Հա

Քաղաքական

15/07/2021 - 12:20

Ալիեւը բացում է նոր, շատ վտանգաւոր թեմա․ խօսելով Երեւանի, Զանգեզուրի, Սեւանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու եւ ինչ-որ կեղծ քարտէզների մասին՝ փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ»․ Արտակ Զաքարեան

«Ալիեւը բացում է նոր, շատ վտանգաւոր թեմա․ խօսելով Երեւանի, Զանգեզուրի, Սեւանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու եւ ինչ-որ կեղծ քարտէզների մասին՝ փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ»․ Արտակ Զաքարեան

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանն անդրադարձել է Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւններին․

«Ալիեւն, իհարկէ վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սեւանի եւ Երեւանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետեւ Արցախն իր շրջակայքով՝ ամուր փակում էր դէպի Հայաստան տարածւելու ադրբեջանական ցանկացած երազանք։

Բացի այդ՝ Հայաստանի եւ Արցախի նախկին իշխանութիւնները, ոչ թէ դրածոյ, հայրենադաւ կապիտուլիանտներ էին, այլ իրենց թերութիւններով հանդերձ՝ իմաստուն, հեռատես եւ հայրենատէր մարդիկ։ Նրանց ժամանակ, Ադրբեջանը շանս չէր ունենայ ո՛չ քաղաքական, ոչ դիւանագիտական եւ ոչ էլ ռազմական ճանապարհով, սպառնալու Հայաստանի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը։

2018թ-ի պետականակործան իշխանափոխութիւնից յետոյ, Ալիեւը ստացաւ քարտ բլանշ եւ նոր շանս։ Թուրքիան, որը նախկինում չէր խառնւում ադրբեջանա-արցախեան կոնֆլիկտին, եւս օգտւեց Հայաստանում ստեղծւած յետյեղափոխական քաոսից՝  միանալով Բաքւի աւանտիւրային։ Այդպէս, Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարաւային Կովկաս։

Նիկոլի ապաշնորհութեան արդիւնքում սանձազերծւած դաւադիր պատերազմից եւ խայտառակ կապիտուլիացիայից յետոյ, Ալիեւը բացում է նոր, շատ վտանգաւոր թեմա։ Խօսելով Երեւանի, Զանգեզուրի, Սեւանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու եւ ինչ-որ կեղծ քարտէզների մասին, նա փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ։ Այդ կերպ, կովկասեան թաթարախմբից կազմաւորւած Ադրբեջանը, ինքն իր համար շանս է ստանում հիմնաւորելու իր հաւակնութիւններն այս տարածաշրջանում։

Չեմ զարմանայ, եթէ մօտ ժամանակներս Ալիեւը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս եկւորներ ենք, եւ ապօրինի զաւթել ենք «պատմական ադրբեջանական տարածքները», իսկ յետոյ, ռուսների օգնութեամբ այստեղ կառուցել ենք Հայաստան պետութիւն։ Չեմ կարծում, որ նիկոլիզմը կընդիմանայ այդ գործընթացին, որովհետեւ նա առանձնապէս գետինը չի մտնում այն փաստից, որ Հայաստանի սուվերեն տարածքներն արդէն օկուպացւած են Ադրբեջանի զինուժի կողմից։

2018թ-ին, իշխանութեան բերելով նիկոլիզմին, հայ ժողովուրդը թոյլ տւեց չգիտակցւած եւ շատ կոպիտ պատմական սխալ։ Այդ սխալը ճակատագրական դարձաւ Արցախի եւ Հայոց Բանակի համար։ Այդ սխալը՝ ծանր խարան է դառնալու ապագայ սերունդների վրայ։

2021թ.-ին, կրկին իշխանութիւնը տալով կապիտուլիանտներին՝  հայ ժողովուրդը գործեց իր գիտակցւած  սխալը։ Այդ սխալը, արդէն ճակատագրական է դառնալու  Հայաստանի համար։ Այդ գիտակցւած սխալով, հայ ժողովուրդն աշխարհին ի ցոյց դրեց իր ողբալի վիճակը, մառազմի հասնող քաղաքական դեբիլիզմը։

Ալիեւն իհարկէ ղալաթ է անում, երբ խօսում է Զանգեզուրի,

Սեւանի ու Երեւանի մասին։ Բայց մեր ժողովրդի մի հատւածը պէտք է վերջապէս հասկանայ, որ նիկոլին վերընտրելը եւս աններելի «ղալաթ անել է» դառնալու։ Եւ առաջիկայ պետական ողբերգութիւնները հէնց այդտեղից է սկսւելու։

Թուրքը՝ ի տարբերութիւն մեզ, հայերիս, նոյն հարցով, երկրորդ անգամ չի սխալւում։ Մեր սխալներն ուղղել է պէտք։ Ընդ որում՝ առանց նիկոլիզմի։ Այլապէս, կը ստացւի նիկոլից յետոյ՝ թէկուզ ջրյեղեղ։

Սթափւել է պէտք, որովհետեւ ապագայ վտանգը չափից աւելի ակնյայտ է։ Վրաստանը թուրքերի ու ազերների հետ էթնիկ կոնֆլիկտներ չի ունեցել, բայց նրանք լաւ են գիտակցում իրենց պետականութեան դերն ու ազգային շահը։

Իսկ մենք կորցրել ենք ինքնապաշտպանական ամենատարրական բնազդներն ու ազգային ինքնասիրութիւնը։ Եւ այս խելքով էլ ուզում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիւ լկտիութեան հետ բարեկամութիւն անել։ Կարճ ժամանակ յետոյ Հայաստանը ոտատակ են տալու։ Ուժեղանալ է պէտք, ապաքինւել ու վերականգնւել է պէտք։ Յետոյ նոր մտածել թշնամու հետ բարեկամութեան ձեւերի մասին»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։