Հա

Քաղաքական

18/07/2021 - 12:40

Ադրբեջանն ուզում է ՀՀ-ից կրճատել արտաքին աշխարհին կապող կենսական տեղանքները

Եթէ ՀՀ իշխանութիւնները ժամանակին կնքած լինէին Արցախի հետ ռազմավարական դաշինքը՝ դրանով իրաւական նոր որակ տալով երկու հայկական պետութիւնների յարաբերութիւններին, արդեօ՞ք այն կարող էր հակակշիռ համարւել «Շուշիի հռչակագրին»:

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ, պատմաբան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանը նշեց, որ երկուսն էլ ուղղւած են տւեալ ժողովուրդների շահերին, այլ հարց է, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի հիմքը ՀՀ-ի եւ Արցախի անկախութեան հռչակագրերն էին: 

«alikonline.ir» - Յունիսի 15-ին հայկական Շուշի քաղաքում, որն այժմ գտնւում է ադրբեջանական վերահսկողութեան տակ, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը»:

Էրդողանը նշել էր, որ երկու պետութիւնների համար այն շատ կարեւոր ճանապարհային քարտէզ է, որտեղ ներառւած հարցերը ոչ միայն երկու պետութիւններին են վերաբերում, այլեւ՝ տարածաշրջանին:

Իր հերթին՝ Ալիեւը յայտարարել էր, որ հռչակագիրը յենւում է Կարսի պայմանագրի վրայ:

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը Հռչակագիրը դատապարտող յայտարարութիւն էր տարածել՝ ընդգծելով, որ այն յստակ մատնանշում է Արցախի Հանրապետութեան դէմ 44-օրեայ ագրեսիա իրականացրած երկու պետութիւնների դաշինքն ընդդէմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան եւ ցեղասպանութիւն վերապրած աշխարհասփիւռ հայ ժողովրդի իրաւունքների։

Նշենք, որ տարիներ շարունակ Դաշնակցութիւնը պնդում էր, որ պէտք է Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք ստեղծւի, որը կարող է միջանկեալ տարբերակ համարւել Հայաստանի կողմից Արցախի անկախութեան ճանաչման՝ ապահովելով ՀՀ-ի իրաւական ներկայութիւնն Արցախում:

Արդեօ՞ք Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը կարող էր հակակշիռ լինել «Շուշիի հռչակագրին»:

Եթէ ՀՀ իշխանութիւնները ժամանակին կնքած լինէին Արցախի հետ ռազմավարական դաշինքը՝ դրանով իրաւական նոր որակ տալով երկու հայկական պետութիւնների յարաբերութիւններին, արդեօ՞ք այն կարող էր հակակշիռ համարւել «Շուշիի հռչակագրին»:

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ, պատմաբան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանը նշեց, որ երկուսն էլ ուղղւած են տւեալ ժողովուրդների շահերին, այլ հարց է, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի հիմքը ՀՀ-ի եւ Արցախի անկախութեան հռչակագրերն էին: Այսինքն, գլխաւոր շեշտադրումը Արցախի ժողովրդի ազատ կամարտայայտման եւ ինքնորոշման իրաւունքն էր, ճանապարհների բաց լինելը, միջազգային հարթակում Արցախի հանդէս գալը, տարածքային խնդիրներ առաջնային կերպով չէր դրւում:

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին հռչակագիրն առաջարկում էր, որ երկու հայկական պետութիւնների գործադիր մարմինները միասնական գործեն եւ իրաւական հող նախապատրաստէին այդ ամբողջ գործընթացի համար: Իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքւած «Շուշիի հռչակագիրը» Թուրքիայի անմիջական աջակցութիւնն է Ադրբեջանին, որի խորքային եւ հիմնական նպատակը պանթուրքական ծրագրի կեանքի կոչելն է: Եւ պատահական չէր, որ ստորագրման վայրը հէնց Շուշին էր ընտրւել. այն ադրբեջանաթուրքական տանդեմը ցանկանում է վերածել պանթուրքիզմի մայրաքաղաքի, ընդ որում՝ Արցախի սրտում: Այս ամենի նպատակը եւ յաւակնութիւնները շատ աւելի հեռուն են գնում՝ տարածւել մինչեւ Կենտրոնական Ասիա: Բայց «Շուշիի հռչակագիրը» առաջին հերթին հայութեան դէմ ուղղւած քայլ է, եթէ մի կողմ թողնենք, այսպէս ասած, երկրորդական նպատակները: Այս հռչակագրով եւ այն Շուշիում ստորագրելով՝ փորձ արւեց ցոյց տալ, որ այլեւս չկայ Արցախի հարց, եւ որ իւրաքանչիւր փոփոխութիւն հակազդեցութիւն է ունենալու նաեւ Թուրքիայի կողմից: Այսինքն, «Շուշիի հռչակագրով» Թուրքիան բացայայտ կերպով յայտնեց իր հովանաւորութիւնը Ադրբեջանին: Ինչ վերաբերում է հարցին, որ եթէ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին փաստաթուղթը ժամանակին կնքած լինէինք, ինչ իրավիճակ կունենայինք, ապա նախ պէտք է նայել ներկայ վիճակին. այսօր ՀՀ-ն փաստօրէն ոչ մի երաշխաւորի եւ ազդեցութիւն ունեցողի դերակատարում չունի Արցախի հարցում, քանի որ նոյեմբերի 9-ի ստորացուցիչ համաձայնագրով մենք, կարելի է ասել, այդ ամէնը զիջեցինք: Եւ այսօր Արցախի անվտանգութեան երաշխաւորը հանդիսանում է ՌԴ-ն՝ իր խաղաղապահ ուժերով»,- նշեց ռազմական հարցերով փորձագէտը՝ յիշեցնելով, որ սա ժամանակաւոր բնոյթ է կրում:

Խախտւել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը. ադրբեջանցիներին զիջւեցին ահռելի մեծ տարածքներ

Արթուր Եղիազարեանը դիտարկմամբ, Արցախի 75 տոկոս տարածքների կորուստի դէպքում, այսօր քննարկումը մնացած տարածքների շուրջ է լինելու, մինչդեռ հայկական կողմը կարծես թէ ձեռքերը լւացել է:

«Մենք պէտք է կարողանանք առնւազն ԼՂՒՄ-ի տարածքների մասով հարցադրումներ դնել: Միւս կողմից, նոյեմբերի 9-ի համաձայնագրի կէտերն անգամ ամբողջութեամբ չեն պահպանւում Ադրբեջանի կողմից, մասնաւորապէս, ռազմագերիների հետ կապւած: Երկրորդ՝ այդ հրադադարի յայտարարութեան ստորագրումից յետոյ խախտւել են շատ կէտեր, քանի որ համաձայնագրի առաջին կէտում ասւում է, որ «Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Եւ եթէ այնտեղ մի քանի շրջանների՝ Աղդամի, Քարվաճառի հետ կապւած կոնկրետ ժամանակացոյց կայ ֆիքսւած, ապա դէպի Սիւնիք հատւածի հետ կապւած այդ յայտարարութեան պայմանները չյարգւեցին, եւ ադրբեջանցիներին զիջւեցին ահռելի մեծ տարածքներ՝ Կովսականից սկսած մինչեւ Բերձորի հատւած եւ այլն, որոնք համաձայնագրով նախատեսւած չէին: Անհասկանալի էր նաեւ Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի հյանձնումը»,- ընդգծեց պատմաբանը՝ յաւելելով, որ Հայաստանն այս պայմաններում չի կարող հանդէս գալ՝ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր, եւ, որ Արցախի կարգավիճակի ապագան ճշգրտւած չէ:

Այս համատեքստում Արթուր Եղիազարեանը յիշեցրեց թուրքական առաջխաղացումներն արդէն ՀՀ տարածքում. ադրբեջանական մօտ 1000 զինծառայող, 2 ամիս է՝ գտնւում է ՀՀ ինքնիշխան տարածքում, եւ Ադրբեջանը բացայայտ իր յաւակնութիւնների մասին է խօսում ոչ միայն այդ տարածքի, ոչ միայն Տաւուշի հետ կապւած, այլ ամենաբարձր մակարդակով ամբողջ Սիւնիքի՝ այն անւանելով «Արեւմտեան Զանգեզուր»: Իսկ վարչատարածքային նոր բաժանման արդիւնքում Ադրբեջանը ստեղծել է «Արեւելեան Զանգեզուրի» եւ «Ղարաբաղի» տնտեսական գօտիներ:

«Մենք բազմաթիւ խօսակցութիւններ ենք լսում նաեւ Տիգրանաշէնի հետ կապւած, եւ տեսնում ենք, որ այդ հատւածում ռազմական առումով գործընթացներ են գնում: Այս ձեւով Ադրբեջանը փորձում է ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրայ՝ իր յաւակնութիւնների մասին յայտնելով նաեւ Երեւանի հետ կապւած: Մենք տեսնում ենք, որ մայրաքաղաքից 50 կմ-ի վրայ թշնամու կրակոցների ձայներ են լսւում: Սա պէտք է բարձրացնի մեր զգօնութիւնը, որովհետեւ թուրքը միայն չի յոխորտում, այլ, ինչպէս տեսանք՝ ինչ ասել են, գործնականում կիրառել են»,- շեշտեց Արթուր Եղիազարեանը՝ նշելով, որ նախքան պատերազմը նմանօրինակ զգուշացումներ եղել են, եւ մեր անգործութեան պատճառով ունեցանք Արցախի 75 տոկոսի կորուստ:

Ադրբեջանը Շուշին վերածում է ռազմական յենակէտի՝ Ստեփանակերտի գլխին կախւած

Ադրբեջանը վերջին շրջանում կարծես թէ թիրախաւորել է նաեւ Շուշին՝ պարբերաբար ապատեղեկատւութիւն տարածելով, թէ իբր Շուշիի մատոյցներում տեղակայւած ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ ՊԲ ստորաբաժանումները կրակոցներ են արձակել: Մինչդեռ Շուշիի մօտակայքում հէնց ադրբեջանական կողմից են կրակոցներ արձակւում: Ի դէպ, այս համատեքստում Ադրբեջանը «մեղադրանքներ» է հասցէագրում նաեւ ռուսական կողմին:

Ի՞նչ խնդիր է փորձում Ադրբեջանը սրանով լուծել, արդեօ՞ք սա Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութիւն սահմանելու նկրտումների շրջանակում է, կամ՝ արդեօ՞ք Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ Շուշիի համար պայքար կայ:

«Իհարկէ, ադրբեջանցիները փորձելու են ամէն հնարաւոր տարբերակ: Այսօր Շուշիում չկայ բնակչութիւն, անգամ ժամանակին Շուշիում ծնւած ադրբեջանցիներին չի թոյլատրւում վերադառնալ Շուշի: Այսինքն, Շուշին Ադրբեջանը վերածում է ոչ թէ բնակութեան համար քաղաքի, այլ ռազմական յենակէտի՝ Ստեփանակերտի գլխին կախւած, թէպէտ ցուցադրական ներկայացւում է՝ որպէս զուտ պանթուրքական նպատակների կենտրոն: Բացի այս, պէտք է հաշւի առնել, որ Արցախի՝ հայկական մնացած հատւածի միակ ճանապարհն անցնում է Շուշիի տակով: Այսինքն, մի բարակ «թելիկ» է: Պատկերացրէք, որ ռազմական գործողութիւնների սկսման դէպքում անհնարին է դառնալու այդ ճանապարհով շարժը: Եթէ այս պահին որոշակի երաշխիքներ կան ռուս խաղաղապահների ներկայութեան պարագայում, ապա եթէ իրավիճակ փոխւի, եւ խաղաղապահները դուրս գան, կամ չյարգւի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, եւ ռազմական գործողութիւններ սկսւեն, ստացւում է՝ Արցախի հայկական մնացած հատւածն իր բնակչութեամբ, կարելի է ասել, գերու վիճակում է յայտնւելու»,- ասաց Եղիազարեանը:

Նշենք, որ Ադրբեջանում սկսւել է թունելների կառուցումն Ահմեդբէյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբէյլի-Վարանդա-Շուշի) աւտոմոբիլային ճանապարհի վրայ:

Արդեօ՞ք սա յուշում է, որ Ադրբեջանն իրապէս պատրաստւում է պատերազմի, չնայած որ Արցախի 75 տոկոս տարածքի վրայ վերահսկողութիւն ունի:

Ռազմական փորձագէտը հաստատեց՝ միանշանակ:

Ադրբեջանն ուզում է ՀՀ-ից կրճատել արտաքին աշխարհին կապող տեղանքները

Ըստ նրա՝ ՀՀ իշխանութիւնները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ եւ լուրջ ընդունել թուրքերի վերջնական նպատակը՝ հայութեան դուրսմղումն իր բնօրրանից:

«Արցախն էր ՀՀ-ի անվտանգութեան երաշխիքն այս առումով: Եւ կորցնելով Արցախը՝ տեսնում ենք՝ ՀՀ սահմաններին ինչ է կատարւում, ինչ յաւակնութիւններ ունի թշնամին: Ցանկացած բարենպաստ պայմանում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է վերջնականորեն վերացնել հայկական պետականութիւնը, կամ կրճատել, վերցնել ռազմավարական, կենսական նշանակութեան այն տեղանքները՝ Գեղարքունիքի արեւելեան կողմը, Սիւնիքի հատւածը, Տաւուշի գիւղերը, որոնց միջոցով ՀՀ-ն այսօր կապւում է արտաքին աշխարհի հետ: Այսինքն՝ կտրել ՀՀ-ի՝ արտաքին աշխարհի հետ կապը եւ թողնել այնպիսի Հայաստան, որն իրենցից կախման մէջ կը լինի»,- շարունակեց Արթուր Եղիազարեանը՝ լրացնելով, որ թուրքն ուզում է մեզ դուրս մղել մերձաւորարեւելեան տարածաշրջանից, եւ սրանից ելնելով՝ հնարաւոր են մարտական լոկալ գործողութիւններ ՀՀ սահմանային հատւածներում, այդ թւում՝ Նախիջեւանի հատւածում:

Թէ ո՞ր երկրին կարող ենք վստահել եւ ապաւինել այս դէպքում՝ Իրան, Չինաստան, Արթուր Եղիազարեանն ասաց, որ նախ պէտք է յստակեցնենք՝ մենք ինչ ենք ուզում, ինչպէս ենք ընկալում աշխարհը: Իհարկէ, ըստ նրա, պէտք է ճանապարհներն աշխատեն, ինչը բխում է ե՛ւ մեր, ե՛ւ այլ երկրների շահերից, բայց հարց է՝ ինչի հաշւին: Դրա համար ՀՀ-ն պէտք է վերածւի գործօնի, քանի դեռ սա չկայ, ամէն մէկն իր շահերից է մեզ մօտենալու, իսկ մենք վերածւելու ենք զուտ կենսաբանական տարածքի, որի հետ հաշւի ոչ ոք չի նստելու:

«Աշխարհում չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ, կան շահեր ունեցողներ, եւ իւրաքանչիւրը գործում է՝ իր շահից ելնելով: Այսինքն, մենք պիտի դառնանք այնպիսի գործօն, որ կարողանանք մեր շահը ձեւակերպել այդ ուժեղ խաղացողների շահերի շրջանակում, որ նրանք էլ հասկանան՝ ինչը մեզ համար շահեկան է, շահեկան է նաեւ իրենց համար»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սրա համար ուժեղ իշխանութիւն եւ երկիր պէտք է ունենալ:

 

Մարիամ Պետրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։