Հա

Քաղաքական

17/07/2021 - 08:20

Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ. ցնցող փաստեր՝ Արցախի յանձնման մասին

Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաեւ արցախեան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինեանի վարչախմբի կողմից վաղօրօք պլանաւորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դաւաճանական յանձնման եւ այլնի մասին:

«alikonline.ir» - Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաեւ արցախեան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինեանի վարչախմբի կողմից վաղօրօք պլանաւորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դաւաճանական յանձնման եւ այլնի մասին:

Ստորեւ ներկայացնում ենք մեդիափորձագէտի խօսքի նշեալ հատւածը.

2019 թ. ես, որպէս մոդերատոր, հրաւիրւած էի «Իմ քայլը յանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումին: Ինձ հետ էր նաեւ հրեայ բլոգեր Ալեքսանդր Լափշինը: Ընդմիջման ժամանակ եկան ԱԱԾ-ից եւ ասացին, որ պարոն վարչապետն ուզում է քեզ հետ զրուցել: Ես մօտաւոր գիտէի, թէ ինչ զրոյց պէտք է լինէր, որովհետեւ 2006 թւականից սկսած, մեղմ ասած, իրար շատ էինք «սիրում»: Պարբերաբար վիճել ենք, փոխադարձ վիրաւորանք: Նա սիրում էր ինձ ասել «անուղեղ հայրենասէր», ես էլ նրան ասում էի՝ դու էլ անհայրենիք տականք ես: Երկուսս էլ լրագրող էինք, այսինքն, նոյն հարթութեան վրայ էինք:

Իսկ ինչո՞ւ էի ես նրան ասում «անհայրենիք տականք», իսկ ինքը ինձ՝ «անուղեղ հայրենասէր»: Մի քննարկման ժամանակ, 2006 թ. հոկտեմբերին, Ադրբեջանից եւ Թուրքիայից այստեղ լրագրողներ էին եկել: Ադրբեջանից այստեղ էր եկել Էլմիր Միրզոեւը, Աւազ Հասանովը, Թուրքիայից՝ Նուրսուն Էրէլը: Եւ այդ քննարկման ժամանակ, երբ մենք գնացինք գաղափարական բախումների, ես նշում էի, որ ոչ մի դէպքում Արցախից մէկ սանտիմետր մենք չենք տայ: Սրանք ասում էին՝ դէ մենք հզօր ենք եւ այլն, ես ասում էի՝ խնդրեմ, հզօր էք, պատերազմ սկսէք: Աւազ Հասանովը խոստովանեց, ասաց՝ գիտե՞ս, ոչ  մի ադրբեջանցի չի գայ ձեր Ղարաբաղի համար կռւելու, եթէ չունենայ վստահութիւն, որ յաղթելու է: Էդ պահին Նիկոլ Փաշինեանն ասաց.

- Բայց դուք ե՞րբ պէտք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացաւանք է, ու ինչքան շուտ պրծնենք էդ գլխացաւանքից, էդքան լաւ:

- Կը ներես, քո գլուխը որ ցաւում է, դու գլուխդ կտրում ե՞ս,- ասացի ես:

- Եանիմ ի՞նչ ես ասում, որ,- ասաց Փաշինեանը:

- Եանիմ էն եմ ասում, որ մարդու գլուխը երբ որ ցաւում է, գլխացաւի դեղ է խմում եւ գլխացաւը անցկացնում: Հիմա եթէ արցախեան հակամարտութիւնը մեզ համար գլխացաւանք է, ոչ թէ գլխից պէտք է ազատւել, այլ՝ հակամարտութիւնից: Իսկ ի՞նչ պէտք է անել. հզօրացնել բանակը, հզօրանալ միջազգային դիւանագիտութեան մէջ, մենք ունէինք վատ դիւանագիտութիւն, հզօրացնէինք դիւանագիտութիւնը, այսինքն՝ ազատւել գլխացաւից,- ասացի ես:  

- Դու անուղեղ հայրենասէր ես, դու չես հասկանում եւ այլն, ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք, քանի՞ անգամ ես գնացել Ղարաբաղ,- ասաց Փաշինեանը:  

- Մէկ անգամ,- ասացի ես: Ես այդ ժամանակ (2006 թ.) 21 տարեկան էի: Իհարկէ, ամօթ էր, որ մէկ անգամ էի եղել, բայց մէկ անգամ էի եղել:

- Ա՛յ, տեսնո՞ւմ ես, մէկ անգամ ես եղել, ի՞նչ ես անում, ոչ մշակում ես Արցախը, ոչ էս էս անում, ոչ էն ես անում…: Այ, որ տանք, մենք Ադրբեջանով դուրս կը գանք դէպի Միջին Ասիա, Նախիջեւանով դուրս կը գանք դէպի Իրան, Թուրքիայով սահմանը կը բացւի, եւ դուրս կը գանք դէպի Եւրոպա…,- ասաց Նիկոլ Փաշինեանը:

Եւ այդ վիճաբանութեան ժամանակ, երբ ինձ ասաց՝ դու անուղեղ հայրենասէր ես, ես էլ իրեն ասացի՝ դու էլ անհայրենիք տականք ես, եթէ այդպէս ես մտածում: Նոյն խօսակցութիւնը 2006 թ. եղաւ: Յետոյ, իհարկէ, էս վերջերս ասում էր՝ էդպիսի բան չի եղել, ես չեմ յիշում եւ այլն, բայց դա սովորութիւն է. ինչը որ իրեն ձեռնտու չէ, ասում է՝ դա ես չեմ յիշում: Իր գրքում էլ է ինքը ասում, որ մեզ համար գլխացաւանք է, բայց ինձ ասել է կենդանի խօսակցութեամբ:

Դէ, յետագայում մենք էլի բազմիցս շփւել ենք իրար հետ, վիճել ենք եւ այլն:

2019 թ. թւականին, երբ «Իմ քայլը յանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ հանդիպեցինք նորից դէմ դիմաց, ինքը, կանգնած ֆուրշետի սեղանի շուրջ, աղում էր: Ի դէպ, մի ձեռքին Գաւառի փախլաւա, միւս ձեռքին՝ վիտչինա, ու երկուսը՝ միաժամանակ ուտում էր: Մօտեցանք:

- Յոխիկեա՛ն, դու էլի նոյն հայրենասէ՞րն ես,- Նիկոլ Փաշինեանի՝ ինձ ուղղւած առաջին հարցն էր:

- Այո՛, պարոն վարչապետ, էն անուղեղն եմ, որ ասում էիք, իսկ Ձեր մօտ բան փոխւե՞լ է,- պատասխանեցի ես: Ինքը հասկացաւ, թէ ես ինչ եմ ասում, բայց կողքից ոչ-ոք չէր հասկանում, թէ ինչ եմ ասում:

- Հա, էն որ ասում էի՞ր: Չէ՛, ինձ մօտ էլ բան չի փոխւել…

- Շատ ափսոսում եմ, որ էդպէս է,- պատասխանեցի ես:

- Ոչինչ, - վրայ բերեց Փաշինեանն ու Լափշինին հարց տւեց.

- Ադրբեջանում քեզ շատ տանջեցի՞ն:

- Դէ, այո՛, 9 ամիս պահեցին, սպանութեան փորձ եւ այլն,- պատասխանեց Լափշինը:  

- Դէ, լաւ են արել, ես լինէի՝ էդպէս կանէի, քեզ ո՞վ էր ասում առանց Ադրբեջանի իշխանութեան թոյլտւութեան գնայիր իրենց տարածք,- ասաց Փաշինեանը:  

- Նիկո՛լ, բայց ես Ադրբեջան չեմ գնացել, ես գնացել եմ Արցախ,- զարմացական ասաց Լափշինը:

- Է հաա, միջազգային իրաւունքի տեսանկիւնից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, - պատասխանեց Փաշինեանը:

- Պարո՛ն վարչապետ, էս ի՞նչ էք խօսում, - վրայ բերեցի ես:  

- Յոխիկեան, դու սուս մնայ, դու հայրենասէր ես, - պատասխանեց Փաշինեանն ու շուռ եկաւ, Լափշինին ասաց.

- Իմ մամուլի խօսնակ Վլադիմիր Կարապետեանն իմ անունից քեզ բան կասի, լաւ կը լինի, որ ուշադիր լինես եւ անես այն, ինչ ինքը կասի:

Լափշինը եւ Վլ. Կարապետեանն առանձնացան մէկ մետր հեռաւորութեան վրայ սկսեցին խօսել: Մնացել ենք մենք եւ, եթէ չեմ սխալւում, Սուրէն Պապիկեանն էր եւ այլք:

- Պարո՛ն վարչապետ, արբանեակն ի՞նչ եղաւ,- առիթից օգտւելով՝ հարցրեցի ես:  

Արբանեակի մասին. 2012 թ. մենք սկսեցինք արբանեակի ծրագիրը, կապի նախարարութիւնում ստեղծւեց առանձին վարչութիւն՝ Սուրէն Պետրոսեանի գլխաւորութեամբ, եւ ՀՀ-ն 2012-2017 թթ. մի շարք միջազգային պայմանագրեր ստորագրւեցին, արբանեակի ծրագրիրը կազմւեց ամբողջութեամբ, 4 պետութիւնների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Կանադայի հետ ստորագրւեցին պայմանագրեր դետալների եւ այլնի մասին: Արբանյակի գինն արժէնալու էր մօտ 170 մլն դոլար: Այն 4 հիմնական ֆունկցիա էր կատարելու.

  1. գէոլոկացիոն գործառոյթներ - վերեւից մօտաւորապէս 500,000 քառակուսի կմ տարածք հսկողութեան տակ էր լինելու,
  2. անվտանգութեան ապահովման գործառոյթներ - կապի անվտանգութիւն, այժմ ՀՀ ինտերնետ կապ մտնում է Իրանից եւ Վրաստանից, եւ ցանկացած տատիկ կարող է բահով կտրել ինտերնետի կաբելը եւ մենք չենք ունենայ կապ աշխարհի հետ: Այդ արբանեակը մեզ տալու էր սահմանափակ թողունակութեամբ անվտանգ ինտերնետ, եւ ոչ-ոք չէր կարողանայ վերահսկել մեր ինտերնետային կապը: Թէկուզ եւ յատուկ ծառայութիւնների համար, կամ աշխարհին ինֆորմացիա տալ-ստանալու համար դա կը լինէր սեփական ինտերնետ,
  3. հետախուզական խնդիրներ - արբանեակն օրական նկարելու էր մօտ 6 մլն լուսանկար՝ 500,000 քառակուսի կմ տարածքում, եւ դրանով մենք նաեւ կարողանալու էինք հետախուզական ծառայութիւններով հանդերձ ներեւում որոշակի խնդիրներ լուծել,
  4. հեռուստատեսային կապի (թւային հեռուստատեսութիւն) ապահովում:

170 մլն դոլար ծախսելով՝ ՀՀ-ն 10 տարի յետոյ ստանալու էր 600 մլն դոլարի շահոյթ: Այսինքն՝ ե՛ւ ծախսն էր հանելու, ե՛ւ փող էր աշխատելու: Եւ, իհարկէ, ինչ էր անելու ԱԹՍ-ների հետ կապւած: 35,000 մետր բարձրութեան վրայ էր լինելու գէլոկացիոն արբանեակը, իսկ սովորական «Բայրաքթարը», օրինակ, 7900 մետր բարձրութեան վրայ է: Էն ժամանակ դեռ «Բայրաքթարներ» չկային, բայց էն ԱԹՍ-ները, որոնք կային, գոնէ մեր հակաօդային պաշտպանութեան համակարգերն ի զօրու չէին ռադարներով բռնել: Արբանեակը վերեւից տեսնելու էր, կորդինատները տալու էր մեր հակաօդային պաշտպանութեանը, եւ մեր ՀՕՊ-ը ներքեւից խփելու էր:

Մենք մինչ 2017 թ. հասանք նրան, որ ՀՀ-ն կնքեց այդ պայմանագրերը, ձեռք բերեց գէոստացիոնար դիրք տիեզերքում, ՀՀ-ն միացաւ միջազգային տիեզերական պայմանագրին, եւ մնացել էր ընդամենը, որպէսզի արբանեակի պատւէրը տրւէր: Պատւէրը տրւեց ֆրանսիական «Եւտելսադ» եւ ռուսական «Ռոսկոսմոս» ընկերութիւններին: Ամէն մէկը որոշակի դետալներ էր արտադրելու եւ միասին հաւաքելու էին: Եւ 2018 թ. վերջին արբանեակը պէտք է դուրս գար տիեզերք: Այն կոչւելու էր «Արմսթադ»:

Յետոյ տեղի ունեցավւ 2018 թ. յեղափոխութիւնը, եւ ես այլեւս իշխանութիւնների հետ կապ չունեի:

2019 թ. մայիսի 11-ին, այդ օրը, երբ «Իմ քայլը յանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումից յետոյ Փաշինեանի հետ հանդիպեցի, հարցրեցի.

- Պարո՛ն վարչապետ, ի՞նչ եղաւ արբանեակը:

- Ի՞նչ արբանեակ,- հարցրեց Փաշինեանը:

- Էն արբանեակը (ինչի մասին պատմեցի),- ասացի ես:

- Հաաա, էն խաղալիքը՞, ես էդ ծրագիրը «cancel» եմ արել,- պատասխանեց Փաշինեանը:

- Ո՞նց,- զարմացա ես:     

- Էդպէս: Մեզ պէ՞տք է 170 մլն դոլար ծախսել, «cancel» եմ արել, չկա՛յ էդպիսի բան, դա խաղալիք է,- պատասխանեց Փաշինեանը:

Էն,ինչը որ ներկայացրեցի էդ արբանեակի հնարաւորութիւնների մասին, իրեն եմ ասում, ասում է.

- Յետո՞յ ինչ…

- Յետոյ էն, որ Դուք ինձանից լաւ գիտէք, որ մենք վաղը չէ, միւս օրը պատերազմ ենք ունենալու,- ասացի ես:

- Յետո՞յ,- հարցական պատասխանեց Փաշինեանը:

- Էդ պատերազմում մեզ արբանեակ է պէտք լինելու,- ասացի ես

- Իսկ ո՞վ ասաց դա: Մեզ պէտք չի լինելու էդ արբանեակը,- պատասխանեց Փաշինեանը:

Մի խօսքով՝ 5 րոպէ խօսելուց յետոյ դիմեցի Փաշինեանին.

- Պարո՛ն վարչապետ, ոնց հասկանում եմ՝ էդ պատերազմում մենք արբանեակ չպիտի ունենանք:

- Հա,- պատասխանեց Փաշինեանը:

- Լաւ, - ասացի ես:

Էդ ընթացքում լսում եմ Լափշինի եւ Վլադիմիր Կարապետեանի խօսակցութիւնը: Վլադիմիր Կարապետյեանն ասում է. «Որ մի քանի հազար զոհ տանք՝ լաւ էլ կը համաձայնենք»: Բայց դէ՝ չեմ հասկանում, թէ խօսքն ինչի մասին է: Մի քանի րոպէ յետոյ ես եւ Լափշինն իմ մեքենայով Գաւառից վերադառնում  ենք Երեւան: Յիշեցնում եմ՝ դա 2019 թ. մայիսի 11-ին էր: Լափշինն ասում է.

- Դուք շուտով պատերազմով Արցախը յանձնելու էք Ադրբեջանին:  

- Այսինքն, - հարցնում եմ ես Լափշինին:

- Վովան (Վլադիմիր Կարապետեանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դէմ խօսում, Ադրբեջանի դէմ միջազգային դատարան ես դիմել եւ այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամութեան ճանապարհով, եւ մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ոնց էք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չէք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետեանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց էք տալու. բանակը չի տայ, ժողովուրդը չի տայ: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ,- պատմեց Լափշինը (ինչպէս վերեւում նշւեց՝ այս վերջին նախադասութիւնը Նայիրի Յոխիկեանը լսել էր Լափշինի եւ Վլ. Կարապետեանի խօսակցութեան ընթացքում - Yerkir.am):

Վլադիմիր Կարապետեանը կոչ է արել Լափշինին՝ գնալ Հայաստանից, կամ դադարեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի դէմ խօսել, որովհետեւ դա խանգարում է մեր պետական քաղաքականութեանը:

Յիշո՞ւմ էք՝ Նիկոլ Փաշինեանն ասում էր՝ Ալիեւը շատ կիրթ մարդ է, յետոյ Ադրբեջանի հետ որոշակի համատեղ ծրագրեր եւ այլն: Ի դէպ, իմ տեղեկութիւններով, նոյն Վլ. Կարապետեանի կինը պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում Կիեւում զբաղւած էր Նիկոլի եւ Ալեւի ուղիղ կապն ապահովելով:

2019 թ. մայիսից մինչեւ 2020 թ. սեպտեմբեր էլի բազմաթիւ իրադարձութիւններ եղան: Պատերազմից ժամանակ Լափշինն ինձ ասաց, որ դուք պատերազմը կը կանգնեցնէք էն պահին, երբ Շուշին թուրքերը գրաւեն: Դա հոկտեմբերի սկիզբն էր: Ասացի՝ ի՞նչ ես ասում: Ասաց՝ դուք պայմանաւորւել էք արդէն, ձեր կառավարութիւնները պայմանաւորւել են արդէն Շուշին տալ, ձեր զօրքը չի ենթարկւում պայմանաւորւածութեանը, երբ զօրքը ենթարկւեց, երբ զօրքը տւեց Շուշին՝ պատերազմը կը կանգնի:

Եւ դուք տեսաք՝ էդպէս էլ եղաւ:

Ի դէպ, դուք ուշադրութիւն դարձրե՞լ էք, որ այդ յայտարարութեան մէջ ամէն ինչ յստակ գրւած էր, բացի ստորագրման ամսաթւից: Դա էլ յայտնի չէր, թէ երբ են Շուշին մերոնք տալու: Շուշին տւեցին, էդ օրն էլ ամսաթիւը գրեցին՝ 9-ը, ասենք, չգրեցին, 8, 7, 6, 10…

Երկու անգամ՝ հոկտեմբերի 2-ին եւ 13-ին, Ռուսաստանը ՀՀ կառավարութեանն առաջարկել է «Կռասուխա» տեսակի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ տեղակայել Սիւնիքի մարզում եւ Ասկերանում՝ Արցախում, Արցախի «օդը փակելու» համար, եւ երկու անգամն էլ ՀՀ կառավարութիւնը մերժել է: Սա՝ տեղեկատւական առումով:   

Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 7-ին յատուկ օրէնք է ընդունել, որ թոյյլ է տալիս իր որոշակի տեսակի զինատեսակներ վաճառել այլ երկրների, այն զինատեսակները, որոնք արգելւած է վաճառել: Եւ յատուկ պատւիրակութիւն է ուղարկել ՀՀ, որպէսզի ՀՀ-ն դիմի Իրանին՝ այդ զինատեսակները գնելու համար, եւ իրանական անձնակազմն այդ զէնքով հանդերձ պէտք է մտնէր ՀՀ ու Արցախի հարաւային շրջաններ՝ թուրքական եւ ադրբեջանական զօրքերի դէմ կոնկրետ գործողութիւններ անելու համար: Եւ այդ օրէնքը յատուկ ընդունւել էր դրա համար: Հայաստանը մերժել է: Սա էլ է փաստ: Եւ սա ինձ ասել են իրանցի պաշտօնեաները՝ յստակ փաստաթղթերով:

Այսինքն՝ փաստ ունենք, որ Ռուսաստանի եւ Իրանի կողմից եղել են առաջարկներ:

2020 թ. նոյեմբերի 11-ին Ալ. Լափշինն ինձ յիշեցնում է այդ ամէնը: Ահա նրա ձայնային հաղորդագրութիւնը.

Նայիրի, յիշո՞ւմ ես, երկու տարի առաջ մենք միասին Գաւառից Երեւան էինք գնում։ Տնտեսական ֆորումում հանդիպել էի Նիկոլի հետ, ու յիշո՞ւմ ես՝ պատմեցի, որ Նիկոլն այսպիսի բան էր ասել, աւելի ճիշտ ոչ թէ Նիկոլը, այլ Վլադիմիր Կարապետեանը, որ շատ շուտով տեղի են ունենալու լուրջ փոփոխութիւններ, որովհետեւ Նիկոլը կողմնորոշւած է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձեցման եւ Ղարաբաղեան հարցը լուծելու կողմը։ Նա ասաց՝ դու շատ ես «սիրում» Ադրբեջանը, նրանց մասին վատ ես գրում, բայց պէտք է պատրաստ լինես, որ իրավիճակը շուտով փոխւելու է։ Ցաւօք, իրավիճակը փոխւեց, բայց բոլորովին ուրախալի չէ։

Սա բազմաթիւ փաստերից մէկն է…

 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։