Հա

Քաղաքական

18/07/2021 - 12:50

«Նախ մենք պէտք է ԱԳՆ ունենանք, որպէսզի որեւէ բան ակնկալենք». իրանագէտ

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռէյիսին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարութեանը շնորհակալութիւն է յայտնել Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ շնորհաւորելու համար. Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալութիւն յայտնել Փաշինեանին ու Ալիեւին:

«alikonline.ir» - Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռէյիսին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարութեանը շնորհակալութիւն է յայտնել Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ շնորհաւորելու համար. Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալութիւն յայտնել Փաշինեանին ու Ալիեւին:

«Ընդհանուր մարտահրաւէրներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցութեան խորացումը՝ յանուն տարածաշրջանում խաղաղութեան ապահովման եւ կայունութեան պահպանման: Յուսով եմ՝ առաջիկայ ժամանակահատւածում կը կարողանանք սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցութեան հիմքերի ամրապնդման ուղղութեամբ»,- Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին ուղղւած իր շնորհակալական խօսքում նշել է Ռէյիսին:

Բաքւի բռնապետ Իլհամ Ալիեւին ուղղւած իր ուղերձում, սակայն, Իրանի նորընտիր նախագահը շօշափել է մեր պետութեան համար չափազանց զգայուն հարցեր. Իրանի նախագահը շնորհաւորել է Ադրբեջանի նախագահին «օկուպացւած տարածքների ազատագրման կապակցութեամբ»:

Ի դէպ, այս յայտարարութեան առնչութեամբ Հայաստանի Հանրապետութիւնից պաշտօնական մեկնաբանութիւններ ու պատասխաններ դեռեւս չեն հնչեցւել:

Արդեօ՞ք այս ձեւակերպումներով Իրանի նորընտիր նախագահը չի խախտում հաւասարակշռութիւնը տարածաշրջանում՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ իրանագէտ Վարդան Ոսկանեանը յիշեցրեց.

«Իրականում իրանցիները միշտ խօսել են տարածքային ամբողջականութեան մասին. դա վերաբերում է անխտիր բոլոր խնդիրներին: Ցաւօք սրտի, այժմ արդէն խօսում են նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան կողմնակից լինելու մասին. նման յայտարարութիւններ եղել են ամենաբարձր մակարդակով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հանդէպ դիրքորոշումներին, ապա իրանական կողմից հնչող այդ յայտարարութիւնները ցուցիչ եւ ուղերձներ են Հայաստանի Հանրապետութեանը առ այն, որ եթէ Հայաստանում դեռեւս իշխանութեան է մի վարչակարգ, որը, ըստ էութեան, Արցախից զգալի հատւածներ է զիջել Ադրբեջանին, խաթարել է Հայաստանի անվտանգութիւնը բազմաթիւ հատւածներում, ու այդ իշխանութիւնը ստանում է ձայներ, այսինքն՝ նրան ընտրում են, ապա իրանցիները որեւէ պատճառ չեն տեսնում Ադրբեջանի հետ իրենց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտօնակատարին ուղղւած ուղերձի շեշտադրումներին՝ իրանագէտն առանձնացրեց «համատեղ մարտահրաւէրների» մասին յիշատակումը՝ նկատելով. «Եթէ փակագծերը բացենք, ապա դա նշանակում է՝ մի կողմից, այո՛, իրանցիները խօսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան վերականգնման մասին, միւս կողմից՝ դա համարում են մարտահրաւէր: Այսինքն՝ իրանական դիւանագիտութիւնն աշխատում է երկու կողմերի հետ էլ:

Այս համատեքստում այլ խնդիր էլ ունենք՝ Հայաստանի կողմից ինչպիսի՞ աշխատանք է տարւում Իրանի եւ միջազգային հանրութեան հետ: Կարծում եմ՝ այդ աշխատանքները չի կարելի բաւարար գնահատել, ուստի սպասել, թէ ինչ-որ պրոհայկական դիրքորոշումներ կը հնչեն, տեղին չէ. իրանական կողմից որեւէ պարագայում նման դիրքորոշումներ չեն հնչի, եթէ մենք չիրականացնենք մեզ հասանելիք աշխատանքները՝ Իրանի ներսում ստեղծելով հասարակական տարբեր շերտերի եւ քաղաքական վերնախաւերի մէջ պրոհայկական կողմնորոշում ունեցող անձանց եւ խմբերի զգալի ներկայութիւն: Պրոհայկական ասելով՝ նկատի ունեմ այն խնդիրները, որոնք վերաբերում են նաեւ Արցախի եւ համատեղ մարտահրաւէրներին դիմակայելուն, իսկ Արցախում ի յայտ են եկել հէնց նման մարտահրաւէրներ. խօսքը թէ՛ այդ տարածքներում ահաբեկիչների հնարաւոր ներկայութեան մասին է, ինչը կարծեք լիովին մոռացութեան է մատնւել, թէ՛ Ադրբեջանում եւ Արցախից բռնազաւթւած հատւածներում թուրքական ներկայութեան ամրապնդման մասին, եւ թէ՛ այն մասին, որ Թուրքիան շատ դէպքերում ներկայանում է՝ որպէս մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործակատար:

Այս բոլոր խնդիրներով Իրանի հետ պէտք է տարւեն աշխատանքներ, ու նաեւ այն խնդիրներով, որոնք թւում է՝ առաջին հայեացքից ունեն տնտեսական նշանակութիւն, բայց նաեւ՝ աշխարհաքաղաքական եւ անվտանգային կարեւորութիւն. խօսքը Պարսից ծոցը Սեւ ծովին միացնող միջանցքի աշխատանքների մասին է»:

Վարդան Ոսկանեանը համոզւած է՝ մեզ համար ոչ հաճոյ յայտարարութիւնների պատճառներն առաջին հերթին պէտք է փնտրել մեզանում, ապա հասկանալ, թէ ինչու են արտաքին տարբեր խաղացողներ նման կերպ վարւում.

«Օրինակ, թւում է տարօրինակ, թէ ինչու Յունաստանի դեսպանը պէտք է այցելի Ադրբեջանի կողմից ժամանակաւորապէս բռնազաւթւած Շուշի, բայց այստեղ առաջին հերթին մենք պէտք է նայենք մեր մէջ. այդտեղ երկու խնդրի ականատեսը կը լինենք՝ մէկը, որ Յունաստանի հետ չեն տարւել անհրաժեշտ ծաւալի եւ մակարդակի աշխատանքներ, միւսը, կրկնեմ, համաշխարհային հանրութիւնը դիտարկում է, թէ ինչպիսի ուղերձներ են գալիս Հայաստանից, իսկ այդ ուղերձները բաւական յստակ մատնանշում են, որ Հայաստանն իր ամբողջութեան մէջ (թէեւ նոյնիսկ առանձին խոշոր խմբեր կան, որոնք չեն կիսում այս տեսակէտները եւ պայքարում են սեփական տեսակէտների համար) ընտրելով այսօրւայ իշխանութիւններին՝ մէկ անգամ եւս ուղերձ է յղում աշխարհին, որ իրեն քիչ է հետաքրքրում Հայաստանի անվտանգութիւնը, Արցախի հիմնախնդիրն ու, ընդհանրապէս, անվտանգային միջավայրին առնչւող հարցերը, ուստի միջազգային հանրութիւնն էլ այս ուղերձն ընդունում է եւ, ինչպէս ասում են, չի ցանկանում վատամարդ դառնալ Ադրբեջանի հետ»,- յիշեցրեց մեր զրուցակիցը:

Հարցին, թէ այս առնչութեամբ ԱԳՆ-ի կողմից ինչ-որ յայտարարութիւն կամ պատասխան ակնկալել պէ՞տք է՝ իրանագէտը պատասխանեց. «Ընդհանրապէս, մենք պէտք է նախ ունենանք ԱԳՆ, որպէսզի որեւէ բան ակնկալենք, եւ, առհասարակ, պէտք է ունենանք պետական կառավարման յստակ աշխատող համակարգ, որպէսզի կարողանանք որեւէ գործողութիւն ձեռնարկել: Ցաւալիօրէն, ԱԳՆ գոյութիւն չունի արդէն երկար ժամանակ, եւ, հետեւաբար, տարբեր գործողութիւններ ակնկալելն անտեղի է:

Եւ յետոյ՝ ի՞նչ յայտարարութիւն պէտք է ընդունի, եթէ Հայաստանում բազմաթիւ անձինք, ցաւով պէտք է նշեմ, նաեւ ինչ-որ տեղ վրդովմունքով, համարում են, որ Շուշին իբրեւ թէ ադրբեջանական քաղաք է, եւ, ըստ էութեան, կիսում են ադրբեջանական դիրքորոշումները»:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։