Հա

Քաղաքական

17/07/2021 - 11:40

«Հիմա մենք մտածում ենք ինքնակազմակերպման նոր աստիճանի եւ նոր յաղթանակների հասնելու մասին»․ Արցախի նախագահի խորհրդական

«Երբ 1989 թ.-ին ադրբեջանցիները Շուշիում էին եւ ադրբեջանական ալիքները ցոյց տւեցին մի պատկեր, որ Շուշիում ապրող ադրբեջանցիները գնացել էին ինչ-որ քարի մօտ եւ ձեռքերը բարձրացրած ասում էին՝ «մահ հայերին, գնում ենք Ղարաբաղը ազատագրենք», շատերը շոկի մէջ ընկան, վախեցան։ Մի շարք կանայք հաւաքւեցին մեր տանը, զանգեցին քրոջս՝ ի՞նչ ենք անելու, քոյրս ծիծաղելով ասաց՝ ի՞նչ էք վախենում, Արմէնն էլ կը գնայ իր պապի գերեզմանը կը համբուրի, կասի՝ «մահ ադրբեջանցիներին» ու կը գնաք՝ կը յաղթէք։ Ու ամբողջ այդ լարումը միանգամից վերածւեց ծիծաղի»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում այս պատմութիւնը պատմեց Արցախի Հանրապետութեան նախագահի ԿԳՄՍ հարցերով խորհրդական, ՀՅԴ անդամ Արմէն Սարգսեանը:

«alikonline.ir» - «Երբ 1989 թ.-ին ադրբեջանցիները Շուշիում էին եւ ադրբեջանական ալիքները ցոյց տւեցին մի պատկեր, որ Շուշիում ապրող ադրբեջանցիները գնացել էին ինչ-որ քարի մօտ եւ ձեռքերը բարձրացրած ասում էին՝ «մահ հայերին, գնում ենք Ղարաբաղը ազատագրենք», շատերը շոկի մէջ ընկան, վախեցան։ Մի շարք կանայք հաւաքւեցին մեր տանը, զանգեցին քրոջս՝ ի՞նչ ենք անելու, քոյրս ծիծաղելով ասաց՝ ի՞նչ էք վախենում, Արմէնն էլ կը գնայ իր պապի գերեզմանը կը համբուրի, կասի՝ «մահ ադրբեջանցիներին» ու կը գնաք՝ կը յաղթէք։ Ու ամբողջ այդ լարումը միանգամից վերածւեց ծիծաղի»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում այս պատմութիւնը պատմեց Արցախի Հանրապետութեան նախագահի ԿԳՄՍ հարցերով խորհրդական, ՀՅԴ անդամ Արմէն Սարգսեանը՝ խօսելով Ալիեւի յայտարարութիւնների մասին, թէ Զանգեզուրը, Սեւանն ու Երեւանն, իբրեւ թէ, ադրբեջանական հողեր են։

Հայաստանն էլ, նրա խօսքով, պէտք է ասի, որ Ադրբեջանի տարածքը՝ Փայտակարանը, Հայաստանի հնագոյն նահանգն է։

«Գիտէք, թշնամին ասում է այն, ինչ ինքը ուզում է․ արդեօ՞ք մենք ասում ենք այն, ինչ մեր ազգը ուզում է։ Բա թշնամին ասելու է, բա ի՞նչ է անելու, մենք էլ ասում ենք, որ Արեւմտեան Հայաստանը մերն է, ասում ենք, որ Փայտակարանը եղել է Հայաստան, որ ազատագրւած Արցախի 12 հազար քառ կմ-ը պատմական հայկական տարածքներ են... միայն բառե՞ր ասացինք, թէ գործ արեցինք, կապեր ստեղծեցինք Սիւնիքի եւ միւս շրջանների հետ։ Ամէն մէկը պէտք է գիտակցի իր սխալները եւ շարժւի առաջ։ 70 տարի մենք լսել ենք Ադրբեջանի այդ հռետորաբանութիւնը, գիտենք ՝ ինչն է, որ օդում են ասում, ինչն է, որ իրական անելու են, եւ ինչպէս են Ադրբեջանն ու Թուրքիան ուզում, որ այդ ճանապարհին չլինի Հայաստանը։ Ազգի ոգին պէտք է բարձրացնենք, ամէն մի հայ պէտք է զգայ, որ ինքը հերոս է, ամէն հայ պէտք է փորձի հերոս դառնալ»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա նշեց, որ ինքնաարժեւորման ամենամեծ ձեւն այն է, որ ամէն մի հայ փորձի ինքն իրեն դնի մեր նահատակ ընկերների կողքին, տեսնի՝ կողքին տեղ կը լինի՞, որ ինքը տեղաւորւի, թէ՞ հազարաւոր կիլոմետրերով հեռու է իրենից։ Այսօր քաղաքական մթութիւն է Հայաստանում․ եթէ ամէն մէկը փորձի ինքը աստղ դառնալ, այնքան կը լուսաւորւի Հայաստանը, ոչ թէ անընդհատ փորձի ապացուցել, որ ամէն ինչ իրենից դուրս է։

«Դրա համար ղարաբաղցիները շատ հանգիստ են տանում այդ յայտարարութիւնները, եւ հիմա մենք մտածում ենք ինքնակազմակերպման նոր աստիճանի եւ նոր յաղթանակների հասնելու մասին։ Պատերազմից յետոյ, իրօք, շատ անակնկալի եկանք, մօտ 3 տասնամեակ յաղթանակ կերտած ժողովուրդը պարտութիւն կրեց 44 օրում։ Այս ժողովրդի վիճակը ո՞նց պիտի լինի՝ միանգամից կոտրւած, ընդ որում, հերոս ժողովրդի, մարտնչող ժողովրդի։ Արցախում մեր 150 հազար բնակչութեան 0,55 տոկոսը զոհւել է, Մարտունի քաղաաքի բնակչութեան 1 տոկոսը զոհւել է, հիմա ասէք՝ այս ժողովրդի վիճակը ո՞նց պիտի լինի։ Բայց մենք այնքան ամուր ենք․ ամբողջ 70 տարի կարողանաս մնալ Ադրբեջանի կազմում ու պահպանել քո ոգին։ Մենք գիտենք, թէ ինչ է լինելու վերջում եւ արդէն փոխւել ենք»,-ասաց Արմէն Սարգսեանը։

Նա 4 դէպք պատմեց, որ վերածւել է յաղթանակի․ պատերազմից յետոյ Կարմիր շուկայի ճանապարհով, երբ շարասիւնը անցնում էր, թուրքը վիրաւորեց մեքենայի մէջ գտնւող հային, նա էլ ամբողջ շարասիւնը կանգնեցրեց, ու պահանջ դրեց, եւ թուրք հրամանատարը ներողութիւն խնդրեց, ասաց Արմէն Սարգսեանը, յաղթանակ չէ՞, որ Աղաւնոյում փորձեցին ժողովրդին հանել, ժողովուրդը կանգնեց ու առայսօր ապրում է, յաղթանակ չէ՞, որ Նժդեհի արձանն էին ուզում հանել, ժողովուրդը ելաւ եւ չհանեցին։ Նա հարց ուղղեց՝ մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ հաշւարկել մեր ստարատեգիական դիրքը, մեր ուժը գեոպոլիտիկական այս խաղերում, մեծ տէրութիւններին ինչքանո՞վ ենք պէտք, եւ ճիշտ անենք մեր քայլերը։

Դրա համար, ասաց Արմէն Սարգսեանը, մենք ունենք մեր մարտահրաւէրների ճշտման խնդիր, եւ դրա ամենապարզ հիմքն է, որ ժողովուրդը միասնական դառնայ։

«Այսօր տեսնում էք՝ ինչ մեծ շինարարութիւն է կատարւում Արցախում․ այս ամէնը չենք կարող հզօրութիւն անւանել, եթէ քաղաքական հարցը չլուծւի, բայց այս ամէնը պէտք է լինի, որ քաղաքական հարցը լուծւի։ Արցախցին ոչ թէ կոտրւում է, այլ մտածում է՝ ինչ ճանապարհ գտնի, որ յաղթի։ Երեխային եթէ նոյնիսկ տնից դուրս էլ գցեն՝ նորից երազելու է ծնողի մօտ գայ․ սա Արցախն է երեխան, եւ Արցախը եղել է Մայր Հայաստանի միջնաբերդը արեւելեան կողմում, եւ պարզ տեսնում ենք, թէ հիմա ինչ է կատարւում, ուրեմն պէտք է սթափւել, միացնել ուժերը եւ հասնել յաջողութիւնների։ Ի՞նչ է եղել, աշխարհի բոլոր երկրները ե՛ւ յաղթանակ են տանում, ե՛ւ պարտութիւն են կրում»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

Նա վստահեցրեց, որ Արցախում արդէն ժողովուրդը դուրս է եկել շոկից եւ արդէն սկսել է ապագայի համար աշխատանքը՝ տներ է կառուցում, եթէ ապագայի հանդէպ հաւատ չլինի, տուն չեն կառուցի։

«Մենք երբեմն տեսնում ենք, որ հայ ժողովուրդը շատ մեծ նշանակութիւն է տալիս անհատ ղեկավարին՝ անձին։ Արցախում չգրւած մի այսպիսի օրէնք կայ․ արիւնով ներծծււած հողը չի կարելի ստորադասել ցանկացած անձի։ Անձը պէտք է ենթարկւի դրան»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա պատմեց, որ ինքը 17 տարեկանում է առաջին անգամ Հայաստան եկել՝ սովորելու. 70 կմ-ի փոխարէն 400 կմ անցնելով՝ Գանձակով, եւ երբ մտել է Հայաստան, մեքենան կանգնեցրել է, եւ երբ ոստիկանը մօտեցել է եւ գրական հայերէնով խօսել՝ մարմինը դողացել է․ «Դուք հասկանո՞ւմ էք ինչ է դա նշանակում»։

«Հասկանո՞ւմ էք Արցախի 75 տարւայ այդ ապրումները, այդ հզօր Արցախի, որ 1928 թ-ին բարձրացրել է ապստամբութիւն, որ Շուշիում 5 թնդանօթ են գտել ստալինեան ռեժիմի տարիներին, մենք հայ ժողվորդի զաւակը չե՞նք, Արեւմտեան Հայաստանի ազատագրման շարժման մէջ ինչքան արցախցիներ են եղել, որովհետեւ Արեւմտեան Հայաստանը Հայաստան է, Արցախը Հայաստան է, ինչքան Հայաստանի Հանրապետութեան տղաներ են զոհւել Արցախի ազատագրման համար, ինչո՞ւ, որովհետեւ Արցախը Հայաստան է, եւ մենք փորձում ենք ինքներս սեպ խրել, ժողովո՛ւրդ, այս ի՞նչ ենք անում մենք»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա նշեց, որ այսօր հերոսներ պէտք է գտնենք․ ազգային տագնապը ազգային ուժերով յաղթահարելու ժամանակն է։

«Եթէ Արցախը փորձի ինքնուրոյն քաղաքականութիւն վարել՝ չենք կարող, ինչի՞ կը հասնենք, մեր արեան մէջ է եղել Մայր Հայաստանին ձուլւելը։ Այս յաղթանակը, այս հերոսների արիւնը այսքան հեշտ կարո՞ղ ենք տալ․ եկէք հաւաքւենք, քննարկենք ու ընտրենք ռազմավարութիւն»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա ընդգծեց, որ պատերազմը պէտք է դիտենք որպէս մարտավարական մի ձեւ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական նպատակը Հայաստան երկրի չլինելն է․ այդպէս փորձեցին 20-րդ դարասկզբին, եւ հիմա, եւ միշտ։

«Շուշիի կրակոցները, եւ Երասխի կրակոցները... Արցախեան պատերազմի ժամանակ դա միշտ եղել է, եւ բնական է, ցանկացած պահի, որ խրամատ են փորում ու կանգնում, նաեւ քաղաքական խրամատ, ապա նորից մտածում են առաջ գնալու մասին»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը Ադրբեջանը յաղթել է եւ առաջադրում է իր պահանջները, թէեւ Ադրբեջանը չի յաղթել, այլ եղել է Թուրքիան եւ նաեւ մեր անկազմակերպւածութիւնը, բայց մենք նոյնը արեցի՞նք 1994 թ.-ին, իհարկէ ոչ, մենք նոյնը արեցի՞նք դրանից յետոյ, իհարկէ ոչ։

«Եթէ դու ուզում ես յաղթել թշնամուդ, նախ մինչեւ պատերազմի սկսւելը պէտք է ուղեղիդ մէջ յաղթես, երբ դու մինչեւ պատերազմը այլ ճանապարհով ես գնում, իսկ թշնամիդ՝ այլ, եւ գիտի քո թոյլ տեղերը, ապա բնական է՝ պարտութիւն ես կրելու։ Այսօր էսկալացիաները լինելու են, կրակոցները լինելու են, ցանկացած պահի՝ երբ թուլանաս, առաջ են շարժւելու։ Այսօր Ադրբեջանը, որ հսկայ գումարներ է դնում պաշտպանութեան վրայ, նորից աւելացրել է գումարները, իսկ մենք բանակը դարձնում ենք մէկ ու կէս տարի»,- նշեց Արմէն Սարգսեանը։

Այս նոյն ժամանակաշրջանում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միասին զօրավարժութիւններ են կատարում, իսկ մենք փորձում ենք սպիտակ դրօշով ներկայանալ իրենց․ «Սրանք լուրջ պայմաններ են, որ մենք պէտք է մեր արտաքին քաղաքականութեան մէջ բեկում մտցնենք, որովհետեւ իրականում այսօր ազգային տագնապ է հայ ժողովրդի համար։ Եւ մենք իրաւունք չունենք այդ տագնապը մեզ վրայ չվերցնել, եւ ամէն մէկս ամէն ինչ չանել՝ դա յաղթահարելու համար»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Երանի մենք կարողանանք միաւորման աւելի բարձր մակարդակի դրսեւորում ցոյց տալ, ասաց նա, եւ ինչո՞ւ չէ՝ ինքն անկեղծ երազում է, որ մենք հայկական բարոյականութեանը յատուկ պետութիւն ունենանք, որ նոյնիսկ փորձեն նմանւել մեզ, որ ունենանք Նախիջեւանի հայկական պետութիւն, Ախալքալաքի հայկական պետութիւն, Արեւմտեան Հայաստանի հայկական պետութիւն, Ղարաբաղի հայկական պետութիւն, յետոյ այդ բոլոր պետութիւնների ղեկավարները հաւաքւեն Շուշիում եւ ազդարարեն անկախ, ազատ եւ միացեալ Հայաստանի ստեղծումը։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։