Հա

Քաղաքական

10/07/2021 - 13:25

54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը

Փաշինեանին վստահութեան մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, եւ դրա մասին շատ է խօսւել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժւել են. կասկածի տակ է դրւել այն հիմքը, որի վրայ ստեղծւել է Երրորդ Հանրապետութիւնը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

Փաշինեանին վստահութեան մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, եւ դրա մասին շատ է խօսւել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժւել են. կասկածի տակ է դրւել այն հիմքը, որի վրայ ստեղծւել է Երրորդ Հանրապետութիւնը:

Իր ընտրութեամբ՝ յիշեալ 54 տոկոսը յայտարարեց, որ Արցախի հարցն իրեն այլեւս չի հետաքրքրում, որ դա իսկապէս բեռ էր, որից նրանք յոգնել են:

Պարզ է, որ նախընտրական արշաւի ժամանակ Փաշինեանի ձեռքերը համբուրող տատիկն այդպիսի ձեւակերպում չի արել, բայց, վստահ եմ՝ որ մեր 687,251 քաղաքացիները, վերջին հաշւով, իրենց վերաբերմունքն են արտայայտել այն խնդրի հանդէպ, որը 33 տարի Հայաստանում համարւում էր հիմնականն ու ամենակարեւորը:

Իհարկէ, այդ խնդիրը նաեւ շահարկւում էր, դրանով արդարացւում էին ապօրինութիւններ, եւ դա նման անտարբեր վերաբերմունքի հիմքերից մէկն է: Անտարբերութեան մասին իմ պնդումը գուցէ դաժան է հնչում, բայց երբ այդ մարդիկ, ըստ էութեան, ասում են՝ «կորցրել ենք, յետո՞յ ինչ», ես այլ մեկնաբանութիւն չեմ կարող տալ: Կարող էք ասել նաեւ, որ 687,251-ը հայ ժողովրդի մեծամասնութիւնը չեն կազմում: Բայց ժողովրդավարական ընթացակարգը հաշւի է առնում ընտրութիւնների արդիւնքները, ոչ թէ՝ մնացածների արտայայտած կամ չարտայայտած կամքը:

Մտաւորականների այն խումբը, որը 1988 թւականին «գրաւեց» Ազատութեան հրապարակը, իսկ այնուհետեւ՝ ամբողջ Հայաստանը, կոչւում էր «Ղարաբաղ» կոմիտէ: Այն չէր կոչւում «Հակակոռուպցիոն կոմիտէ», «Սոցիալական արդարութիւն» կամ անգամ «Անկախ Հայաստան» կոմիտէ:

Երրորդ Հանրապետութեան ամբողջ պատմութիւնը, մինչեւ 2018 թւականը, ընթանում էր Արցախը հայկական պահելու, այն չհայաթափելու նշանաբանի տակ: Երեք տարի առաջ արձանագրւեց, որ առաջնահերթութիւնները փոխւել են, եւ այդ փոփոխութիւնը լաւագոյնս արտայայտեց Փաշինեանն իր յեղափոխութեամբ: Նա դարձաւ Հայաստանի առաջին ղեկավարը, որը կապ չունէր Ղարաբաղեան խնդրի հետ, եւ դա սկիզբն էր այն գործընթացի, որի հիմնական արդիւնքն արձանագրւեց 2020 թւականի նոյեմբերի 10-ին, եւ որն իր աւարտին է հասցւելու մօտակայ 1-2 տարում:

Ինչի՞ մանդատ տւեց Փաշինեանին 54 տոկոսը: Պողպատը, մուրճը, նախկիններին պատժելը՝ այդ ամէնը «լիրիկա է», քարոզչական պատմուճան: Փաշինեանը յունիսի 20-ին ստացաւ Արցախի հարցը փակելու, այն՝ որպէս Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Թուրքիային Սիւնիքի մարզով միջանցք տալու մանդատը: Դրա մասին էր, ըստ էութեան, խօսում Պուտինը՝ վարչապետի պաշտօնակատարի հետ իր զրոյցում. ստացե՞լ ես ժողովրդի վստահութիւնը, ուրեմն՝ վերջ, արա՛ այն, ինչի համար մենք քեզ սատարում ենք:

54 տոկոսի մէջ հաստատ կան մարդիկ, որոնք անկեղծօրէն չեն ուզում, որ ամէն ինչ գնայ նման սցենարով: Բայց ցանկացած մարդ պէտք է պատասխան տայ իր ընտրութեան համար եւ «վայելի» դրա արդիւնքները: Ի դէպ, երբ Փաշինեանը կատարի այն, ինչը նրանից Պուտինի միջոցով պահանջում են Էրդողանը եւ Ալիեւը, նա այլեւս միջազգային խաղացողներին հետաքրքիր չի լինելու: Բայց այդ հանգամանքն ինձ բացարձակապէս չի սփոփում:

 

«Առաւօտ»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։