Հա

Քաղաքական

15/07/2021 - 10:40

Արմէն Գրիգորեանի նշանակման հարցը քննարկւե՞լ է Պուտինի հետ. ո՞րն է լինելու ԱԳ նոր նախարարի դերը

Շուրջ մէկուկէս ամիս թափուր մնացած ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնում առաջիկայում կը նշանակւի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար Արմէն Գրիգորեանը: Այսօր (յունիսի 15-ին.) յայտնի դարձաւ, որ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ՝ Արմէն Գրիգորեանն ազատւել է Անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնից եւ մէկ այլ որոշմամբ նշանակւել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ ՍԴ որոշումը եւ ՀՀ Կառավարութեան ձեւաւորումը Արմէն Գրիգորեանը կը պաշտօնավարի՝ որպէս ՀՀ ԱԳ փոխնախարար, որից յետոյ կը նշանակւի նախարար:

«alikonline.ir» - Շուրջ մէկուկէս ամիս թափուր մնացած ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնում առաջիկայում կը նշանակւի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար Արմէն Գրիգորեանը: Այսօր (յունիսի 15-ին.) յայտնի դարձաւ, որ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ՝ Արմէն Գրիգորեանն ազատւել է Անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնից եւ մէկ այլ որոշմամբ նշանակւել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ ՍԴ որոշումը եւ ՀՀ Կառավարութեան ձեւաւորումը Արմէն Գրիգորեանը կը պաշտօնավարի՝ որպէս ՀՀ ԱԳ փոխնախարար, որից յետոյ կը նշանակւի նախարար:

Մամուլում մի շարք թեկնածուների անուններ էին շրջանառւում ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնի համար, որոնցից մէկը բացայայտւած գործակալ էր՝ հակառուսական անցեալով, միւսը ցանկութիւն չունէր նման քաղաքական պատասխանատւութեան ներքոյ աշխատել, եւ այլն: Եւ, փաստօրէն, Փաշինեանի փնտրտուքը կանգ առաւ Արմէն Գրիգորեանի վրայ:

Գրիգորեանը, մեղմ ասած, ՀՀ ԱԳ նախարարի ամենալաւ թեկնածուն չէ, եթէ չասենք՝ ամենաանյաջողն է՝ հաշւի առնելով իր ակնյայտ արեւմտամէտ եւ հակառուսական հայացքները, ինչպէս նաեւ անարդիւնաւէտ ԱԽ քարտուղարութիւնը:

Ինչպէս յայտնի է, մինչ պաշտօնին նշանակւելը նախայեղափոխական Հայաստանում Արմէն Գրիգորեանն աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանեան ներկայացուցչութիւնում՝ քաղաքացիական հասարակութեան գծով պատասխանատուի, ապա՝ «Թրանսփարենսի Ինթերնէյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպութիւնում՝ ընտրական ծրագրերի համակարգողի պաշտօններում։

2013 թւականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասեանի նախընտրական շտաբի պետ։

2018 թւականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է յեղափոխական իրադարձութիւններին, եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնութեան անդամ: Արմէն Գրիգորեանը կրկին մինչյեղափոխական Հայաստանում առաւելապէս իրեն դրսեւորել է՝ որպէս ակտիւիստ, քաղաքագէտ եւ համացանցային հարթակում նախկինում բազմիցս քննադատական գրառումներով է հանդէս եկել Ռուսաստանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցէին:

Խնդիրն այստեղ, իհարկէ, ոչ թէ քննադատութիւնն է, այլ այն, որ երկար տարիներ ակտիւիստին բնորոշ բառապաշարով գրառումներ անող, ակնյայտ արտաքին քաղաքական նախապատւութիւններ ունեցող անձը նշանակւում է ԱԳ նախարար, բարձրաստիճան դիւանագէտ, որոնք սովորաբար փայլում են իրենց զսպւածութեամբ եւ դիւանագիտական էթիկետով:

Արմէն Գրիգորեանն անխուսափելիօրէն ստիպւած է աշխատել ՌԴ ԱԳ նախարարութեան եւ ռուս այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ եւ, բնականաբար, որի եւ անցեալի դիրքորոշումները, գրառումները, ինչպէս նաեւ ԱԽ քարտուղարի պաշտօնում բոլոր աղմկահարոյց հարցազրույցներն ու քայլերը հայտնի են ռուսական կողմին, և դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սակայն այս հարցը կարծես այնքան էլ չի մտահոգում ՀՀ իշխանութիւններին:

Արմէն Գրիգորեանի դէպքում, թերեւս, կարեւոր է նրա վերաբերմունքը Ռուսաստանի եւ Թուրքիայի նկատմամբ: Մի կողմից՝ հարկ է ընդունել, որ Արմէն Գրիգորեան պաշտօնեան ուղիղ սուր հակառուսական դրսեւորումներ ըստ էութեան չի ունեցել եւ ամէն կերպ փորձել է լղոզել իր անցեալի դիրքորոշումները՝ նշելով, թէ հայ-ռուսական յարաբերութիւններում խնդիր չի տեսնում: Սա երեւի թէ այն պատճառով, որ շարունակել է պաշտօնավարել, ինչը ենթադրում է աշխատանք ռուսական կողմի հետ:

Բայց Արմէն Գրիգորեանն իր հրապարակային քայլերով եւ հարցազրոյցներով բաւական համարձակ է դիրքաւորւած Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հանդէպ, նշելով, որ նոյեմբերի 9-ի յայտարարութեան կողմ է նաեւ Ռուսաստանը, որով նախատեսւում էր գերիների վերադարձ, եւ այդ գործընթացը լիարժէք տեղի չի ունեցել, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասի՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերեալ ՀԱՊԿ գնահատականի հարցով Գրիգորեանը հեռախօսազրոյց նախաձեռնեց եւ մտահոգութիւն յայտնեց ՀԱՊԿ դիրքորոշման վերաբերեալ այն դէպքում, երբ անձամբ ինքն աւելի վաղ հարցին, թէ ինչպէ՞ս է հակառակորդին յաջողւել առանց դիմադրութեան 3.5 կմ առաջ գալ Սեւ լճի հատւածում, ծիծաղելի պատասխան էր տւել՝ ասելով, որ նոյեմբերի 9-ից յետոյ մեծ փոփոխութիւններ են տեղի ունեցել, եւ նաեւ ձմռան պատճառով չեն հասցրել ամբողջ սահմանը կահաւորել։

Հարկ է յիշեցնել նաեւ մեծ աղմուկ բարձրացրած հարցազրոյցը, որում Արմէն Գրիգորեանն ասել էր, թէ պէտք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երեւանի մօտեցումներում։

Սա եւս մեծ խնդիր չէր դիտարկւի, եթէ չլինէր Արմէն Գրիգորեանի մղումը՝ ամէն կերպ խուսափել Թուրքիային անւանել թշնամի, եւ հանրութեանը յատկապէս մտահոգել էր այդ հանգամանքը: Եւ մի շարք փորձագիտական գնահատականների համաձայն՝ ԱԳ նախարարի պաշտօնում Արմէն Գրիգորեանի դերն է լինելու՝ թուլացնել հայ-ռուսական յարաբերութիւնները եւ փորձել «բացել» ու յարաբերութիւններ կառուցել Թուրքիայի հետ, որն այս տարածաշրջանում Արեւմուտքի, այսպէս կոչւած, ներկայացուցիչը կարելի է համարել:

168.am-ի հետ զրոյցում ռուսական «Ռեգնում» լրատւական գործակալութեան գլխաւոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովն ասաց, որ նախ՝ Փաշինեանի մոսկովեան այցի ժամանակ չի քննարկւել Արմէն Գրիգորեանի նշանակումը ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնում:

«Ընդհանրապէս չեմ հաւատում նրան, որ Փաշինեանը Մոսկւայում քննարկում է ինչ-ինչ նշանակումներ: Մեր յարաբերութիւնների մակարդակն այդքան վստահելի չէ, որպէսզի նման հարցեր քննարկւեն: Գուցէ Փաշինեանի թիմից ինչ–որ մէկին պէտք է, ձեռնտու է կիսել սեփական պատասխանատւութիւնը Մոսկւայի հետ այդպիսի նշանակման համար, բայց վստահեցնում եմ, որ Մոսկւայում Արմէն Գրիգորեանին գիտեն ոչ նրանով, որ նա նախկին սորոսական է, ինչպէս շատերը իշխող թիմում, այլ՝ որպէս ԱԽ քարտուղար: Ես ծանօթ եմ նրա հետ անձամբ, նա եկել է Մոսկւա, հանդիպել է փորձագէտների հետ, երբ նոր էր նշանակւել, յետոյ ես նրան տեսել եմ Ղարաբաղում։

Ես ունեմ սեփական տպաւորութիւնը նրա մասին, բայց պետութեան համար կարեւոր է, որ նա ծանօթ է ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ, եւ այստեղ ինձ թւում է, որ կայ ակնյայտ երեւանեան սխալ: Դա կարող է Երեւանից թւալ, թէ մեզ մօտ բոլորը միանման են, բոլորը Պուտինի ներքոյ են քայլում, բոլորը լսում են, եւ բոլոր գերատեսչութիւնները մէկ դէմք ունեն: Դա այդպէս չէ:

ԱԽ-ն դա առանձին, ուժեղ կազմակերպութիւն է, այդ թւում՝ ուժեղ փորձագիտական մակարդակով: Աւանդաբար ԱԽ-ն ձեւաւորւում է յատուկ ծառայութիւնների աշխատակիցներով, որոնք թեմային տիրապետում են, բայց ոչ ԱԳՆ-ից, դիւանագէտներ այնտեղ մշտապէս քիչ են լինում: Սա կարեւոր է, դիւանագէտներ այնտեղ քիչ են: Իսկ ՀՀ ԱԳ նախարարը պէտք է աշխատի ՌԴ ԱԳՆ-ի հետ, իհարկէ, նրանք իր հետ կաշխատեն, բայց նա այդ աշխատանքը չգիտի: Այսքան բան»,- ասաց Կոլերովը:

Նրա կարծիքով՝ Գրիգորեանը նշանակւեց, քանի որ Փաշինեանի «պահուստային խաղացողների պաշարն» աւարտւել է:

«Փաշինեանն այլեւս չունի բարձրաստիճան կադրային ռեզերվ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Գրիգորեանի օրօք հայ-թուրքական յարաբերութիւններին եւ ընդհանրապէս հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարներին՝ Կոլերովն ասաց, որ այն, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները պէտք է փոխել, պէտք է ընդունել եւ ընդունել նաեւ այն, որ Հայաստանը պարտւել է նաեւ Թուրքիային:

«Իսկ Ռուսաստանին փոխել Թուրքիայով՝ Դուք պատկերացնո՞ւմ էք դրա արդիւնքը: Եթէ նոյնիսկ մէկ վիլայեթ զբօսաշրջային այցով գայ Հայաստան՝ դա խաղաղ իրանցիները չեն լինի, որոնք ներկայումս իրենց հերթերով շատերին վախեցրել են: Կը գան թուրքական տուրիստներ ոչ փոքր քանակով: Եթէ հարթել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, ապա պէտք է անկեղծ ասել, որ թուրքական տնտեսութեան հզօրութիւնը՝ արտադրականը, ոչ միայն տեքստիլ, բենզին եւ այլն, օրինակ՝ վարունգը, այդ հզօրութիւնն այնքան է, որ ողջ փոքր միջին բիզնեսը կը վերանայ»,- ասաց Կոլերովը:

Նրա խօսքով, միգուցէ դրանում ինչ-որ դիտաւորութիւն կայ:

«Բայց ես յոյս ունեմ, որ միամիտ մտքեր են, յոյս ունեմ, որովհետեւ եթէ լինի Թուրքիայի հետ բաց սահման, ապա ՀՀ տնտեսութիւնը կը մահանայ: Սա՝ որպէս առաջին արդիւնք: Որպէս երկրորդ արդիւնք՝ երբ բացւի սահմանը, հիանալի, գեղեցիկ թուրք ուսանողների եւ տուրիստների ներքոյ կը գան այնքան յատուկ ծառայութիւնների աշխատակիցներ, որ մի ողջ ԱԱԾ-ն չի բաւականացնի նրանց բռնելու համար»,- ասաց Կոլերովը՝ խորհուրդ տալով ուսումնասիրել աշխատութիւններ Ադրբեջանում, Վրաստանում Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի մասին:

«Իսկ Հայաստանի դէպքում դա նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թէ ինչպիսի հզօրութեամբ կարող է տեղի ունենալ»,- ասաց Կոլերովը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։