Հա

Քաղաքական

07/07/2021 - 12:40

Պատրանքներով ապրելու հետեւանքները

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասի յայտարարութիւնն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադէպ է», եւ այդ կազմակերպութիւնը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհութիւն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թէ անվտանգութեան համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնւում Հայաստանը, կարող փոխարինւել մէկ այլ համակարգով, Զասի յայտարարութեան մէջ տեսան այն «վերջին կաթիլը», որը պէտք է դրդի մեր պետութեանն անել այդ վճռական քայլը: 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասի յայտարարութիւնն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադէպ է», եւ այդ կազմակերպութիւնը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհութիւն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թէ անվտանգութեան համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնւում Հայաստանը, կարող փոխարինւել մէկ այլ համակարգով, Զասի յայտարարութեան մէջ տեսան այն «վերջին կաթիլը», որը պէտք է դրդի մեր պետութեանն անել այդ վճռական քայլը: Իշխանամէտ քաղաքական գործիչներն ու հ/կ-ները նոյնպէս, արմատականութեան տարբեր աստիճանով, նմանատիպ կարծիք են յայտնում:

Նախ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն իսկապէս ձեւական կառոյց է, որը, որպէս կազմակերպութիւն, որեւէ մտադրութիւն չունի ապահովելու Հայաստանի անվտանգութիւնը՝ այնտեղ, բացի Ռուսաստանից, հաւաքւել են պետութիւններ, որոնք աւելի շուտ Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակիցներն են: Դա չի նշանակում սակայն, որ այսօրւայ Հայաստանը քաղաքական եւ ռազմական ռեսուրս ունի իր յարաբերութիւնները փչացնել ՀԱՊԿ-ի հետ կամ, առաւել եւս, ինչպէս որ դա որոշ «տաք գլուխներն» են խորհուրդ տալիս՝ «դուրս գալ ՀԱՊԿ-ից»: Դա կը նշանակէր հակադրւել Ռուսաստանին՝ մի երկրի, որը, որքան էլ դա հաճելի կամ տհաճ լինի, մեր այս ողբալի վիճակում միակն է, որ կարող է ապահովել հայկական, թէկուզ կիսատ-պռատ, պետականութեան պահպանումը: Հակադրւել ՀԱՊԿ-ին՝ նշանակում է հակադրւել Ռուսաստանին, որի համար այդ կազմակերպութիւնն իր կայսրական ամբիցիաների դրսեւորումներից մէկն է: Մեր այսօրւայ իշխանութիւնն այնքան անհեռատես էր, որ, ինչ-ինչ պոպուլիստական մղումներից ելնելով, որոշեց «փակել» ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարին՝ այն էլ մի մեղադրանքով, որը հետագայում չկարողացաւ ապացուցել:

Այո, ՀԱՊԿ-ը որեւէ ցանկութիւն չունի օգնելու մեզ, որպէսզի ադրբեջանցի զինծառայողները դուրս գան մեր ինքնիշխան տարածքից: Ռուսաստանն էլ այս հարցում մեզ օգնելու որեւէ ցանկութիւն չունի: Կասկածում եմ, որ այստեղ մեզ կարող են օգտակար լինել նաեւ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը: Խնդիրն, ինձ թւում է, պարզ է. եթէ դու այնքան խեղճ ես ու անճարակ, որ չես կարողանում պաշտպանել քո սահմանները օտարի ներխուժումից եւ այնքան անխելք ես, որ յայտարարում ես, թէ քո բանակը պէտք է կրճատես, ինչո՞ւ պէտք է որեւէ մէկը քեզ օգնի: Այնպէս որ Ռուսաստանի վրայ «մուննաթ գալը»՝ մանաւանդ, երբ դա անում են իշխանամերձ շրջանակները, մեղմ ասած, տեղին չէ:

Հարցն այն չէ, Ռուսաստանում հաստատւած ռեժիմը կամ այդ երկրի արտաքին քաղաքականութիւնը մեզ դուր է գալիս, թէ՞ ոչ: Անձամբ ես շատ կը ցանկանայի, որ Հայաստանը լինէր Սլովենիայի կամ Էստոնիայի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր քաղաքական եւ մշակութային առանձնայատկութիւններով: Բայց ուղեղն անջատելն ու երազանքներով ապրելը բերում է հէնց այն իրավիճակին, որում մենք հիմա գտնւում ենք: Եւ դա դեռ մեր փորձանքների վերջը չէ, եթէ շարունակենք ցանկալին դնել իրականի տեղ:

 

Aravot.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։