Հա

Քաղաքական

06/07/2021 - 12:15

«Փորձառու սպաներին հեռացնելն էր Փաշինեանի բարեփոխումը, որպէսզի հայրենադաւ որոշումներն ի կատար ածեն իրենց նման խեղկատակների միջոցով»․ Արտաշէս Մխիթարեան

Գաղտնի տեղեկատւութիւնը թշնամուն փոխանցելը, միանշանակ, յանցագործութիւն է, եւ այդ յանցագործութիւն կատարողը պէտք է անպայման պատասխանատւութեան ենթարկւի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը՝ խօսելով հայ գերիների դիմաց Վարանդայի, Կովսականի, Ակնայի ականապատ հատւածների քարտէզները թշնամուն յանձնելու մասին։

«alikonline.ir» - Գաղտնի տեղեկատւութիւնը թշնամուն փոխանցելը, միանշանակ, յանցագործութիւն է, եւ այդ յանցագործութիւն կատարողը պէտք է անպայման պատասխանատւութեան ենթարկւի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը՝ խօսելով հայ գերիների դիմաց Վարանդայի, Կովսականի, Ակնայի ականապատ հատւածների քարտէզները թշնամուն յանձնելու մասին։

«Նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ առանց որեւէ նախապայմանի նշւած էր գերիների վերադարձի պարտաւորութիւնը՝ բոլորը բոլորի դիմաց։ Իհարկէ, այնտեղ ժամկէտ չկար նշւած՝ դա եւս այս մեր դաւաճան իշխանութիւնների բացթողումն էր, որովհետեւ պէտք է նշւած լինէր, որ նրանք անյապաղ պէտք է վերադարձւեն»,-ասաց Արտաշէս Մխիթարեանը։

Նա չի կարծում, թէ ականապատ դաշտերի քարտէզը թշնամուն յանձնելով՝ նրանք ինչ-որ մի մեծ արդիւնքի կարողանան հասնել, որովհետեւ տարբեր ժամանակներում ականապատւել են այդ տարածքները դեռեւս 92-94 թւականներից։

«Այն ժամանակ, իհարկէ, ականապատ դաշտերի քարտէզի մասին մտածելը անիմաստ էր, որովհետեւ մարտական ակտիւ գործողութիւններ էին ընթանում, եւ երբ դու տարածքը ազատագրում ես՝ առաջնագիծը ականապատում ես, եւ այդ ակտիւ գործողութիւնների ժամանակ նոյնիսկ ժամանակ չես ունենում կոնկրետ ականների տեղը նշելու»,- ասաց Արտաշէս Մխիթարեանը։

Այսուհանդերձ, քարտէզներն Ադրբեջանին յանձնելով՝ բաւականին հեշտանալու է նրանց գործը այդ տարածքները վերաբնակեցնելու համար, քանի որ ականազերծելուց յետոյ կը վերաբնակեցնեն։

«Էականն այն է, որ մեր թշնամիները յայտարարութեամբ ամրագրւած իրենց պարտաւորութիւնները կատարելու համար ինչ-որ պահանջներ են ներկայացնում, զիջումներ են պահանջում մեր այս ապիկար, դաւաճանական ընթացք վերցրած իշխանութիւններից։ Եւ սրանք էլ իրենց ռէյտինգը բարձրացնելու համար գնում են այդ զիջումներին՝ չհասկանալով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ջրաղացին ջուր են լցնում։ Գուցէեւ լաւ էլ հասկանում են, ու իրենց նպատակը հէնց դա է՝ ձերբազատւել այն բոլոր վտանգներից, որոնք առաջ կը գան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չհամաձայնելու դէպքում»,- ասաց Արտաշէս Մխիթարեանը։

Յատկանշական է, որ ՀՀ կառավարութեան յայտարարութեան մէջ Արցախի Վարանդա եւ Կովսական բնակավայրերի անունները նշւած էին ադրբեջանական ձեւով՝ Ֆիզուլի եւ Զանգելան։ Արտաշէս Մխիթարեանի համար սա զարմանալի չէ, քանի որ այս 3 տարիներին, ինչ նրանք եկել են իշանութեան, Մխիթարեանի համոզմամբ, հետեւողական քաղաքականութիւն են վարում, որ ձերբազատւեն Արցախից, իսկ դրանից յետոյ էլ անցնելու են Տաւուշի գիւղերը յանձնելուն։

«Կազմաքանդում են բանակը, զօրացրում են բոլոր գիտակ սպաներին, վարկաբեկում, խայտառակում, քրէական գործեր են յարուցում։ Ամենաակնյայտ օրինակը Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չերկարացնելն է, որը նշանակում է, որ նա պատրաստւում է նաեւ Տաւուշի մարզի տարածքները յանձնելու, եւ մենք պարտաւոր ենք, որպէս ՀՀ քաղաքացի, պաշտպան կանգնել մեր սահմաններին եւ չթողնել, որ ինչ-որ ստահակ իր դաւաճանական ընթացքը շարունակի»,- ասաց նա։

Հանրութիւնը ահազանգում է, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զօրացրել, պատժել ու մեկուսացնել Տաւուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ յանձնելու հրամանը չկատարելու համար։

Արտաշէս Մխիթարեանն ընդգծեց, որ մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի անյապաղ հեռացնել այս սրիկաներին եւ մեր երկրի անվտանգութիւնը ապահովել սեփական ուժերով։

Նա Գրիգորի Խաչատուրովի օրինակով ցոյց տւեց՝ որքան երկար ժամանակ է պահանջւում մէկ սպա կրթելու համար, եւ ինչու է անընդունելի այդքան հեշտութեամբ հեռացնել համակարգից։

«Խաչատուրովի օրինակը․ 16 տարեկանում ընդունւել է Վազգէն Սարգսեանի անւան ինստիտուտ, աւարտելուց յետոյ զբաղեցրել տարբեր հրամանատարական պաշտօններ, գումարտակի հրամանատարից յետոյ գնացել է ռազմական ակադեմիա, աւատելուց յետոյ ստացել զօրամասի հրամանատարի տեղակալի պաշտօն, հրամանտարի պաշտօն, կորպուսի շտաբի պետի պաշտօն, կորպուսի հրամանատար... ամենաքիչը 20-25 տարի ծառայութիւն է դա։ Մեղրիի գնդի հրամանատարինը նոյնպէս 20-25 տարւայ ծառայութիւն է, որին նոյնպէս հեռացրին աշխատանքից»,- ասաց Արտաշէս Մխիթարեանը։

Այսպիսի 200 սպայի վեջին 2 տարում հեռացրել է Փաշինեանի թիմը։ Արտաշէս Մխիթարեանը փաստեց, որ գիտակ, հայրենանւէր գեներալական կազմը հեռացւել է բանակից․ որոշ ժամանակ առաջ էլ հեռացրին ինժեներական զօրքերի պետին, ՀՕՊ զօրքերի պետին։

«2-ին էլ ճանաչում եմ, երկուսի հետ էլ երկար ժամանակ ծառայել եմ․ բաւականին բարձրակարգ սպաներ, գեներալներ են, գործին, հայրենիքին նւիրւած։ Եւ ես չեմ հաւատում, որ պատահական էր նրանց զօրացրումը, ոնց որ չեմ հաւատում, որ պատահական է Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագրի չերկարացնելը»,-ասաց նա։

Նա ոչ միայն Խաչատուրովի մասին ցաւով խօսեց, այլեւ մարտական փորձ ունեցող, Զինւած ուժերի կայացման գործում մեծ ներդրում ունեցող սպաների ու գեներալների մասին, որովհետեւ համոզւած է, որ նրանց հեռացնում են բանակը վերջնականապէս ջարդելու, կազմալուծելու համար։

Արտաշէս Մխիթարեանը նշեց, որ, ամենայն հաւանականութեամբ, այն բարեփոխումները, որոնց մասին Փաշինեանի թիմը յաճախ բարձր ամբիոններից խօսում է, այդ փորձառու սպաներին բանակի համակարգից հեռացնելն է, որպէսզի կարողանան դարձնել իրենց խամաճիկը, որպէսզի կարողանան իրենց բոլոր հայրենադաւ որոշումներն ու հրամանները ի կատար ածել իրենց նման խեղկատակների միջոցով։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։