Հա

Քաղաքական

19/07/2021 - 10:16

«Պուտինի նախապատրաստելը մեզ ցաւոտ զիջումների, նշանակում է, որ Սիւնիքիով անցնող ճանապարհը այսպէս, թէ այնպէս լինելու է՝ սահմանազատման աշխատանքներին զուգահեռ»․ Սուրէն Սարգսեան

Սիւնիքով անցնող միջանցքը (ճանապարհը), որով Ադրբեջանը պէտք է կապւի Նախիջեւանի՝ հետեւապէս նաեւ Թուրքիայի հետ, տարածաշրջանային անվտանգութեան տեսանկիւնից լուրջ ազդեցութիւն է ունենալու: Այստեղ ամենակարեւորն այն է, թէ ով է լինելու այս միջանցքի անվտանգութեան երաշխաւորը: Հազիւ, թէ մենք լինենք: Կամ ռուսներն են լինելու, կամ թուրքերը: Ու, քանի որ այս միջանցքը դեռ չկայ, կարծում եմ դեռ չկայ վերջնական պայմանաւորւածութիւն, թէ ում զօրքն է դա անելու:

«alikonline.ir»- Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է Սիւնիքի միջանցքի թեմային։ Գրառման մէջ ասւում է․

«Սիւնիքի միջանցքի (ճանապարհի) մասին

Սիւնիքով անցնող միջանցքը (ճանապարհը), որով Ադրբեջանը պէտք է կապւի Նախիջեւանի՝ հետեւապէս նաեւ Թուրքիայի հետ, տարածաշրջանային անվտանգութեան տեսանկիւնից լուրջ ազդեցութիւն է ունենալու: Այստեղ ամենակարեւորն այն է, թէ ով է լինելու այս միջանցքի անվտանգութեան երաշխաւորը: Հազիւ, թէ մենք լինենք: Կամ ռուսներն են լինելու, կամ թուրքերը: Ու, քանի որ այս միջանցքը դեռ չկայ, կարծում եմ դեռ չկայ վերջնական պայմանաւորւածութիւն, թէ ում զօրքն է դա անելու:

1. Բնականաբար թուրքերն ուզում են իրենց ճանապարհը իրենք տիրութիւն անեն, ազդեցութիւն ձեռք բերել Հայաստանում, հիւսիս-հարաւ տեղաշարժը ամբողջապէս վերահսկեն, կախւածութեան մէջ առնեն Իրանին:

2. Ռուսներն էլ ցանկանում են պահպանել ճանապարհի նկատմամբ՝ հետեւաբար նաեւ թուրք-ադրբեջանական համագործակցութեան նկատմամբ վերահսկողութիւն եւ որոշակիօրէն ամրապնդեն իրենց դիրքերը:

3. Թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը Հայաստանի նկատմամբ (սահմանային միջադէպեր, Ալիեւի յայտարարութիւններ) նրա համար են, որպէսզի Հայաստանն արագ գնայ զիջման, քանի դեռ թոյլ է:

4. Պուտինի նախապատրաստելը մեզ ցաւոտ զիջումների, նշանակում է, որ ճանապարհը այսպէս, թէ այնպէս լինելու է՝ սահմանազատման աշխատանքներին զուգահեռ:

Միաժամանակ, կարծում եմ ռուսներն էլ դեռ ժամանակ են փորձում շահել, հաշւի առնելով իրենց սեփական խնդիրները: Բարդ է նոյնիսկ Ռուսաստանի պէս գերտէրութեան համար սպասարկել Եւրոպայում, Ուկրայինայում, Բելառուսում, Վրաստանում, Արցախում, Մերձաւոր Արեւելքում, Միջին Ասիայում եւ այլ վայրերում իրենց շահերը: Տեղ-տեղ պէտք է սպասել, տեղ-տեղ էլ տակտիկական նահանջ կազմակերպել: Ու այս ամէնը տնտեսական խնդիրների եւ ներքաղաքական լարւածութեան ֆոնին:

5. Ես չեմ բացառում, որ պայմանաւորւածութեան արդիւնքում լինեն թուրքերը, քանի որ իրենք, ի տարբերութիւն ռուսների, պատերազմից յետոյ զինւած ներկայութիւն չունեցան տարածաշրջանում՝ չնայած մեծ ցանկութեանը: Միգուցէ այստեղ էլ իրենք լինեն, որպէսզի բալանսաւորեն նաեւ ռուսների ներկայութիւնը»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։