Հա

Քաղաքական

18/07/2021 - 12:00

«Եթէ Զանգեզուրի հանքավայրը ազգայնացնում ենք, ապա ինչպէ՞ս ենք Ամուլսարինը տալիս օտարերկրացիներին»․ Մարատ Գրիգորեան

Եթէ երկրի քաղաքական իշխանութիւնը ուզում է ազգայնացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ քաղաքական դրդապատճառներով, այդ դէպքում ինչպէ՞ս կարող է հիմնաւորել, որ Ամուլսարի հանքավայրը տալիս են օտարերկրեայ ընկերութիւններին շահագործման համար, անհասանալի է, դա է՞լ պիտի ազգայնացնեն դեռ չշահագործւած՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ աշխարհագրութեան եւ երկրաբանութեան ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորեանը։

«alikonline.ir» - Եթէ երկրի քաղաքական իշխանութիւնը ուզում է ազգայնացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ քաղաքական դրդապատճառներով, այդ դէպքում ինչպէ՞ս կարող է հիմնաւորել, որ Ամուլսարի հանքավայրը տալիս են օտարերկրեայ ընկերութիւններին շահագործման համար, անհասանալի է, դա է՞լ պիտի ազգայնացնեն դեռ չշահագործւած՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ աշխարհագրութեան եւ երկրաբանութեան ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորեանը։

Այնպէս որ, նրա համոզմամբ, այդ հարցում չպէտք է շտապեն իշխանութիւննները, պէտք է լուրջ մասնագէտներ հետ քննարկեն, հետեւութիւն կատարեն, նոր նման քայլերի գնան։ Խօսքը Ազգային ժողովում շրջանառւող օրինագծի մասին է, որը, ըստ իշխանական պատգամաւորների, ՀՀ հանքավայրերը ազգայնացնելու մասին է։ Գործընթացը, ամենայն հաւանականութեամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ զարգացումների ենթատեքստում է, երբ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնից յետոյ, որ բոլոր նրանք, ով կոմբինատի աշխատակիցներին չի թոյլատրել, որ գան իր հանրահաւաքին, մինչեւ յուլիսի 15-ը աշխատանքից ազատւած կը լինեն, որին յաջորդեց յուլիսի 14-ին ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներխուժումը կոմբինատ, ապօրինի հարցաքննութիւններն ու առգրաւումները։

Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի կանգնելուն հաշւած օրեր են մնացել, քանի որ 20 մլն-ից աւելի եկամտից կոմբինատն արդէն զրկւել է, որովհետեւ երկրի քաղաքական իշխանութիւնները, առանց որեւէ պատճառաբանութեան, կոմբինատին արգելում են արտահանել հանքանիւթը, որը բերում է տուգանքների։

«Եթէ սա քաղաքական շոու է, որ տեսէք՝ ինչպէս կը վարւենք մենք, դա նպատակային եւ արդիւնաւէտ չէ եւ յաջողութիւն չի բերի ոչ մի քաղաքական ուժի։ Չպէտք է քաղաքականութիւնը ազդի երկրի տնտեսական զարգացման վրայ»,- ասաց Մարատ Գրիգորեանը։

Նա արձանագրեց, որ հանքարդիւնաբերութիւնը Հայաստանի տնտեսութեան հիմնական ճիւղերից է, որը բաւական եկամուտներ է բերում Հայաստանի տնտեսութեանը։

Իսկ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը խոշորագոյնն է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ տարածաշրջանում։

«Քաղաքական որոշում կայացնելը գործարանի գործունէութեան վերաբերեալ անընդունելի է, խիստ վնասակար Հայաստանի տնտեսութեան համար։ Այդ տեսանկիւնից՝ ինձ համար զարմանալի է, որ քաղաքական վիճակից ելնելով այսօր դադարեցւում է կոմբինատի գործունէութիւնը եւ բաւական վնասներ են կրում ոչ միայն հանքարդիւնաբերութիւնը, այլ նաեւ երկրի տնտեսութիւնը։ Դա լուրջ հետեւանքներ կունենայ ընդհանուր առմամբ»,- ասաց Մարատ Գրիգորեանը։

Այստեղ խօսքը ոչ միայն կոնկրետ Քաջարանի հանքարդիւնաբերութեան վերաբերեալ է, ասաց նա, այլեւ ընդհանրապէս այն մօտեցման վերաբերեալ, որ մենք ունենք հանքավայրերի շահագործման ուղղութեամբ։

«Ընդունել են օրէնքներ, որոնց հիման վրայ կատարւել է հանքավայրերի սեփականաշնորհում, պայմանագրեր են կնքւել համապատասխան միջազգային կազմակերպութիւնների հետ, եւ դրանց հիման վրայ շագաործւում է այս հանքավայրը։ Այլ հարց է, եթէ բացթողումներ կան շահագորման ժամանակ, կամ ոչ արդիւնաւէտ շահագործում կայ, կամ չարաշահումներ կան, դա պետականօրէն համապատասխան օրէնքի համաձայն կարող են ենթարկել պատասխանատւութեան կամ պարտաւորեցնեն շտկել սխալները։ Վերցնել այսօր կամայականօրէն, ելներով այն հանգամանքից, որ ընդդիմադիրներ են որոշ աշխատակիցներ, դա կը վնասի հանրապետութեան միջազգային վարկանիշին այն տեսանկիւնից, որ ոչ մի ներդրող այսուհետեւ չի փորձի ներդրում կատարել Հայաստանում, եթէ այդպիսի կամայական մօտեցում լինի։ Ներդրողների ճնշող մեծամասնութիւնը ելնում է այն պայմաններից, թէ որքանով են պետականօրէն ապահովւած նրանց ներդրումները եւ որքանով են կայուն։ Իսկ նման մօտեցումը կը հակասի այս սկզբունքներին»,- ասաց Մարատ Գրիգորեանը։

Նա յիշեցրեց, որ եթէ ազգայնացման մասին են խօսում, պէտք է հաշւի առնեն, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ բոլոր հանրապետութիւններում հանքավայրերը մասնաւորեցրին, համարեցին, որ դա ամենաարդիւնաւէտ ձեւն է հանքավայրերը շահագործելու համար։

«Մեր պետութիւնում էլ բաւականին բարենպաստ օրէնսդրական պայմաններ ստեղծւեցին հանքավայրերում ներդրողների համար, եւ մեր շատ հանքավայրեր միջազգային տարբեր կազմակերպութիւնների կողմից շահագործւում են, բաւականին շատ եկամուտ են բերում եւ զարգացնում են ինչպէս տնտեսութիւնը, այնպէս էլ աշխատատեղեր են ստեղծում եւ բարձրացնում բնակչութեան կենսամակարդակը։ Սա մեծ հարւած կը լինի մեր հանրապետութեանը»,- ասաց Մարատ Գրիգորեանը։

Կապիտալիզմի սրբութեան սրբոցը մասնաւոր սեփականութիւնն է, նշեց նա, կարելի է պատկերացնել, թէ միջազգային ինչպիսի արձագանգ կը լինի այդ քայլերի հետեւանքով, միջազգային տարբեր կազմակերպութիւններ, որոնք այդ սրբութեան սրբոցի պահապաններն են, ինչպիսի աղմուկ կը բարձրացնեն ամբողջ աշխարհով եւ ինչպէս Հայաստանի Հանրապետութեան վարկանիշը կընկնի։

«Հապճեպ որոշումը, ելնելով միայն քաղաքական դրդապատճառներից, խիստ վտանգաւոր է, հակաազգային է, հակապետական է։ Նման մօտեցում չպէտք է լինի։ Այդքան արագ ազգայնացնելը նոյնպէս անթոյլատրելի է, նման հարցերը պէտք է լուրջ քննարկումներ անցնեն տարբեր մասնագէտների, տնտեսագէտների կողմից, եւ յանգեն եզրակացութեան՝ իրօ՞ք հանքավայրի մասնաւոր շահագործումը երկրի շահերին վնաս է, թէ՞ օգուտ է, սա լաւագո՞յն, թէ՞ վատագոյն ձեւն է հանքավայրերի շահագործման, որ մենք ընտրել ենք։ Այսօր աշխարհով մէկ այդ ձեւն է ընդունւած՝ մասնաւորեցնել հանքավայրի շահագործումը, եւ դա կիրառւել է նաեւ Հայաստանի պայմաններում»,- ասաց երկրաբանը։

Վերցնել եւ յախուռն կերպով որոշում կայացնել քաղաքական դրդապատճառներով՝ մենք ազգայնացնում ենք, որ որոշակի մարդկանց զրկենք այդ սեփականութիւնից, նշեց նա, անընդունելի կը լինի նաեւ միջազգային առումով՝ խիստ մեծ է լինելու պատասխանատւութիւնը, որի տակից ՀՀ-ն շատ դժւարութեամբ կը կարողանայ դուրս գալ, եւ հեռու կը պահի բոլոր տեսակի ներդրողներից ՀՀ։

«Առանց այդ էլ 44-օրեայ պատերազմի հետեւանքով շատ հանքավայրեր յայտնւել են Ադրբեջանի տարածքում՝ բռնազաւթւած ադրբեջանական իշխանութիւնների կողմից, եւ մենք չենք կարողանում մաքսիմալ շահագործել դրանք՝ Սոդքի հանքավայրը, տարբեր տարածքներում հանքավայրեր, այնպէս որ, այդ հարցում պէտք է խիստ զգոյշ լինել, քաղաքական հարցերը թողնել մի կողմ եւ մտածել երկրի զարգացման մասին»,-ընդգծեց Մարատ Գրիգորեանը։

Ինչպէ՞ս ստացւեց, որ Սոդքի հանքավայրը, որը ստեղծման օրւանից երբեք չէր շահագործւել Ադրբեջանի կողմից, այդքան հեշտ զիջեցինք Ադրբեջանին․ Մարատ Գրիգորեանը նկատեց՝ իսկ ի՞նչը մենք այդքան հեշտութեամբ չենք զիջել, ամբողջ Արցախի Հանրապետութեան մի հատւածը, այսօր ադրբեջանցի զինւորը ՀՀ տարածքում է՝ մեր տարածքները բռնազաւթւած են, այնպէս որ, եկէք չխօսենք այդքան հեշտ տալու մասին։

«Փաստերը ցոյց են տալիս, որ մենք այսօր աւելի շատ ենթարկւում ենք ադրբեջանական իշխանութիւնների ոճրագործ պահանջներին, քան կարողանում ենք պահպանել մեր ինքնավարութիւնը, մեր անկախութիւնը, մեր ազատութիւնը։ Սա է ցաւալի»,- ասաց նա։

Մենք վտանգի ենթարկեցինք մեր շատ ջրային աղբիւրներ, նշեց երկրաբանը, որոնք ընկած էին Քարվաճառի տարածքում կամ սահմանի վրայ են ընկած, այժմ ռիսկային է այդ ջրերը անվտանգ օգտագործելը՝ յատկապէս Որոտան գետինը, որին սնման աղբիւրները նոյնպէս Քարվաճառի որոշ տարածքներում են։

«Ռիսկային կարող է լինել, եթէ ադրբեջանցիները ցանկանան վերին հոսանքներում փոխել գետի հուների ուղղութիւնը, չարամտօրէն որոշ պահի փոխել ջրի քիմիական կազմը, ախտոտել կամ թունաւորում կատարել․ Ադրբեջանի նման թշնամուց ամէն ինչ սպասելի է»,- ասաց Մարատ Գրիգորեանը։

Նա նաեւ ընդգեց, որ ԼՂՀ ազատագրւած տարածքները մեծ պոտենցիալ ունէին Հայաստանի տնտեսութեանը օգնելու համար։ Այնտեղ ե՛ւ հանքավայրերի առկայութիւն էր, ե՛ւ հողերի որակը գիւղատնտեսական առումով, այնպէս որ, ոչ միայն Արցախի ինքնաբաւութեան առումով էին կարեւոր այդ տարածքները, որոնք այսօր յանձնեցինք Ադրբեջանին, այլեւ մեծ եկամուտներ էր բերում Հայաստանի տնտեսութեան զարգացմանը։

Արցախի, այժմ արդէն օկուպացւած տարածքները, մեծ օգնութիւն էին Հայաստանի տնտեսութեան զարգացման համար ե՛ւ բնական ռեսուրսներով, ե՛ւ օգտակար հանածոներով, ե՛ւ ջրային պաշարներով, այնպէս որ, դա, Մարատ Գրիգորեանի հաւաստմամաբ, մեծ կորուստ է եւ տնտեսական մեծ հարւած Հայաստանի համար։ Մենք այդ հարւածը կը տեսնենք առաջիկայում, երբ կը հասկանանք՝ ինչքան մեծ եկամուտներից մենք զրկւեցինք կորցնելով Արցախի Հանրապետութեան այն ժամանակւայ կարգավիճակը եւ ստանալով այսօրւայ կարգավիճակը, որը ոչինչ չի տալիս մեզ։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։