Հա

Քաղաքական

07/07/2021 - 11:15

Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսեանի յօդւածը 10 տարի անց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը Կազանի նշանաւոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մէկ քայլ էր բաժանում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային յօդւածը 2018-ին նախորդած ու յաջորդած իրադարձութիւնների վերաբերեալ։

«alikonline.ir» - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը Կազանի նշանաւոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մէկ քայլ էր բաժանում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային յօդւածը 2018-ին նախորդած ու յաջորդած իրադարձութիւնների վերաբերեալ։

Յօդւածը ներկայացնում ենք ամբողջութեամբ։

2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ եւ այդ 44-օրեայ պատերազմի արդիւնքները ստիպում են մէկ անգամ եւս բարձրաձայնել հայկական դիւանագիտութեան այն մօտեցումները, որոնցով առաջնորդւում էր հայկական պետութիւնը եւ միջազգային մակարդակով ըմբռնում եւ աջակցութիւն ստանում մինչեւ 2018-ի ապրիլը: 2018-ին Երեւանի եւ այլ քաղաքների փողոցներում զանգւածային բողոքի ցոյցերը, որոնք խրախուսւում էին ինչպէս ներսից, այնպէս էլ դրսից, Հայաստանում իշխանութեան բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ եւ անպատասխանատու գործողութիւններով Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքականօրէն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցւեց 2020 թւականի սեպտեմբերին:

Ես կը փորձեմ ներկայացնել բարդ դիւանագիտական աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թւականի յունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձաւ շրջադարձային կէտ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում:

 

Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին

Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթէ երեք տարւայ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) եւ յատկապէս Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդութեամբ ինտենսիւ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շուրջ:

Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ եւ եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձեւաչափերով, ինչպէս նաեւ երեք տասնեակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:

Բանակցութիւնների ընթացքում ծաւալուն աշխատանք է տարւել հակամարտութեան կարգաւորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղութեամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թւականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդիւնքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցւած նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխութիւններ՝ համեմատած 2007-ի Մադրիդեան նախնական փաստաթղթի հետ:

Մէջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդիւնքներից մէկը. 2007թ. Մադրիդեան փաստաթղթում առաջարկւում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչութեան կամքի ազատ արտայայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միեւնոյն ժամանակ, յղում էր կատարւում Արեւմտեան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատւական եզրակացութեանը, ինչը Բաքւում գնահատում էին որպէս «նեւերենդում» անւանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանայ, ինչպէս եւ Արեւմտեան Սահարայում: Միեւնոյն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դէպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանեան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արեւմտեան Սահարայի օրինակին, այլեւ շեշտւում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը կորոշւի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքոյ անցկացւող համաժողովրդական քւէարկութեան միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչութեան կամքի ազատ արտայայտումը եւ կունենայ իրաւական պարտադիր բնոյթ»: Այս ձեւակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, եւ դա բոլորը հասկանում էին:

Հակամարտութիւններով զբաղւող փորձագէտները գիտեն, որ սեցեսիոն բնոյթի հակամարտութիւնների ճնշող մեծամասնութիւնն աւարտւում է նորանկախ պետութեան լեգիտիմացմամբ ոչ թէ այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնութիւնը, այլ աւելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրութեան մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերւում: Եւ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքւէի անցկացումն է՝ կամքի ազատ արտայայտմամբ, որի հնարաւորութեանը մենք հասանք 2011 թւականին:

Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան հնարաւոր չէ հասնել համապարփակ եւ երկարաժամկէտ կարգաւորման: Եւ դա արտացոլւեց Կազանեան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշւում էր խաղաղ կարգաւորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցութեան մասին: Մադրիդեան տարբերակում այս դրոյթը բացակայում էր:

Աւելին, եթէ 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկւում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատւելուց անմիջապէս յետոյ, ապա Կազանեան տարբերակում շեշտւում էր, որ խաղաղութեան համաձայնագրի նախագծի վրայ աշխատանքները կը սկսւեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից յետոյ, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թւում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հաւատարիմ էին այս մօտեցմանը մինչ 2018-ի ապրիլը:

Դիւանագիտութիւնը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին եւ պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նոր առաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցութիւնից արբեցած, սկսեց յայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիեւը յայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչւող տարածքային միաւոր գոյութիւն չունի», Հայաստանի իշխանութիւնները լռում են՝ բերանները ջուր առած:

Կազանի փաստաթղթում կատարւել են շուրջ երեք տասնեակ այլ փոփոխութիւններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թէ՛ կողմերի, թէ՛ երեք առաջատար տէրութիւնների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների համար:

Կարեւոր է շեշտել, որ որպէս կարգաւորման հիմք պահպանւել են դեռեւս Մադրիդում ներկայացւած միջազգային իրաւունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունք: Առաջ անցնելով՝ ես կը ցանկանայի այստեղ յատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին, նոր իշխանութիւնները գնացին անհաւատալի արկածախնդրութեան՝ երկրորդ պլան մղելով վերոյիշեալ երեք սկզբունքները եւ համաձայնելով լուծել հակամարտութիւնը վերացական «արդարութեան սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարւող ամբողջ դիւանագիտական աշխատանքների վրայ եւ մօտեցրին 2020թ. պատերազմը:

Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցութիւն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, Լ'Աքւիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում ընդունւել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ յայտարարութիւնները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ յայտարարութիւնը, ինչպէս նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երեք յայտարարութիւնները Մայնդորֆում, Աստրախանում եւ Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր յայտարարութիւնները եւ պատրաստակամութիւն յայտնեցինք շարունակել բանակցութիւնները կարգաւորման շուրջ՝ դրանցում պարունակւող առաջարկութիւնների հիման վրայ: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսեւորւեցին:

 

Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը

Կազանում գագաթնաժողովն անցկացւեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի նախաձեռնութեամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զօրակցութիւն յայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մէկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ` կոչ անելով Ադրբեջանին եւ Հայաստանին Կազանի հանդիպմանը «աւարտին հասցնել» կարգաւորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղութեան, ոչ թէ պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքւին (ինչպէս նաեւ Անկարային, որը բացայայտօրէն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկէ, պէտք է յատկապէս նշել Դ.Ա.Մեդւեդեւի եւ Ս.Վ. Լաւրովի ջանքերը, որոնք առաւելագոյն հետեւողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձեւակերպումներ:

Կազանում ներկայացւած տեքստը գործնականում արդէն համաձայնեցւած էր կողմերի միջեւ, եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը, յունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղւած նամակում նշում էր, որ, ինչպէս պայմանաւորւած է, առաջիկայ հանդիպմանը կողմերը նոր փոփոխութիւններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում:

Նախագահ Օբաման յունիսի 23-ին իմ և Ի. Ալիեւի հետ հեռախօսազրոյցներում, ինչպէս նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նոյն օրը մեզ ուղարկած գրաւոր ուղերձներում մեզ յորդորում էին հաւանութիւն տալ Կազանում ներկայացւած փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրէին ելոյթ ունենալով Ստրասբուրգում Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես յայտարարեցի, որ Կազանում դրական արդիւնքներ կարելի է ակնկալել, եթէ Ադրբեջանը նոր փոփոխութիւններ չառաջարկի:

Չնայած միջազգային հանրութեան մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չյաջողւեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիեւը տասից աւելի փոփոխութիւններ առաջարկեց՝ հիմնականում արդէն համաձայնեցւած տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիւ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրաւէր նետեց միջազգային հանրութեանը։ Միջազգային միջնորդները լրջօրէն հիասթափւած էին Բաքւի այդօրինակ մօտեցումից եւ Ալիեւից հարցնում էին, թէ ինչպէս նա կարող է, արդէն որերորդ անգամ, հրաժարւել ձեռք բերւած պայմանաւորւածութիւններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։

Եւ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մօտեցումները աւելի ու աւելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս յայտարարել ենք։ Միջազգային հանրութիւնն ու Հայաստանը գործնականում սկսել էին խօսել նոյն լեզւով. խնդրի բացառապէս խաղաղ կարգաւորումը՝ հիմնւած Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման ու իրացման եւ նրա անվտանգութեան երաշխիքների վրայ, այլընտրանք չունի։

 

Կազանից յետոյ

Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապէս ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մերժմանը՝ համանախագահ երկրները եւ յատկապէս Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտւած ակտիւ աշխատանքը կողմերի հետ:

2011 թւականից յետոյ՝ մինչեւ 2018 թւականը, շարունակւում էին ինտենսիւ բանակցութիւնները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնեակից աւելի հանդիպումներ, համանախագահների տասնեակ ուղեւորութիւններ դէպի Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան: Ընդ որում, Կազանեան փաստաթղթում առկայ բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկեալ կարգավիճակին, անվտանգութեան երաշխիքներին, միջանցքին եւ այլ դրոյթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհութեանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։

Փաստացիօրէն, նաեւ Կազանից յետոյ ձախողւելով դիւանագիտական ճակատում ՝ Ադրբեջանը գնաց հակամարտութեան գօտում լարւածութեան սրման՝ յոյս ունենալով, որ այդ կերպ կը կարողանայ ստիպել հայկական կողմերին պակաս պահանջկոտ լինել կամ էլ հրահրել միջնորդների ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ փուլի գագաթնակետը դարձան 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դէմ լայնածաւալ ագրեսիւ գործողութիւնները՝ շփման գծի ողջ երկայնքով։ Յաջորդիւ, երբ նաեւ այս ագրեսիան ձախողւեց եւ ռազմական գործողութիւնների չորրորդ օրը Բաքուն Մոսկւայի միջոցով հրադադար խնդրեց, ադրբեջանական դիւանագիտութիւնը փորձում էր ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թէ իբր հրադադարի բանաւոր պայմանաւորւածութիւնը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանութիւններին։ Չգիտես ինչու, Հայաստանի ընդդիմադիրները, որոնք այսօր գտնւում են իշխանութեան ղեկին, մեզ մեղադրում էին նոյն բանում։ Եւ հետագայում 2016 թւականի ապրիլեան պատերազմի մասին ադրբեջանական խօսոյթը հայկական քաղաքական դաշտ բերելու փորձերը, չգիտես ինչու, դարձան նոր իշխանութիւնների հիմնական նպատակը։ Յատկանշական է, որ համանախագահները միանգամից արձագանքեցին՝ պաշտօնական նամակներ ուղղելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ քարտուղարութիւններ, հետագայում նաեւ մի շարք համատեղ յայտարարութիւններ անելով, որոնցում ընդգծւում էր, որ 2016-ի բանաւոր համաձայնութիւնը ոչ միայն չի չեղարկում 1994-95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ անժամկէտ համաձայնագրերը, այլեւ հրամայական է դարձնում դրանց անվերապահ կատարումը։

Այսպիսով, 2016-ի ապրիլեան պատերազմը նոյնպէս Ադրբեջանին չմօտեցրեց իր նպատակին ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով: Նրանց չյաջողւեց ուժային միջոցներով պարտադրել իրենց մօտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում: 2016-ի մայիսին Վիեննայում, 2016-ի յունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդիւնքները, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագայ բազմաթիւ յայտարարութիւնները վերահաստատում են դա:

Ադրբեջանը բանակցային գործընթացում իրեն աւելի ու աւելի էր փակուղի մտցնում։ Ընդ որում, հրադադարի բազմակի խախտումների, բանակցային գործընթացը տորպեդահարելու միջոցով Ադրբեջանը պարբերաբար Երեւանին հրահրում էր հրաժարւել բանակցութիւններից, որպէսզի խաղաղ գործընթացի տապալման մեղքը գցի Հայաստանի վրայ։ Սակայն ադրբեջանական կողմին դա ոչ մի կերպ չէր յաջողւում։ Թւում էր՝ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրւելով ոչ միայն Հայաստանին, այլեւ միջազգային միջնորդներին։ Միւս կողմից՝ մէկ անգամ չէ, որ Հայաստանը հրապարակաւ յայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցութիւնները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրայ։

Ես բազմիցս բարձրաձայնել եմ (օրինակ՝ համաշխարհային առաջատար բուհերի հայ շրջանաւարտներին ուղղւած նամակում), որ 2018-ին ինքս ինձ համար բարդ որոշում եմ կայացրել մնալ իշխանութեան ղեկին՝ վարչապետի կարգավիճակով եւ ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիւ յանգուցալուծման»։ Պատրաստ լինելով ինձ վրայ վերցնելու պատմական պատասխանատւութիւն՝ ես ուզում էի յաջորդ սերունդներին թողնել անվտանգ եւ ծաղկուն, հարեւանների հետ խաղաղութեան մէջ ապրող երկու հայկական պետութիւն։ 2018թ. գարնանը մենք դրա համար ունէինք բոլոր նախադրեալները. առկայ էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքոյ մշակւած փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դէպի ողջամիտ եւ արժանապատիւ փոխզիջում, եւ ամենակարեւորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։

Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչեւ հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորութեան մէջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթւածահար անել մեր պետականութեան հիմքերը, թուլացնել երկիրը եւ 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ յեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրայ խորապէս պառակտել մեր հասարակութիւնը։ Իսկ դա միանգամից նոր շունչ յաղորդեց Ադրբեջանի դիւանագիտութեանը այնպիսի պայմաններում, երբ թւում էր, թէ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրւելով ոչ միայն Հայաստանին, այլեւ միջազգային միջնորդներին։ Սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանութեան կոպտագոյն դիւանագիտական վրիպումների, անխոհեմ յայտարարութիւնների ու գործողութիւնների արդիւնքում իրավիճակը սկսւեց փոփոխւել ոչ յօգուտ Երեւանի, որը միջազգային հանրութեան աչքերում սկսեց դիտարկւել որպէս բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացաւ այն, ինչ իրեն չէր յաջողւում տասնամեակներ շարունակ՝ որպէս կազուս բելլի (casusbelli - պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցութիւններից հրաժարւելու մէջ։

Ես բազմիցս խօսել եմ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի անմիջական աջակցութեամբ Ադրբեջանի կողմից սանձազերծւած յանցաւոր պատերազմի հետեւանքների, դրանում պարտութեան պատճառների մասին, այն մասին, թէ ինչու հնարաւոր չեղաւ կանխել, դադարեցնել այն, ռազմական հրեշաւոր սխալների մասին, բայց դրա խոր ուսումնասիրութիւնն ու ստեղծւած իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը առանձին թեմա է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը հնարաւոր չէ կարգաւորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկիւնաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրաւունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգաւորման համար միջնորդութեան միակ միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի յայտարարութիւնը ճիշտ ուղղութեամբ շատ կարեւոր ազդանշան է։

Միջազգային հանրութիւնը չպէտք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդիւնքները, այլ պէտք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ եւ երկարաժամկէտ կարգաւորման:

Հայաստանի ներկայ ղեկավարութիւնը, որն իշխանութիւնը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, փորձում է իր անխոհեմ գործողութիւնների արդիւնքում Հայաստանի ու Արցախի կրած հսկայական, ողբերգական կորուստների պատասխանատւութիւնը գցել «նախկինների», համանախագահների, Աստւած գիտի, թէ էլ ում վրայ։ Ակնյայտ է, որ այս իշխանութիւնների վրայ հնարաւոր չէ դնել ստեղծւած իրավիճակից դուրս գալու, առաւել եւս մեր ժողովրդի եւ պետութեան ապագայի պատասխանատւութիւնը։

Որոշ ուժեր՝ առաջին հերթին ադրբեջանաթուրքական տանդեմը, փորձում են առաւելագոյնս կապիտալիզացնել Հայաստանի եւ Արցախի դէմ վերջին ագրեսիայի հետեւանքներն ու արդիւնքները, հայ հասարակութեանը պարտադրել, այսպէս կոչւած, «նոր իրողութիւնները»՝ որպէս տարածաշրջանում կայացած փաստ։ Սակայն Հարաւային Կովկասի ապագան, տարածաշրջանում երկարաժամկէտ խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը չեն կարող կառուցւել հայ ժողովրդի ազգային շահերի անտեսման վրայ։ Հայաստանի գործող իշխանութիւնների համար, որոնք սեփական դիրքերը պահպանելու համար Հայաստանն ու Արցախը դարձրել են տարածաշրջանում սակարկութիւնների առարկայ, սա երկրորդական է թւում։ Սակայն Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի հայերի, մեր ժողովրդի համար սա առաջնային խնդիր է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։