Հա

Քաղաքական

14/07/2021 - 11:50

«Մեղաւորը մենք ենք, որ մինչեւ հիմա չենք ասել, որ Ադրբեջանն ինքն է օկուպացրել Լեռնային Ղարաբաղի տարածքները»․Ալ․Մանասեանը՝ Շուշի այցելած դեսպանների մասին

 Քաղաքագէտ Ալեքսանդր Մանասեանի խօսքով՝ Ադրբեջանը փորձել է եւրոպական եւ ասիական երկրներին համոզել, որ արդարացի կերպով է ուժը կիրառել, փորձել է ազատագրել օկուպացւած իր տարածքները։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանում հաւատարմագրւած օտարերկրեայ դեսպանների այցին Շուշին։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ալեքսանդր Մանասեանի խօսքով՝ Ադրբեջանը փորձել է եւրոպական եւ ասիական երկրներին համոզել, որ արդարացի կերպով է ուժը կիրառել, փորձել է ազատագրել օկուպացւած իր տարածքները։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանում հաւատարմագրւած օտարերկրեայ դեսպանների այցին Շուշին։

«Մեղաւորը մենք ենք, որ մինչեւ հիմա չենք ասել, որ Ադրբեջանն ինքն է օկուպացրել Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ կենտրոնում եւ հիւսիսում, որոնք պէտք է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մէջ գտնւէին, սակայն որոնք ապօրինաբար դուրս են թողնւել մարզի սահմաններից»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի դիւանագիտական կորպուսի 40-ից աւելի ներկայացուցիչներ մեկնել էին Բաքւի վերահսկողութեան տակ գտնւող Շուշի քաղաք: Այցը կազմակերպւել էր Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։ Միջազգային դիւանագէտներին ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմէթ Հաջիեւը։

Նշենք նաեւ, որ ուղեւորութեանը մասնակցում էին Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Աւստրիայի, Շւեդիայի, Լեհաստանի, Իսրայէլի, Չինաստանի, Ճապոնիայի, Մալազիայի, Հարաւային Կորէայի, Բելառուսի, Ուկրայինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Սաուդական Արաբիայի, Կատարի, Ալժիրի ու այլ երկրների դեսպանները, ինչպէս նաեւ՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի ներկայացուցիչները։ Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները հրաժարւել էին Շուշի այցելելու պաշտօնական Բաքւի հրաւէրից:

Նշենք նաեւ, որ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացւած տարածքներ կազմակերպւած այցելութեանը որոշ երկրների դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեան առնչութեամբ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւն են հրաւիրւել համապատասխան դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարները։

Ալեքսանդր Մանասեանը, պատմական ակնարկ անելով, մատնանշեց՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի սահմաններ մտցնելը կատարւել է բռնութեամբ։ «1921 թւականի յունիսի 5-ի որոշումը, որին յղում են կատարում ադրբեջանցիները, ընդհանրապէս չի ընդունւել։ Եթէ ընդունւել է, ապա իրաւական ուժ չպէտք է ունենայ։ Հարցը կուսակցական մարմինն է քննարկել, սահմանադրական մարմին չի քննարկել, աւելին, եթէ նոյնիսկ սահմանադրական իրաւունք ունէր այդ մարմինը, երրորդ երկիր էր, որը չունէր այդպիսի հարցեր լուծելու մանդատ»,- ասաց նա։

Այդ ամէնը լռութեան մատնելն է պատճառը, ըստ նրա, որ Ադրբեջանը իր տեսակէտն է ամրագրել այլ երկրների գիտակցութեան մէջ։ «Պէտք է նկատել, որ սկզբնական շրջանում Ադրբեջանը շատ զգուշաւոր էր խօսում Լեռնային Ղարաբաղի տարածքների մասին՝ յայտարարելով, որ դրանք միջազգայնօրէն ճանաչւած են որպէս իր տարածքներ։ Հիմա արդէն յայտարարում է, որ իրաւաբանօրէն են դրանք պատկանում Ադրբեջանին։ Նոյն սխալը թոյլ է տւել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ յայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրաւունքով Ադրեջանին պատկանող տարածք է։ Ամենաթոյլ իրաւաբանը կարող է ապացուցել որ դա կոպիտ սխալ է, որովհետեւ որեւէ իրաւական հիմք չկայ, որ արդէն Հայաստանի մաս ճանաչւած Լեռնային Ղարաբաղը յանձնւել է Ադրբեջանին»,- ասաց նա։

Դիտարկմանը, թէ պէտք է «նեղանալ» այն երկրներից, որոնք այցելել են Շուշի, թէ դա մեր թերացման արդիւնքում է եղել, Ալեքսանդր Մանասեանը պատասխանեց, որ բոլոր պետութիւնները հիմնականում տարածքային ամբողջականութեան սկզբունքի կողմնակիցն են, բայց երբ տարածքները երկրներին լեգիտիմ ձեւով են պատկանում եւ ոչ թէ օկուպացւել են։

«Լեռնային Ղարաբաղը օկուպացւած տարածք է եղել, եւ այդ առումով, երբ մենք դա չենք հնչեցնում, յետոյ էլ այլ երկրի ղեկավար ասում է, որ այն միջազգային իրաւունքի տեսանկիւնից ադրբեջանական տարածք է, Ադրբեջանն աւելի է ոգեւորւում, ասում է, որ պատմական տարածք է։ Սակայն այդ յունիսի 5-ի որոշման մէջ պատմական պատկանելութեան մասին ոչ մի խօսք չկար, ընդամէնը ասւում է, որ մահմեդական եւ քրիստոնեայ ժողովուրդների համերաշխութիւնից ելնելով է նման որոշում կայացւել»,- ասաց նա։

Այս փաստերը, նրա խօսքով, «շատ խնամքով» պահւել են ՀՀ բոլոր իշխանութիւնների կողմից։ «Ներկայիս վարչապետն էլ գնում է Ղարաբաղ, սադրիչ յայտարարութիւն է անում, թէ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, փոխանակ ասելու, որ այն միջազգային իրաւական տեսանկիւնից Ադրբեջան չէ։ Նա ընդամէնը ամբոխահաճոյ յայտարարութիւն է անում»,- ասաց նա։

Այսօր, Արցախի շուրջ ստեղծւած խնդիրների լուծման համար, ըստ քաղաքագէտի, պէտք է սկսի գիտութիւնը խօսել։ «Գիտութիւնը քաղաքականացւել է։ Փոխանակ գիտութեան կողմը լինեն, այս կամ այն կուսակցութեան կողմն են։ Պետութիւնը՝ կառավարութիւնը, արտգործնախարարութիւնը, պէտք է պատւէր տան Ակադեմիային, Համալսարանին, եւ պատւէր տան ոչ թէ իրենց դրածոներին, այլ անկախ գիտնականներին, ընդ որում, միմեանց հակառակ կարծիքն ունեցողներին եւ այդպէս փորձեն գտնել լուծումները»,- ասաց նա։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։