Հա

Քաղաքական

07/07/2021 - 13:20

Մտահոգիչ է, որ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ռազմագերիների հարցին անդրադառնում են Ադրբեջանի կեցւածքը վերարտադրելով՝ հարցը կապելով ականապատւած տարածքների քարտեզների հետ

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան եւ հանրութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը:

«alikonline.ir» - lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան եւ հանրութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը:

 

- Պարոն Շիրինեան, ինչպէ՞ս էք գնահատում ԵՄ-ի կողմից Հայաստանին 1,7 մլրդ եւրոյի աջակցութեան յատկացումը, որը ուղղւելու է նաեւ Սիւնիքի մարզին: Ինչո՞վ է սա պայմանաւորւած եւ ինչ մեսիջներ է այն իր մէջ պարունակում:

- Նախ պէտք է յստակ նշել, որ սա միայն Հայաստանին վերաբերող ծրագիր չէ, այլ ընդհանրապէս ԵՄ «Արեւելեան գործընկերութեան» ծրագրի 6 երկրների համար է, որին մաս են կազմում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրայինան, Բելառուսը, Մոլդովան: Պէտք է նաեւ յստակեցնել, որ խօսքը մեծ մասշտաբի ներդրումների մասին է, որը կարող է հասնել մինչեւ 17 մլրդ եւրոյի առաջիկայ 5 տարիների ընթացքում: Այդ գումարից 1,7 մլրդ եւրոն Հայաստանի համար է յատկացւում: Այս ծրագիրը երկար աշխատանքի արդիւնք է, որը ծնունդ առաւ 2016-ին, երբ ԵՄ-ն միասնաբար այդ 6 երկրների հետ որոշեց նոր թափ հաղորդել «Արեւելեան գործընկերութեան» երկրների տարբեր ոլորտների զարգացմանը: Հաւանական է, որ ԵՄ-ն նկատի առնելով Հայաստանի յետպատերազմեան իրավիճակը, մի շարք վերաճշտումներ է արել դէպի Հայաստան ուղղւելիք ներդրումների առումով եւ շեշտը դրել է զուտ տնտեսական ոլորտների վրայ, ինչպիսիք են ճանապարհները, միջին ու փոքր բիզնեսը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Բնականաբար, ողջունելի է այս ներդրումների հոսքը դէպի Հայաստան՝ յուսալով, որ տվյալ ոլորտներում իսկական առաջընթաց արձանագրւի: Սակայն եթէ խօսքը նման մեծ գումարների մասին է, կարեւոր է նաեւ խօսել արդիւնաւէտութեան եւ թափանցիկութեան մասին: Կարծում եմ, որ դրա պատասխանատուն Հայաստանի կառավարութիւնն է, որպէսզի ամէն մի եւրօ օգտագործւի նպատակայարմար ձեւով՝ տւեալ ոլորտների եւ տւեալ քաղաքացիների կողմից:

Ինչ վերաբերում է Սիւնիքի մարզին, ապա այստեղ նախատեսւած ներդրումներն իրականում ընդհանուր գումարի մէջ շատ փոքր մասն են ներկայացնում՝ ընդամէնը 80 մլն եւրօ: Բայց իսկապէս անչափ կարեւոր է այդ մարզում բնակչութեանն օգնութիւն հասցնելը, որպէսզի նրանք կարողանան գոյատեւել ու զարգանալ իրենց շրջանում: Բայց պէտք է ուշադիր լինել, որ յանկարծ այս ծրագիրը կամ որեւէ այլ ծրագիր, մանաւանդ, որ խօսքը երթեւեկութեան մասին է, չներկայանայ որպէս տեղի բնակիչների անվտանգութիւնը խաթարող ներդրում: Հայաստանի քաղաքացին, մասնաւորապէս, սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիները պէտք է առաջին հերթին այդ վախի մթնոլորտից դուրս, անվտանգ ու ապահով ձեւով ապրեն, հակառակ պարագայում ցանկացած ներդրում իզուր կը դառնայ:

 

- Ռազմագերիների վերադարձի հարցում ԵՄ-ի աջակցութիւնը ինչպէ՞ս էք գնահատում եւ որքանով է հէնց ԵՄ-ի միջնորդութեամբ պայմանաւորւած վերջին ազատ արձակումը:

- Նախ ուզում եմ շնորհաւորել ազատ արձակւած 15 ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին՝ յուսալով, որ բոլոր ռազմագերիներն ազատ կարձակւեն: Բայց պէտք է դատապարտել այն փաստը, որ Ադրբեջանի իշխանութիւնները եւս մէկ անգամ մեր ռազմագերիներին օգտագործում են որպէս բանակցութիւնների օբիեկտ՝ նոր ռազմական կամ նոր քաղաքական շահեր արձանագրելու համար: Դա հակասում է Ժնեւեան կոնւենցիային, հակասում է մարդու հիմնարար իրաւունքներին: Ադրբեջանը պէտք է այս սկանդալային եւ հակամարդկային խաղերին վերջ տայ: Ինչ վերաբերում է Եւրոպային, ապա բաւական ուժեղ բանաձեւեր են ընդունւել ԵՄ անդամ մի շարք երկրների խորհրդարանների կողմից: Բայց այդ, Եւրոխորհրդարանը եւս փաստաթուղթ է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ առանց որեւէ նախապայմանի: Պաշտօնական Բրիւսէլը եւս ԵՄ արտաքին դիւանագիտական մարմինների եւ ներկայացուցիչների մակարդակով բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ կոչ արել ազատ արձակել ռազմագերիներին: Բայց ինչպէս տեսնում ենք, ԵՄ-ն Հարաւային Կովկասի տարածաշրջանում այն լծակները չունի, որ կարողանայ գործնական արդիւնքներ արձանագրել՝ ներառեալ հայ ռազմագերիների հարցում: Հետեւաբար, նա պէտք է բաւարարւի փափուկ դիւանագիտութեամբ կամ կողմերի հետ հանդիպելով, կոչեր ու յայտարարութիւններ հրապարակելով: Իրականում ես վստահ չեմ, որ վերջին ազատ արձակւած 15 հայ ռազմագերիների թղթածրարում ԵՄ-ի ազդեցութիւնը իսկապէս բարձր է եղել կամ ոչ: Սակայն ուզում են բացասական ձեւով անդրադառնալ, որ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ռազմագերիների հարցին անդրադառնում են Ադրբեջանի կեցւածքը վերարտադրելով ու տարածելով՝ հարցը կապելով ականապատւած տարածքների քարտէզների հետ: Դա մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է: Մասնաւորապէս, այս երկու թեմաներն իրար կապելն անհասկանալի է: ԵՄ-ն վերջին 30 տարիներին հնարաւորութիւն ունեցել է մասնակցելու Արցախի ականազերծման գործին, կամ առնւազն դրա ֆինանսաւորմանը, ինչպէս օրինակ ԱՄՆ կառավարութիւնն է անում:

 

- ՀԱՊԿ-ը հրաժարւեց աջակցել Հայաստանին՝ ասելով, որ տեղի ունեցածը սահմանային միջադէպ է եւ ՀԱՊԿ-ի տիրոյթում չէ: Արդեօք Հայաստանը դրանից յետոյ պէտք է դիմի միջազգային, այդ թւում եւրոպական կառոյցներին այդ հարցով:

- Նախ պէտք է նշել, որ Հայաստանը կարիք ունի ամենաարագ ձեւով վերականգնելու իր բանակը, իր անվտանգութիւնը պաշտպանելու ունակութիւնը, որպէսզի իր բնակչութիւնը եւ հողերը ինքնուրոյն պաշտպանի: Պատմութիւնը բազմիցս ցոյց է տւել, որ միայն մենք ենք մեր յենարանը, ինչը փաստւեց նաեւ արցախեան վերջին պատերազմում: Կարծում եմ, որ բանակի վերականգնման գործը Հայաստանի կառավարութեան յստակ առաջնահերթութիւնը պէտք է լինի, մասնաւորապէս, հաշւի առնելով, որ թշնամիները պարբերաբար, միասնական զօրավարժութիւններ են անում տարածաշրջանում եւ աննախադէպ յաճախականութեամբ: Սա չափազանց մտահոգիչ երեւոյթ է մեզ համար եւ ենթադրում եմ՝ նաեւ ՀՀ կառավարութեան համար: Նաեւ հարկաւոր է վերականգնել սեփական բանակը, որպէսզի օտար կազմակերպութիւնների, մասնաւորապէս ՀԱՊԿ-ին ռազմաքաղաքական օգնութեան պահանջով դիմելու պարագայում միայն մերժումների չարժանանանք:

Այդ ամենով հանդերձ, կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ի կեցւածքը մտահոգիչ է՝ հաշւի առնելով, որ դէպքերը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում: Իրականում, եթէ Հայաստանն ինքն իրեն պաշտպանելու ունակութիւնն ունենար եւ բանակն աւելի արագ վերականգնած լինէր, ամէն գործիքակազմ պէտք է օգտագործէր, որպէսզի բարձրաձայնի իր տարածքային ամբողջականութեան խախտումների մասին: Ընդ որում ոչ միայն ՀԱՊԿ-ի միջոցով, այլեւ ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի միջոցով: Որովհետեւ այդ խախտումները յստակ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն են ոտնահարում: Բայց մենք պէտք է նաեւ կարողանանք հասկանալ, թէ այդ որ կազմակերպութիւններն են, որ կարող են դրական ձեւով անդրադառնալ Հայաստանի պահանջներին, նաեւ հաշւի առնելով տարածաշրջանային իրականութիւնը եւ Հայաստանի ունեցած ռազմաքաղաքական պայմանաւորւածութիւնները տարբեր կողմերի հետ:

 

Սիրանուշ Պապեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։