Հա

Քաղաքական

14/07/2021 - 08:40

Արցախի թեմի հոգեւոր արժէքների սրբապղծութիւնների մասին դատողութիւններից խուսափելով՝ նա վկայակոչում էր աղւանական-ուդիական եկեղեցու կեղծ օրակարգը. Մայր Աթոռը`Շուշիում Փաշազադէի յայտարարութիւնների մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Շահէ ծայրագույն վարդապետ Անանեանը «Արմէնպրես»-ի հետ զրոյցում մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչութեան պետ Ալլահ Շուքիւր Փաշազադէի՝ Շուշիում արւած կեղծ յայտարարութիւնները, ինչպէս նաեւ խօսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահի եւ Մոսկւայի ու Համայն Ռուսիոյ պատրիարքի մասնակցութեամբ ձեւաչափով հնարաւոր հանդիպման մասին:

«alikonline.ir» - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Շահէ ծայրագույն վարդապետ Անանեանը «Արմէնպրես»-ի հետ զրոյցում մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչութեան պետ Ալլահ Շուքիւր Փաշազադէի՝ Շուշիում արւած կեղծ յայտարարութիւնները, ինչպէս նաեւ խօսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահի եւ Մոսկւայի ու Համայն Ռուսիոյ պատրիարքի մասնակցութեամբ ձեւաչափով հնարաւոր հանդիպման մասին:

 

- Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, ինչպէ՞ս կը մեկնաբանէք Շուշիում Կովկասի մուսուլմանների վարչութեան պետ Ալլահ Շուքիւր Փաշազադէի յայտարարութիւնները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերեալ, թէ իբր այն ունի ոչ հայկական ծագում:

- Մամուլից տեղեկացանք մի քանի օր առաջ Շուշիում Ադրբեջանի կրօնական տարբեր յարանւանութիւնների ներկայացուցիչների առջեւ Կովկասի մուսուլմանների վարչութեան պետ Ալլահ Շուքիւր Փաշազադէի կատարած հերթական կեղծ յայտարարութիւններին… Ի՞նչ կարող ենք ասել. դա Փաշազադէին բնորոշ ոճ է՝ իրողութիւնները մեկնաբանել սեփական շահերի ու ընկալումների համաձայն: Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման, հազարաւոր ընտանիքների անօթեւան մնալու, Արցախի թեմի հոգեւոր-մշակութային արժէքների նկատմամբ սրբապղծութիւնների եւ աւերածութիւնների մասին դատողութիւններ անելուց խուսափելով՝ Փաշազադէն հերթական անգամ վկայակոչում էր այսպէս կոչւած աղւանական-ուդիական եկեղեցու եւ նրա կրօնամշակութային արժէքների կեղծ օրակարգը:

 

- Յայտնի է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահի եւ Մոսկւայի ու Համայն Ռուսիոյ պատրիարքի մասնակցութեամբ գոյութիւն ունի եռակողմ հանդիպումների պաշտօնական ձեւաչափը, որի շրջանակներում նաեւ ստորագրւել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգաւորման վերաբերեալ հռչակագիր: Արդեօք գործում է այդ ձեւաչափը, հնարաւո՞ ր է, որ այդ ձեւաչափով լինեն հանդիպումներ եւ քննարկումներ:

- Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահի եւ Մոսկւայի ու Համայն Ռուսիոյ պատրիարքի մասնակցութեամբ գործում է եռակողմ հանդիպումների պաշտօնական ձեւաչափ, որտեղ, յընթացս հանդիպումների, կրօնապետերի մակարդակով քննարկւել են Արցախեան հակամարտութեան խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու հնարաւորութիւնները, եւ բնականաբար, նաեւ դրանց յարակից բազմաթիւ այլ հարցեր: Տակաւին պատերազմական գործողութիւնների ընթացքում Վեհափառ Հայրապետը Կիրիլ պատրիարքին ուղղւած առանձին նամակով իր պատրաստակամութիւնն էր յայտնել եռակողմ ձեւաչափի շրջանակներում հանդիպելու Կովկասի մուսուլմանների առաջնորդի հետ՝ նպաստելու համար հրադադարի վերականգնմանը եւ տարածաշրջանում խաղաղութեան վերահաստատմանը:

44-օրեայ պատերազմից յետոյ Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտօնական նամակով դիմել էր Կիրիլ Պատրիարքին, որպէսզի վերջինիս միջնորդութեամբ մեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Փաշազադէի հետ հայ ռազմագերիների վերադարձի, ինչպէս եւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում մեր հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան հարցը քննարկելու նպատակով։

Ինչ վերաբերում է Շէյխ ուլ Իսլամի յայտարարութեանը ՄԱԿ-ի խողովակով հանդիպման ցանկութեան մասին, ապա դա թիւրընկալման արդիւնք է։ ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ ԱՄՆ-ում հանդիպմանը վերջինիս կողմից Ադրբեջանի շէյխի հետ հանդիպման առաջարկին Հայոց Հայրապետը պատասխանել է, որ արդէն իսկ Կիրիլ պատրիարքին յայտնել է իր համաձայնութիւնը Մոսկւայում նման հանդիպման կազմակերպման համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։