաւոր դոլարների վնասներ եւ այլն) համար անձնական պատասխանատւութիւն է կրում հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եւ հայ ժողովրդի ամենամեծ դաւաճանը՝ Նիկոլ Փաշինեանը։

Երկրորդ՝ գերիների վերադարձի հետ կապւած խնդիրը յստակ կերպով ամրագրւած է 2020 թւականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրւած եռակողմ յայտարարութեան մէջ։ Մասնաւորապէս, այդ յայտարարութեան 8-րդ կէտը սահմանում է. «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահւող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Ընդ որում, ի տարբերութիւն, յայտարարութեամբ Ադրբեջանին տարածքների վերադարձի կէտերին, այս կէտի համար ժամկէտներ սահմանւած չեն, ինչը ենթադրում է (հաշւի առնելով նաեւ դրա հումանիստական եւ մարդկանց կեանքին, առողջութեանը եւ արժանապատւութեանը վերաբերող հանգամանքը) պէտք է կատարւէր անյապաղ՝ հնարաւոր սեղմ ժամկէտում։ Ի դէպ, Հայաստանն այդ յայտարարութեան այդ կէտով սահմանւած, ի թիւս միւս կէտերի պարտաւորութիւնների, կատարել է վաղուց, որի հետեւանքով Հայաստանում այլեւս գոյութիւն չունեն ադրբեջանցի ռազմագերիներ։ Աւելին, Հայաստանն Ադրբեջանին է յանձնել նաեւ տարիներ առաջ դիւերսիոն նպատակով ներթափանցած եւ հայ պատանուն սպանած ադրբեջանցիների, որոնք դատարանի որոշմամբ դատապարտւել էին ազատազրկման եւ կրում էին իրենց պատիժը։ Այն, որ մինչ օրս Ադրբեջանի կողմից եռակողմ յայտարարութեան այս կէտը մնում է ամբողջութեամբ չկատարւած, դա հայկական դիւանագիտութեան, ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ անձամբ Նիկոլ Փաշինեանի ամբողջական ձախողման հետեւանք է։ Հայաստանի պետութեան ղեկավարի կարգավիճակում, սպասարկելով բացառապէս թշնամու շահերը, նա չի կարողանում կեանքի կոչել եռակողմ յայտարարութեան մէջ ամրագրւած անգամ ամենատարրական, հումանիտար նշանակութեան դրոյթները, փոխարէնը կատարելով Ադրբեջանի շահերից բխող բոլոր միւս կէտերն ու պարտաւորութիւնները։

Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի մասին քարտէզների տրամադրմանը, ապա դա նախատեսւած չէ ո՛չ 2020 թւականի նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թւականի յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւններում, ո՛չ էլ որեւէ այլ փաստաթղթում։ Դա Ադրբեջանի կողմից ներկայացւած յաւելեալ պահանջ է, որը հայկական կողմը կատարում է, ըստ էութեան, առանց նախապայմանների՝ հերթական անգամ սպասարկելով Ադրբեջանի շահերը։ Հարկ է նկատել, որ ականապատ դաշտերի քարտէզների ստացման խնդիրը յետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի դիւանագիտութեան կարեւորագոյն խնդիրներից մէկն է։ Այդ հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը բարձրացրել է գրեթէ բոլոր իրաւասու միջազգային կազմակերպութիւնների եւ բազմաթիւ պետութիւնների առջեւ։ Առանց այդ տեղեկութիւնների, Ադրբեջանն, ըստ էութեանը, փաստացի զրկւած էր այդ տարածքներն ամբողջութեամբ իւրացնելու հնարաւորութիւնից, ինչ համար իրենց պահանջւելու էին տասնեակ տարիներին, միլիոնաւոր կամ միլիարդաւոր դոլարների ծախսեր եւ մարդկային հսկայական կորուստներ։

Հայկական կողմի համար ականապատ դաշտերի մասին տեղեկութիւնները դրանք ռազմական բնոյթի պետական յոյժ գաղտնիք համարւող տեղեկութիւններ են, որոնք թշնամուն տրամադրելը ՀՀ Քրէական օրէնսգրքի 299 յօդւածով նկարագրւած յանցագործութիւն է՝ պետական դաւաճանութիւն («Պետական դաւաճանութիւնը` թշնամու կողմն անցնելը, լրտեսութիւնը, օտարերկրեայ պետութեանը կամ օտարերկրեայ կազմակերպութեանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք յանձնելը կամ թշնամական գործունէութիւն իրականացնելու համար այլ օգնութիւն ցոյց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային անձեռնմխելիութեան կամ արտաքին անվտանգութեան»)։

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եւ ամենամեծ դաւաճանը՝ Նիկոլ Փաշինեանը, կարելի է վստահաբար պնդել, որ 2021 թւականի յուլիսի 3-ին ոչ թէ տեղի է ունեցել գերիների վերադարձ, այլ թշնամուն ականապատ դաշտերի քարտէզների փոխանցման պետական դաւաճանութիւն, իսկ դրա դիմաց, դեռեւս պաշտօնապէս չյայտարարւած գերիների ընդամէնը մի քանիսի վերադարձը, նպատակ ունի հասարակական յուզական տրամադրութիւնների ստեղծման միջոցով՝ քողարկել կատարւած յանցագործութիւնն ու հայրենիքի դաւաճանութիւնը։ Ի դէպ, ՀՀ կառավարութիւնը ոչ միայն պաշտօնապէս հաստատել է այդ տեղեկութիւնը, այլեւ այն ներկայացրել է իբրեւ «բարի կամքի դրսեւորում», իսկ տարածքները ներկայացրել ոչ թէ հայկական (Վարանդա եւ Կովսական), այլ ադրբեջանական (Ֆիզուլի եւ Զանգելան) տեղանուններով։ Սա արդէն երկրորդ դէպքն է, երբ կատարւում է պետական դաւաճանութիւն, քանի որ նախընտրական քարոզչութեան ընթացքում Նիկոլ Փաշինեանը, չնայած որ յայտարարեց, որ գերիների վերադարձի համար պատրաստ է տրամադրել իր որդուն, սակայն, իրականում տրամադրեց պետական յոյժ գաղտնի համարւող տեղեկութիւններ, եւ նաեւ յայտարարեց, որ պատրաստ է այդ գործողութիւններին հաղորդել շարունակական բնոյթ, ինչը ցաւօք, հերթական անգամ, անտեսւեց Ազգային անվտանգութեան մարմինների կողմից, որոնք շատ աւելի պրիմիտիւ եւ պարզ դրւագներով, պետական դաւաճանութեան մեղադրանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինեանի ընդդիմախօսներին։

Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դաւաճանը՝ Ադրբեջանին հեշտութեամբ յաջողւում է լուծել իր առջեւ դրւած բոլոր խնդիրները։ Նրանք, Նիկոլ Փաշինեանի ձեռքով, նախ ստացան շուրջ երեք տասնամեակ իրենց վերահսկողութիւնից դուրս գտնւող տարածքները, հիմա ստանում են այդ տարածքների իւրացման բոլոր ֆիզիկական հնարաւորութիւնները, աւարտւած են համարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ներխուժում են Հայաստանի տարածք, Թուրքիայի հետ ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու համաձայնագրեր, շարունակում են գերութեան մէջ պահել Հայաստանի քաղաքացիների եւ նրանց տրամադրման համար դնել նոր, իրենց համար շահեկան պահանջներ եւ այլն։

Այս աղէտալի ընթացքը կանգնեցնելու մէկ միջոց գոյութիւն ունի, րոպէ առաջ ոչ միայն իշխանութիւնից, այլեւ մեր հանրային կեանքից պէտք է վռնդւի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եւ ամենամեծ դաւաճանը՝ Նիկոլ Փաշինեանը»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։