Հա

Քաղաքական

11/07/2021 - 12:50

«Եթէ անհրաժեշտ լինի Հայաստանը պէտք է կատարի ՀԱՊԿ առջեւ ստանձնած պարտաւորութիւնը». Նորատ Տէր-Գրիգորեանց

Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տէր-Գրիգորեանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնը (ՀԱՊԿ) անհրաժեշտութեան դէպքում անպայման պէտք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծւած իրավիճակին եւ պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկեան զօրքերի դուրսբերումից յետոյ առաջացած անկայունութիւնից:

«alikonline.ir» - Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տէր-Գրիգորեանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնը (ՀԱՊԿ) անհրաժեշտութեան դէպքում անպայման պէտք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծւած իրավիճակին եւ պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկեան զօրքերի դուրսբերումից յետոյ առաջացած անկայունութիւնից: Իսկ եթէ որոշում ընդունւի ռազմական օգնութիւն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետութեանը՝ Հայաստանը, անկախ ամէն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտաւորութիւնները: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Տէր-Գրիգորեանցը մեկնաբանեց թեմային առնչւող հարցերը՝ յիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում եւ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:

«Յարձակումը Տաջիկստանի վրայ նշանակում է յարձակում Ռուսաստանի վրայ: Տաջիկական ուղղութեամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են: Նկատի ունեմ թէ՛ թալիբներին եւ թէ՛ ԴԱԷՇ-ը: Սա շատ լուրջ թշնամի է: Եւ եթէ նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարւածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է»,- ասաց գեներալը:

Անդրադառնալով հարցին, թէ ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթէ ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշւի ռազմական օգնութիւն ցոյց տալ Տաջիկստանին, Նորատ Տէր-Գրիգորեանցը կարծիք յայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պէտք է կատարի իր ստանձնած պարտաւորութիւնները «առանց որեւէ մէկից նեղանալու»:

«Եթէ անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պէտք է կատարի իր պարտաւորութիւնները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զօրքեր կան»,- նշեց մեր զրուցակիցը:

Յուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանութեան նպատակով պահեստազօրի մօտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:

Այս շաբաթ Տաջիկստանը պաշտօնապէս դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնութեան համար:

Յուլիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ստանձնած պարտաւորութիւնները ուժի մէջ են: Նա ասել է, որ Մոսկւան ուշադրութեամբ հետեւում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնւող իր ռազմաբազայի հնարաւորութիւնները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտանգութիւնն ապահովելու համար՝ կապւած Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ:

Միջազգային մամուլը գրում է, որ ամերիկեան զօրքերի՝ Աֆղանստանից դուրս գալուց յետոյ «Թալիբան» ահաբեկչական խմբաւորման զինեալները նորանոր տարածքներ են նւաճում երկրի հիւսիսային շրջաններում՝ մօտենալով Տաջիկստանի հետ սահմանին: Իսկ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներն ու աֆղանական կառավարական բանակի սահմանապահները փախչում են Տաջիկստան՝ իսլամիստներից փրկւելու համար: Որոշ տեղեկութիւններով՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանի աւելի քան 70 տոկոսն արդէն գտնւում է թալիբների վերահսկողութեան տակ:

Նորատ Տէր-Գրիգորեանցը մասնակցել է Աֆղանստանում մոջահեդների դէմ խորհրդային զօրքերի վարած ռազմական գործողութիւններին: 1980 թւականին գերազանցութեամբ աւարտելով ԽՍՀՄ Զինւած ուժերի գլխաւոր շտաբի ակադեմիան՝ գեներալ-մայոր Տէր-Գրիգորեանցը գործուղւում է Տաշքենդ՝ որպէս Թուրքեստանեան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ եւ նոյն տարում ուղարկւում է Աֆղանստան, որտեղ խորհրդային բանակը ինտերնացիոնալ առաքելութիւն էր իրականացնում Աֆղանստանի կառավարութեան խնդրանքով: Տէր-Գրիգորեանցը նախ նշանակւել է Քաբուլում տեղակայւած օպերատիւ խմբի ղեկավար, իսկ 1981-83 թթ.-ին եղել է Աֆղանստանում տեղակայւած խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ՝ հրամանատար առաջին տեղակալ: Հայազգի տաղանդաւոր զինւորականի հրամանատարութեամբ են Աֆղանստանում իրականացւել մի շարք փայլուն օպերացիաների, այդ թւում՝ հետագայում դասագրքային դարձած Փանջշերեան օպերացիան Ահմադ Շահի զինեալ ջոկատների դէմ:

Մինչեւ 1991 թ. վերջերը ծառայելով ԽՍՀՄ ԶՈՒ Ցամաքային զօրքերի գլխաւոր շտաբի պետի տեղակալի պաշտօնում՝ 1992 թ. կէսերին գեներալ-լէյտենանտ Նորատ Տէր-Գրիգորեանցը Հայաստանի նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից հրաւէր է ստացել գալու Հայաստան եւ կազմակերպելու նորաստեղծ հայկական պետութեան զինւած ուժերի ձեւաւորումը: 1992 թ. օգոստոսի 10-ին Տէր-Գրիգորեանցը ՀՀ նախագահի հրամանով նշանակւել է ՀՀ Զինւած ուժերի հրամանատար, իսկ յետոյ՝ ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ (1992-1995 թթ.): 1993 թւականին նաեւ եղել է ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատարը: 4 տարի ծառայելով հայկական բանակում՝ 1995-ին գեներալը վերադարձել է Մոսկւա: Գեներալ-լէյտենանտ Նորատ Տէր-Գրիգորեանցը ՌԴ Զինւած ուժերի ցամաքային զօրքերի վետերանների խորհրդի պատւաւոր նախագահն է: Ներկայումս բնակւում է Մոսկւայում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։