Հա

Քաղաքական

07/07/2021 - 12:35

«Փոխարինող կը գտնեն, բայց Գրիգորի Խաչատուրովը մնում է Գրիգորի Խաչատուրով». Մովսէս Յակոբեան

168.am-ը ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսէս Յակոբեանից հետաքրքրւեց, թէ Հայաստանն անվտանգային ի՞նչ խնդիրների առջեւ կը կանգնի, եթէ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար դիմի գործուն քայլերի։

«alikonline.ir» - Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասն օրերս անդրադարձել էր մայիսի 12-ին ադրբեջանական զինւած ուժերի ներթափանցմանը ՀՀ պետական տարածք: Զասը լրագրողների հետ զրոյցում ասել էր, որ Հայաստանի հարաւում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրութեան դրոյթների ներքոյ:

«Պէտք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրւում է միայն ագրեսիայի, յարձակման դէպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էութեան, սահմանային միջադէպի հետ: Փառք Աստծոյ, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադէպ է, այն պէտք է լուծել, եւ մենք կողմ ենք, որ այն լուծւի խաղաղ ճանապարհով»,- ասել էր ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը:

Զասի այս յայտարարութիւնն իշխանութեան շատ ներկայացուցիչներ, մասնաւորապէս՝ ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեանը տարօրինակ համարեց, իսկ ոմանք էլ կոչ արեցին, որ պէտք է Հայաստանը քայլեր ձեռնարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։

168.am-ը ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսէս Յակոբեանից հետաքրքրւեց, թէ Հայաստանն անվտանգային ի՞նչ խնդիրների առջեւ կը կանգնի, եթէ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար դիմի գործուն քայլերի։

«Սա քաղաքական հարց է, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ նման ունակութիւններ չունեմ։ Ճիշտ է, անվտանգային հարց է, բայց նաեւ քաղաքական է։ Ես չգիտեմ, թէ ինչ է կատարւում, հետեւաբար՝ որեւէ հարցի չեմ կարող պատասխանել»,- նշեց Մովսէս Յակոբեանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին պաշտօնից հեռացնելու համար իշխանութիւնների ձեռնարկած քայլերին եւ առհասարակ բանակից պրոֆեսիոնալ սպաներին հեռացնելուն, Մովսէս Յակոբեանը նկատեց, թէ չի կարող ասել, թէ իշխանութիւններն այս քայլերին դիմելով ինչ նպատակներ են հետապնդում, նրանք պէտք է ասեն իրենց նպատակների մասին։

«Ես որքանով գիտեմ, այդ գնդերի հրամանատարները սեփական դիմումի հիման վրայ են դուրս եկել աշխատանքից։ Ինչ վերաբերում է Գրիգորի Խաչատուրովին, ապա նրան կը գտնեն փոխարինող, բայց Գրիգորի Խաչատուրովը մնում է Գրիգորի Խաչատուրով։

Ինքս որեւէ կերպ չեմ կարողանում հասկանալ իշխանութիւնների քաղաքական որոշումները, դրանք ինձ համար կոնկրետ անհասկանալի են»,- եզրափակեց Մովսէս Յակոբեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։