Հա

Քաղաքական

10/07/2021 - 12:00

«Այժմ «կանաչ լոյյս ցոյց տւողները» Փաշինեանին հասկացնում են՝ արդէն ժամանակն է գործի անցնել եւ վերադառնալ զգայուն թեմաների իրագործմանը». քաղաքագէտ

Քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել Փաշինեան-Պուտին հրապարակային հանդիպման դրւագները՝ առանձնացնելով յատկապէս Ռուսաստանի Դաշնութեան նախագահի ակնարկը՝ լուծման սպասող «զգայուն ու սուր հարցերի» վերաբերեալ։

«alikonline.ir» - Քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել Փաշինեան-Պուտին հրապարակային հանդիպման դրւագները՝ առանձնացնելով յատկապէս Ռուսաստանի Դաշնութեան նախագահի ակնարկը՝ լուծման սպասող «զգայուն ու սուր հարցերի» վերաբերեալ։

Յիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը շնորհաւորել է Նիկոլ Փաշինեանին յունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակի կապակցութեամբ՝ հետեւեալ ձեւակերպմամբ. «Ցանկանում եմ արդէն անձամբ շնորհաւորել Ձեզ ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ: Ես կարծում եմ, որ դա կարեւոր է բոլորի համար, նախ եւ առաջ, իհարկէ, Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, սուր եւ զգայուն հարցեր, որոնք պէտք է լուծել, կարելի է լուծել, միայն, եթէ կայ արդիւնաւէտ աշխատելու հնարաւորութեան ապահովում: Իսկ դրա համար ամենակարեւորը ժողովրդի վստահութիւնն ունենալն է»:

Քաղաքագէտ Վիգէն Յակոբեանի գնահատմամբ՝ ուշադրութեան արժանի է նաեւ «բոլորի համար» արտայայտութիւնը, թէ ինչու՝ նա պարզաբանեց.

«Ակնարկը, որը հնչեց Վլադիմիր Պուտինի ներածական խօսքում, նշանակում էր, որ բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք, ըստ էութեան, ձեւաւորել էին աշխարհաքաղաքական որոշակի կոնսենսուս այս իշխանութիւնների վերարտադրման շուրջ, համարում են, որ այսուհետ Նիկոլ Փաշինեանը, վերահաստատելով իր քւէն, կարող է լուծել, Վլադիմիր Պուտինի որակմամբ, զգայուն խնդիրները, որոնք այժմ ծառացել են Հայաստանի եւ Հայաստանի իշխանութիւնների առջեւ:

Պուտինն ասում էր, որ այդ վստահութեան քւէով Փաշինեանը կարող է շարունակել ի կատար ածել բոլոր այն պարտաւորութիւնները, որոնք ստանձւել էին թէ՛ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, թէ՛ Մոսկվայի 2021թ. յունւարի 11-ի փաստաթղթերով, թէ՛ շատուշատ այլ բանաւոր ձեռքբերւած պայմանաւորւածութիւններով, եւ, ինչո՞ւ ոչ, խօսքը գուցէ նաեւ նոր պայմանաւորւածութիւնների մասին է, որոնք պէտք է դեռեւս ձեռք բերւեն, այդ թւում՝ նաեւ, օրինակ, ռուս խաղաղապահների տեղաւորումը Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, դեմարկացիայի, դելիմիտացիայի եւ յայտնի անկլաւների թեման»:

Վիգէն Յակոբեանի գնահատմամբ՝ հէնց այս փաստով էր պայմանաւորւած նաեւ այն, որ Բայդէնը եւ Պուտինը, չսպասելով ընդդիմութեան կողմից ՍԴ-ում ընտրութիւնների արդիւնքների վիճարկման աւարտին, հապճեպ շնորհաւորեցին Փաշինեանին. «Բոլորի շնորհաւորանքներում կային որոշակի ակնարկներ, որոշակի յոյս, եւ, կարող եմ ասել՝ նոյնիսկ որոշակի շտապողականութիւն. ոչ միայն իրենց գործողութիւններում, այլ նաեւ իրենք են շտապեցնում Նիկոլ Փաշինեանին։ Կարծում եմ, նաեւ այն պատճառով, որ հասկանում են՝ այնուամենայնիւ, ինչ արդիւնք էլ որ եղել է, գործընթացները չեն անցնի առանց լուրջ խոչընդոտների, որովհետեւ իւրաքանչիւր պայմանաւորւածութիւն, առաւել եւս՝ պայմանագիր, որը կարող է ընդունւել, փաստաթղթաւորւել, պէտք է որոշակի գործընթաց անցնի խորհրդարանում։ Իսկ հիմա խորհրդարանում իշխանութիւնը բաւականին ամորֆ վիճակում է: Կան փաստաթղթեր, որոնց ընդունումը քաղաքական ընդդիմութեան հետ պայմանաւորւածութիւններ է ենթադրում, կամ՝ ընդհանրապէս հնարաւոր չի լինելու անցկացնել: Այս առումով, ըստ իս, բաւականին լուրջ գործընթացներ են սպասւում ներքաղաքական կեանքում:

Փաշինեանը, քանի որ պարտաւորութիւններ էր ստանձնել, պրոցեսներում որոշակի դանդաղկոտութիւնը գուցէ բացատրում էր նրանով, որ Հայաստանում կայ ներքաղաքական լուրջ լարւածութիւն եւ դիմադրողականութիւն, եւ ամէն ինչ պայմանաւորում էր իր վերարտադրութեամբ, եւ փաստացի աշխարհաքաղաքական կենտրոններից եւ ռեգիոնալ խաղացողներից ստացել էր «կանաչ լոյս»: Այժմ «կանաչ լոյս տւողները», իրենց շահերից ելնելով՝ շատ բաների վրայ աչք փակողները, ըստ էութեան, իրեն հասկացնում են, որ լեգիտիմութիւնը բաւարար է, եւ արդէն ժամանակն է գործի անցնել եւ վերադառնալ զգայուն թեմաների իրագործմանը»:

Արդեօ՞ք խորհրդարանական ընդդիմութիւնը կը կարողանայ դիմակայել նման մասշտաբների ծրագրերի իրագործմանը. այս հարցին ի պատասխան՝ վերլուծաբանը պատասխանեց, որ այսօրւայ ընդդիմութիւնն ունի քաղաքական եւ իրաւական բոլոր լծակները, որպէսզի խոչընդոտի իշխանութեան գործողութիւնները.

«Ամէն դէպքում, մենք պէտք է հաշւի առնենք, որ այսօրւայ ընդդիմութիւնը, ստանձնելով ոչ թէ կառուցողական կամ յեղափոխական ընդդիմութեան աջակցողի ֆունկցիաներ, յայտարարելով, որ լինելու է արմատական ընդդիմութիւն, իր վերահսկողութեան տակ պահում է նաեւ փողոցի ընդդիմադիր զանգւածը եւ համադրելով պառլամենտական լծակները եւ փողոցը` կարող է բաւականին լուրջ ազդեցութիւն ունենալ քաղաքական պրոցեսների վրայ:

Մենք այսօր այնպիսի խորհրդարան ունենք, որտեղ քաղաքական մեծամասնութիւնը, լինելով մեծամասնութիւն, այնուամենայնիւ, չունի սահմանադրական որոշումներ անցկացնելու հնարաւորութիւն:

Եւ, ի վերջոյ, այսօրւայ ընդդիմութիւնը ոչ միայն օրէնսդրական գործունէութեան համար է մտել խորհրդարան, այլեւ, որպէսզի քաղաքական գործունէութիւն ծաւալի երկրի թիւ մէկ քաղաքական, ընտրողի մանդատն ունեցող միակ մարմնում։ Հայաստանում, որը պառլամենտական հանրապետութիւն է համարւում, պառլամենտը ոչ միայն օրէնսդիր մարմին է, այլ նաեւ՝ թիւ մէկ քաղաքական մարմին, եւ խորհրդարանական փոքրամասնութիւնը՝ընդդիմութիւնը, ունի բաւականին լուրջ հնարաւորութիւններ՝ եթէ ոչ՝ սեփական օրակարգը պարտադրելու, ապա գոնէ՝ իշխանութեան օրակարգը խափանելու համար»:

 

Յարակից լուրեր

  • Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները
    Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները

    Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինեանը բաւական հանգամանօրէն անդրադարձել է անբարոյականութեանը՝ թեթեւ վարքի կանանց ու նրանց հոգեբանութեանը, իր իսկ կողմից այդ հոգեբանութեամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձեւակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրութիւն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտւածք ունեցող մարդու՝ իշխանութեան գալու դէպքում պետութիւնը կարող է յայտնւել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եւ յայտնւել է։

  • «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am
    «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am

    Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։

  • «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին
    «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին

    Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի:

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

  • ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին
    ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նիւ Եօրք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու եւ չի նախատեսում ելոյթ ունենալ անգամ տեսակապով: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։