Հա

Քաղաքական

10/07/2021 - 13:15

«Հանրութեան գլխի տակ «փափուկ բարձ» դնելու, անգործութեան ու ապաշնորհութեան ծանր հետեւանքները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ յաճախ հանրութեան համար շոկային են թւում այն իրավիճակները, երբ պետութիւնը հանդիպում է շատ լուրջ մարտահրաւէրների՝ անվտանգայինից սկսած, քաղաքականով վերջացրած՝ հաշւի առնելով, որ մինչ այդ թւում էր, թէ ամէն ինչ կարգին է եւ իր հունով է ընթանում։ Դրանով է պայմանաւորւած, որ անընդհատ մենք բախւում ենք յանկարծակիութեան ու անպատրաստ լինելու հանգամանքին։

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ յաճախ հանրութեան համար շոկային են թւում այն իրավիճակները, երբ պետութիւնը հանդիպում է շատ լուրջ մարտահրաւէրների՝ անվտանգայինից սկսած, քաղաքականով վերջացրած՝ հաշւի առնելով, որ մինչ այդ թւում էր, թէ ամէն ինչ կարգին է եւ իր հունով է ընթանում։ Դրանով է պայմանաւորւած, որ անընդհատ մենք բախւում ենք յանկարծակիութեան ու անպատրաստ լինելու հանգամանքին։ Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ խնդիրներն ու մարտահրաւէրները չեն կարող մի օրում առաջ գալ, քանի որ անցնում են որոշակի զարգացման շրջան ու հասնում իրենց պիկին։ Հարցն այլ է, որ այս իշխանութիւններն իրենց կառավարման ընթացքում փորձում են անուշադրութեան մատնել պետութեան համար ռիսկեր պարունակող վտանգները եւ փափուկ բարձ դնել հանրութեան գլխի տակ այնքան ժամանակ, մինչեւ ճգնաժամը ուղտի պէս չոքում է Հայաստանի դռանը։

Բոլորս ենք յիշում, թէ իշխանութեան ներկայացուցիչներն ինչպիսի մեծ համոզւածութեամբ էին յայտարարում, թէ Սիւնիքն անվտանգ է, բայց տեսանք, թէ արդիւնքում ինչ ունեցաւ։ Հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ նաեւ Սիւնիքի հատւածում, եւ ոչ միայն հրաժարւում է հեռանալ, այլեւ ամէն անգամ սադրանքների է դիմում բախումներ հրահրելու նպատակով։ Նոյնիսկ 2020 թւականի նոյեմբերին Փաշինեանի հրապարակած Ճանապարհային քարտէզի 8-րդ կէտով նախատեսւում էր «Զինւած ուժերի բարեփոխումների հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ», սակայն արդիւնքում ականատես ենք լինում, թէ ինչպէս են ամիսներն անցնում, իսկ ժամանակակից սպառազինութիւնների ձեռքբերման, զինւած ուժերի վերակառուցման ու մարտունակութեան բարձրացման ուղղութեամբ ոչինչ չի արվում։ Դրա արդիւնքում է, որ Հայաստանն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել իր սահմանների անվտանգութիւնը։

Այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը, որ ՀՀ ինքնիշխանութեան մասին ճառեր ասող իշխանութիւնները ճարահատեալ փորձում են գտնել, ռուսական կողմին օրուգիշեր պաղատելն է, որ ռուսական սահմանապահներ տեղակայւեն մեր սահմանների երկայնքով։ Մեծ հաշւով, կանգնած ենք այնպիսի հանգրւանի առաջ, որ իշխող քաղաքական թիմը միայն իշխանութիւնը պահելու հարցն է լուծում եւ ընդհանրապէս ի վիճակի չէ ժամանակը Հայաստանի օգտին աշխատեցնել։ Իսկ մինչ այդ Ադրբեջանի ախորժակն աւելի է բացւում, այդ երկիրը չի ցանկանում բաւարարւել ձեռք բերածով եւ աւելիին է ձգտում։ Դրանով է պայմանաւորւած, որ Ադրբեջանը մեկը միւսի յետեւից նոր զօրամասեր է բացում, նախատեսում է ընդլայնել իր զինւած ուժերի անձնակազմը եւ նոր արդիական սպառազինութիւններ ձեռք բերել։

Նոյն անմխիթար վիճակն է նաեւ այլ ոլորտներում: Օրինակ՝ այս տարւայ մարտին կառավարութեան նիստում Փաշինեանը յայտարարում էր, թէ այս տարի ջրային պաշարների հետ կապւած խնդիր չենք ունենալու եւ «աչքալուսանք» էր տալիս գիւղացիներին, բայց այսօր պարզւում է, որ հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման, իսկ բերքը փչանում է։ Խնդրին համակարգային լուծում տալու փոխարէն իշխանութիւնների յոյսը կրկին Սեւանայ լճից ջրառի աւելացումն է։ Դեռեւս մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրութեան յատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, թէ առաջիկայում սպասւում է, որ Սեւանայ լճի մակարդակը վերջին 60 տարւայ համար կը հասնի ռեկորդային նիշի։

Սակայն պարզւում է, որ Սեւանի մակարդակը ոչ միայն շատ հեռու է վերջին 60 տարւայ ամենաբարձր նիշի վրայ լինելուց, այլեւ ցածր է անցած տարւանից ու շարունակում է իջնել։ Առանց այդ էլ պարզ է, որ Սեւանի հետ կապւած քիչ խնդիրներ չկան, իսկ ջրի մակարդակի իջեցումն էլ աւելի շատ է նպաստելու լճի ծաղկմանը եւ էկոհամակարգի հաւասարակշռութեան խախտմանը։ Անվտանգութեան տեսանկիւնից ընդհանրապէս ջրային ռեսուրսների կառավարմանը շատ լուրջ ուշադրութիւն պէտք է դարձնել՝ յատկապէս որ Թուրքիան, որը Սիրիային ու Իրաքին ջրազրկելու յատուկ քաղաքականութիւն է վարում եւ դրա արդիւնքում լրացուցիչ լծակներ ստանում, նոյն կերպ էլ ցանկանում է ջրազրկել Հայաստանին։

Պատահական չէ, որ Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Ախուրեանի ջրամբարը, որի ջուրն օգտագործւում է հսկայական տարածքներ ոռոգելու համար, վերջին տարիներին կանգնել է ջրի ծաւալների նւազման վտանգի առաջ: Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում նոր ջրամբարներ է կառուցել, եւ այն ջուրը, որը պէտք է լցւէր Ախուրեան, ու հայկական եւ թուրքական կողմերը պիտի հաւասարապէս օգտագործէին, հիմա ամբարւում է թուրքական տարածքում: Բացի այդ, Թուրքիան իր ջրամբարների համալիրի զարգացման միջոցով պատրաստւում է իւրացնել Արաքսի ջրերի կէսից աւելին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու հայկական կողմի համար։ Այս ուղղութեամբ պէտք է կոնկրետ ծրագիր մշակւի՝ հաշւի առնելով, որ ջրի ապահովման խնդիրը ոչ միայն սոցիալական հարց է լուծում, այլեւ սերտօրէն կապւած է Հայաստանի պարենային անվտանգութեան հետ, որը վերջին շրջանում յատուկ կարեւորութիւն է ստացել։

Հարցն այն է, որ Արցախից ամէն տարի մեծ քանակութեամբ հացահատիկ էինք ստանում, իսկ Արցախի տարածքների կորուստներից յետոյ Հայաստանը հացահատիկի պակաս է ունենալու։ Պէտք է լրջօրէն մտածել, թէ այս խնդիրն ինչպէս կարելի է լուծել, որպէսզի մեր երկրի պարենային անվտանգութիւնը կախւած չլինի միայն դրսի ներկրումից։ Բայց խիստ կասկածելի է, թէ գործող իշխանութիւնները երեք տարի շարունակ իրենց իսկ ստեղծած ֆէյքային իրականութիւնից դուրս չգալուց եւ բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրելուց յետոյ ի վիճակի կը լինեն գոնէ լուծել պարենային անվտանգութեան հարցը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։