Print this page
08/07/2021 - 12:15

«Քարտէզներին որ նայում էք՝ երջանկութի՞ւն էք զգում ձեր կառավարութիւնից, ինքներդ ձեզանից. ի՞նչ էք պատմելու ձեր թոռներին». Թեւան Պօղոսեանը՝ իշխանութիւններին

168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում Թեւան Պօղոսեանը նկատեց. «Եթէ դու ինքդ քո սահմանները չես պաշտպանում, դրանից յետոյ ինչպէ՞ս ես ասում, թէ ուրիշներն են մեղաւոր: Ուրիշները, նայելով քո վարքագծին, արել են ամէն ինչ: 2 ամիս ասում էին, որ ամէն օր բանակցում են, եւ բոլորը ողջունում են իրենց մօտեցումը, այդ ո՞նց ստացւեց, որ ուրիշն է սադրել: Ադրբեջանի սադրանքները հայերի հանդէպ 1918թ. լինում են եւ կապ չունեն այլ խնդիրների հետ, դա մշտական գոյութիւն է ունեցել»:

«alikonline.ir» - Վերին Շորժայի հատւածում միջադէպ է տեղի ունեցել, որի արդիւնքում հայկական կողմն ունի վիրաւոր, եւ ըստ տեղեկութիւնների՝ 2 վիրաւոր էլ ունի Ադրբեջանը: Միջադէպի հետ կապւած ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը «Հանրային հեռուստաընկերութեան» եթերում ասել է, որ դա Ադրբեջանի կողմից կազմակերպւած պրովոկացիա է, եւ ըստ նրա՝ Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տւել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասի յայտարարութիւնները:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պօղոսեանը վերոնշեալի վերաբերեալ հետեւեալ կարծիքն ունի՝ եթէ ՀՀ գործող իշխանութիւնների վարքագիծն այնպիսին է, որ դա ինչ-որ սահմանային միջադէպ է, բա ուրիշնե՞րն ինչ ձեւով դիտարկեն:

168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում նա նկատեց. «Եթէ դու ինքդ քո սահմանները չես պաշտպանում, դրանից յետոյ ինչպէ՞ս ես ասում, թէ ուրիշներն են մեղաւոր: Ուրիշները, նայելով քո վարքագծին, արել են ամէն ինչ: 2 ամիս ասում էին, որ ամէն օր բանակցում են, եւ բոլորը ողջունում են իրենց մօտեցումը, այդ ո՞նց ստացւեց, որ ուրիշն է սադրել: Ադրբեջանի սադրանքները հայերի հանդէպ 1918թ. լինում են եւ կապ չունեն այլ խնդիրների հետ, դա մշտական գոյութիւն է ունեցել»:

Հանրային հեռուստաընկերութեան եթերում ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը նաեւ ասել է, որ սահմաններին պէտք է ռուս սահմանապահներ տեղակայւեն, այնուհետեւ հասկանան, թէ ինչպէս են դեմարկացիա եւ դելիմիտացիա կատարում. «Երբ դեմարկացիա եւ դելիմիտացիա կատարւի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծով կը տեղակայւեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զօրքերը»:

Թեւան Պօղոսեանից հետաքրքրւեցինք՝ այս յայտարարութիւնն ինչպէ՞ս կը մեկնաբանի, արդեօ՞ք սա չի նշանակում Հայաստանի ինքնիշխանութեան կորուստ:

«Հայաստանը, այսօրւայ դրութեամբ, պետական ինստիտուտներ չունի, որ մի հատ էլ մտածեմ՝ ինքնիշխանութիւն ունի՞, թէ՞ ոչ: ԱԳ նախարարութիւն կա՞յ, ՊՆ կա՞յ, եթէ կայ, ապա պէտք է օրէնքի դիկտատուրայով իր գործողութիւնը տեսնէինք: Յիշեցնեմ, որ նաեւ մայիսի ինչ-որ մի օր մեզ խոստացան 24 ժամւայ մէջ չգիտեմ՝ ինչ անեն... Քանի՞ 24 ժամ է անցել՝ թող իրենք հաշւեն: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը ոնց որ թէ դելիմիտացւած է, դեմարկացւած է, նէյտրալ զոնաները գծւած են, ՀՀ զօրքե՞րն են այնտեղ կանգնած: Ի՞նչ տարբերութիւն այս պարագայում: Ռուսաստանը, այսպէս թէ այնպէս, այնտեղ կանգնած էր: Հիմա այստեղ, երբ ասում է՝ յետոյ կը կանգնեն. Տաւուշում մինչեւ հիմա չէի՞ն կարողանում կանգնել, որ դեմարկացւած չէր, դելիմիտացւած չէր եւ մեր բանակը լաւ պահում էր»,- ի պատասխան՝ ասաց նա:

Թեւան Պօղոսեանի խօսքով՝ գնալ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, նշանակում է, որ նախ՝ ճանաչում ես դիւանագիտական յարաբերութիւններ՝ միւս կողմի հետ, ճանաչում ես միւս կողմի տարածքային ամբողջականութիւնը՝ իր բոլոր քաղաքական հետեւանքներով. «Դա նշանակում է, որ ձեւաւորում էք յանձնաժողով եւ իրար հետ համագործակցում էք: Դա քանի՞ տարի է տեւելու: Եթէ ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ինչ-որ սահմաններով, դա նշանակելու է Արցախի ամբողջական քաղաքական խնդրի կորուստ»:

Դիտարկմանը՝ իշխանութիւններն ասում են՝ նման բան չկայ, նա արձագանքեց՝ ինչպէ՞ս չկայ:

ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանն ասել է, որ Ադրբեջանի սահմաններն են ճանաչելու, բայց Արցախի հարցը, նրա խօսքով՝ ինքնորոշման հարց է եւ սահմանային հարց չէ, եւ այդ առումով չի կարող որեւէ խնդիր առաջանալ. «Հայաստանի օրակարգում շարունակում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնալ, եւ որեւէ գործըթաց չի կարող ազդել այս կարգավիճակի հարցը դուրս մղելուն»:

Թեւան Պօղոսեանը նկատեց՝ լաւ կը լինի՝ գնան, իրար մէջ քննարկեն. «Ռուբէն Ռուբինեանը «Սպուտնիկ»-ին ուրիշ բան է ասել: Եթէ նա ասում է՝ խնդիր չէ, թող Հայաստանը ճանաչի Արցախը: Գանք նորից օրէնքների դիկտատուրային՝ ՀՀ օրէնքներով 1991-92թթ. կան ընդունւած փաստաթղթեր, որտեղ մենք իրաւունք չունենք որեւէ մի քայլ անելու՝ առանց Արցախի տարածքային ամբողջականութեան կամ այդ գաղափարի ճանաչման, դեմարկացիան ո՞նց է ստորագրելու: Մի օրէնքը միւսո՞վ է խախտելու: Այդ դէպքում ազնիւ եղէք եւ ասէք՝ ընտրովի օրէնքների դիկտատուրա: Ընդհանրապէս, այդ նոյն մարդը չէ՞ր ասում, որ պետական համակարգը պէտք է ծառայի ոչ թէ պետութեանը, այլ կուսակցութեանը: Մենք չունենք պետական ինստիտուտներ: Ալիեւը հանգիստ կարող է ասել՝ ես ղեկավարում եմ ՀՀ ընտրութիւնների արդիւնքները, որովհետեւ ես ասել եմ՝ ում եմ ցանկանում՝ ընտրւի, այդ ուժերն ընտրւել են»:

Դիմելով ՀՀ իշխանութիւններին՝ նա հետեւեալն ասաց. «Ձեր կառավարման ընթացքում ստացած արդիւնքից ինքներդ հպա՞րտ էք: Վստահ եմ, որ ամէն մէկիդ սենեակում քարտէզներ կային, երբ մտել էիք, այդ քարտէզները հանե՞լ էք, նոր քարտէզնե՞ր էք կախել: Եթէ ոչ, ապա հին քարտէզներին որ նայում էք՝ երջանկութի՞ւն էք զգում ձեր կառավարութիւնից, ինքներդ ձեզանից: Ի՞նչ էք պատմելու, ասելու էք՝ պապիկն ինձ փոխանցել է սա, բայց ես, թոռնիկ ջան, քեզ տալիս եմ աւելի փոքր բան, գնայ՝ վայելիր: Ամէն մէկիս տանն էլ կը լինի էդ քարտէզներից, մի անգամ նայէք, էլի: Յունիսի 20-ին ընտրութիւն ենք ունեցել, ո՞վ է այդ արդիւնքներով աւելի շատ ուրախացել, բացի մի քանի հազար հայերից, որոնք պաշտօն կը ստանան, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք: Խօսում են խաղաղութիւնից՝ գերեզմանում էլ է խաղաղութիւն, չգիտեմ՝ դուք ինչ խաղաղութիւն էք ինձ տալու: Ես երջանկութիւն կը ստանայի յաղթանակած խաղաղութիւնից, գերեզմանային խաղաղութիւնից երջանկութիւն չեմ ապրում»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր